16 մլն դոլար` Հայաստանի 55 լեռնային գյուղերին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 23, 2011 13:09

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը մարտի 22-ին հաստատել է 16 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» (ՀԳՌԿՄԾ) համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲ հայաստանյան գրասենյակից, ծրագրի նպատակը 55 լեռնային համայնքներում արտադրողականությունն ու արոտավայրերի վրա հիմնված անասնապահական տնտեսությունների կայունությունը բարելավելն է` կաթնատվությունն ավելացնելու, արոտավայրերի կառավարումը բարելավելու եւ տնտեսությունների կողմից անասնապահական մթերքների իրացումը մեծացնելու միջոցով:

«Գյուղատնտեսությունը շարունակում է կարեւոր ոլորտ լինել Հայաստանի տնտեսության համար եւ, չնայած վերջին տարիների բազմաթիվ մարտահրավերներին, այն պետք է վերստին աշխուժացնի իր դերն ու նպաստի երկրի տնտեսական աճին ու զբաղվածությանը»,- ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը: Նրա խոսքով` ծրագրի աշխատանքները կենտրոնացած են երկրի առավել չքավոր լեռնային շրջաններում, որտեղ արոտավայրերի դեգրադացիան առավել սուր խնդիր է: Ծրագրից կօգտվեն վեց մարզերի 55 գյուղեր` շուրջ 78 հազար ընդհանուր բնակչությամբ:

Ծրագրի միջոցով կներդրվեն համայնքային արոտավայրերի/կերի վրա հիմնված անասնապահական արտադրության նորարարական գործելակերպեր այն գյուղերում, որոնք կընտրվեն` ելնելով արոտավայրերի ռեսուրսների կայուն օգտագործման միջոցով իրենց անասնապահական արտադրությունը բարելավելու նրանց շահագրգռվածությունից: Ծրագիրը կօգնի բարելավել արոտավայրերի կառավարումը` ենթակառուցվածքներում, համայնքային գյուղատնտեսական ձեռնարկություններում եւ հարակից օժանդակ ծառայություններում կատարվելիք ներդրումների միջոցով:

Ավելի կարեւոր է այն, որ ներդրումները կուղղվեն արոտավայրեր օգտագործող ընկերակցությունների` համայնքային արոտավայրերի ռեսուրսների կառավարման համար ստեղծված համընդհանուր կոոպերատիվների միջոցով: «Արոտավայրերի առավել ռացիոնալ օգտագործման եւ կենդանիների` ավելի լավ կերակրման շնորհիվ կբարձրանա արտադրողականությունն ու ընդհանուր արդյունավետությունը, եւ ըստ այդմ էլ` հայկական մթերքները շատ ավելի շահեկան վիճակում կլինեն տեղական շուկան մատակարարելու եւ տարածաշրջանում մրցունակ լինելու առումով»,- ասել է Համաշխարհային բանկի ծրագիրը նախագծող թիմի ղեկավար Դոյնա Պետրեսկուն: Ըստ նրա` ծրագիրը կօժանդակի այս փոփոխություններին, եւ եկամուտներ գոյացնող մի շարք միջոցառումների միջոցով կաճեն զուտ եկամուտները: ՀԳՌԿՄ ծրագիրը հիմնվում է Հայաստանում եւ այլ անցումային տնտեսություններում գյուղատնտեսության, գյուղական զարգացման, արոտավայրերի եւ անասնապահական կառավարման ու համայնքների մասնակցային զարգացման ոլորտներում Համաշխարհային բանկի փորձի եւ հաջողությունների վրա:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 21.33 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 5.33 միլիոն ԱՄՆ դոլարը ֆինանսավորելու է Հայաստանի կառավարությունը: ՄԶԸ վարկն ունի 20 տարվա մարման, այդ թվում` 10 տարվա արտոնյալ ժամկետ: 1992 թվականին Համաշխարհային բանկին եւ 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց հետո, Հայաստանին տրամադրված ընդհանուր միջոցները կազմում են մոտավորապես 1,449 միլիոն ԱՄՆ դոլար:

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply