Երկընտրանք, որի տարբեր կողմերում լրագրողն է ու հոգեգալստականը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 23, 2011 16:43

Հայաստանի հելսինկյան կոմիտեն հանդես է եկել Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպանությամբ: Նա մեղադրվում է  «Շանթ» հեռուստաընկերության լրագրողներ Արփի Սուքիասյանի և Էդուարդ Պետրոսյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելու համար:

2010 թ. նոյեմբերի 8-ին Սևան քաղաքում մի երիտասարդ սպանել էր իր ծնողներին, և մամուլում տարածվել էր, որ նա Եհովայի վկա է: «Շանթ» հեռուստաընկերության լրագրողներն այդ փաստը ճշտելու նպատակով մեկնել են Սևան և ցանկացել են մուտք գործել հոգեգալստականների հավաքատեղի, իսկ նրանց հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասարյանը թույլ չի տվել:

Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, որը ստանձնել է Բաղդասարյանի պաշտպանությունը,  ասում է, որ շենքը, որտեղ լրագրողներն ուզեցել են նկարահանումներ անել, մասնավոր սեփականության տարածք է, պատկանում է  երեք անձի, իսկ մասնավոր տարածքում նկարահանման իրավունք կարելի է ունենալ միայն սեփականատիրոջ թույլտվությամբ:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին, իսկ քրեական գործ հարուցվել է դեկտեմբերի 24-ին: Վլադիմիր Բաղդասարյանը գործով վկա է եղել, այնուհետև 2011 թ. փետրվարի 15-ին նախաքննությունն ավարտվել է,  և որոշում է կայացվել նրա նկատմամբ մեղադրանք առաջադրել: Գործով վկա Բաղդասարյանը չի հարցաքննվել և գործի նյութերին չի ծանոթացել:

Ռևազյանն ասաց, որ իրենք բազմաթիվ միջնորդություններ են ուղարկել քննչական բաժին՝ գործին ծանոթանալու համար, սակայն դատարանը, հաշվի չառնելով իրենց միջնորդությունները, գործն ուղարկել է դատարան:

Հեռուստաընկերության լրագրողներին ներկայացնող փաստաբան Արամ Կարախանյանն «Անկախին» ասաց, որ գործին ծանոթանալու որևէ դժվարություն իրենք չեն ունեցել, և չի կարող ընկալել այն տրամաբանությունը, թե ինչու պիտի Հելսինկյան կոմիտեին մերժեին: «Մեր լիազոր ներկայացուցիչը գնացել  և պատճենել է  20-130 էջանոց քրեական գործը»,- ասաց նա:

Գործը գտնվում է Սևանի քննչական բաժնի վարույթում,  քննիչ Ա. Մարտիրոսյանի մոտ:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ  «Շանթ» հեռուստաընկերության լրագրողներն այնտեղ գնացել են  Հայ առաքելական եկեղեցու սպասավորի առաջնորդությամբ, և գնացել են` հատուկ բացասական լույսի տակ ներկայացնելու կրոնական կազմակերպության գործունեությունը:

Կարախանյանն ասաց, որ լրագրողները Սևանում անցորդներից հետաքրքրվել են, թե որտեղ է հոգեգալստականների հավաքատեղին, և նրանց ուղղորդել են դեպի նախկին կինոթատրոնի շենք: «Լրագրողները միացված տեսախցիկով մուտք են գործել շենք և բարձրացել 2-րդ հարկ,- ասաց փաստաբանը,- նրանց ընդառաջ է եկել հոգեգալստականը և կամաց ձայնով ինչ-որ բան է ասել, որից հետո ապտակել է օպերատորին: Տեսախցիկն արձանագրել է քաշքշուկն ու ապտակի կադրը»: «Շանթ» հեռուստաընկերությունը այս  տեսագրությամբ նյութ է հեռարձակել, որի հիման վրա էլ դատախազությունը գործ է հարուցել:

Իշխանյանի  խոսքով` սա  սարքովի գործ է, որի ենթատեքստում կրոնական կազմակերպությունների նկատմամբ  խտրականության հերթական դրսևորումն է: «Լրագրողների նկատմամբ  իշխանության, օլիգարխների թիկնապահների և այլոց կողմից գործադրված բոլոր բռնությունները անպատիժ են մնում, իսկ այս դեպքում կրոնական կազմակերպության կողմից չգործադրված բռնությունը, այլ ընդամենը մասնավոր տարածք ներխուժելու արգելքը հարուցել է քրեական գործ: Ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին պաշտպանել լրագրողների շահերը»,- հարցնում է նա:

Լրագրողների փաստաբանը, մեկնաբանելով Իշխանյանի փաստարկները, ասում է, որ կա օբյեկտիվ իրողություն, որն արձանագրել է տեսախցիկը, «իսկ դրա մասին ամեն ինչ էլ կարելի է ասել»:

Դատարանն ուղարկել է մեղադրական եզրակացությունը: Դատը կկայանա Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության  դատարանում: Դատի օրը դեռ նշանակված չէ:

Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply