Կապիտալ ծախսերը վերջին տարիներին հիմնականում ուղղվել են դեպի մարզեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 23, 2011 13:07

Վերջին տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական միջոցների բաշխվածության մեջ էական փոփոխություն է տեղի ունեցել: Ինչպես այսօր Երեւանում ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի ներկայացման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, հիմնականում կապիտալ ծախսերն ուղղվել են դեպի մարզեր:

Եթե 2008 թվականին միջոցների 30 տոկոսն ուղղվել է Երեւանին, իսկ 70 տոկոսը` մարզերին, ապա 2010 թվականի ցուցանիշերը ցույց են տալիս, որ մարզերին ուղղվել է 80 տոկոսից ավելին: Ա. Գեւորգյանի խոսքով` միջոցներն ուղղվել են ենթակառուցվածքների զարգացմանը` ոռոգման, խմելու ջրերի համակարգերի բարելավմանը, ճանապարհաշինարարությանը, բնակարանաշինարարությանը եւ այլն: Ըստ նրա` տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացվել եւ դրանց մի մասն ընթացքի մեջ է: Համաշխարհային բանկի հետ Հայաստանի Հանրապետությունը ծրագիր է իրականացնում, որով արդիականացվում է երկրի առողջապահական համակարգը:

«Մենք մարզերում բազմաթիվ արդիականացված, վերազինված, հիմնանորոգված հիվանդանոցներ ենք բացել: Այդ ծրագիրը շարունակվում է, Համաշխարհային բանկն այդ ուղությամբ լրացուցիչ միջոցներ ներգրավելու հարցին հավանություն է տվել»,-ասաց Ա. Գեւորգյանը: Նա կարեւորեց նոր ծրագրի մեկնարկը, որով հանրապետության համայնքներում աշխատանքներ կիրականացվեն անասնապահությունը եւ համապատասխան ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով:

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply