Խնամված եղունգներ. կնոջ հմայքի անբաժանելի մասը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | August 11, 2009 12:51

exung1Եղունգներին առողջ ու խնամված տեսք հաղորդելու համար բնական միջոցներին այսօր միացել են քիմիական բաղադրությամբ հազարավոր խնամքի քսուքներ: Սակայն, եթե եղունգները լուրջ խնդիրներ չունեն, կարելի է գեղեցիկ տեսք հաղորդել՝ ընդամենը մի քանի կանոնների հետևելով. ընդունել վիտամիններով հարուստ սնունդ, օգտագործել որակյալ քսաներկեր և մաքրող միջոցներ, կենցաղային գործեր անելիս կրել պաշտպանիչ ձեռնոցներ, ամսական մեկ-երկու անգամ եղունգները մերսել սնուցող և ամրացնող քսուքներով:

Մատնահարդար Արաքսյա Պետրոսյանն ասում է, որ հարկավոր է ամսական մեկ անգամ այցելել մատնահարդարին, կամ, եթե ժամանակն ու միջոցները չեն ներում, տնային պայմաններում շաբաթական գոնե կես ժամ նվիրել եղունգների խնամքին:
Կանայք եղունգները կարող են խնամել ինքնուրույն, եթե ունեն մկրատ, կծաքցան, փոքրիկ ունելի, փայտե ձողիկներ, խարտոց ու եղունգի խոզանակ:

Եղունգներն ավելի դանդաղ են աճում, քան մազերը. ձեռքերի եղունգները` շաբաթական 1-2 մմ, իսկ ոտքերինը` 0,25-1 մմ: Եղունգն ամբողջությամբ փոխվում է կես տարին մեկ անգամ:
«Եղունգների աճը դանդաղեցնում են խիստ դիետան (ճարպերի, սպիտակուցների, վիտամինների պակասը), հիվանդությունները, ագրեսիվ նյութերի հետ շփումը»,-ասում է մատնահարդար Վալյա Պետրոսյանը:
Նա խորհուրդ է տալիս եղունգները հաճախակի կտրել ծայրերից:

Եղունգների գույնի փոփոխումը վկայում է ներքին օրգաններում որևէ հիվանդության զարգացման մասին: Արյան անբավարար շրջանառության հետևանքով եղունգները դառնում են կապտավուն: Եղունգների դեղնավուն երանգը լյարդի հիվանդության, իսկ պալարային դեղնավուն երանգը`շաքարային դիաբետի նշան է:
Չոր, դյուրաբեկ եղունգներ.
-Ամենատարածված խնդիրներից է: Պատճառները կարող են լինել շատ ծխելը, անկանոն սնվելը, սինթետիկ լվացող միջոցների օգտագործումը, ինչպես նաև նյութափոխանակության
խանգարումը` հատկապես D վիտամինի պակասը, դիետան, դեղամիջոցների երկարատև օգտագործումը, խրոնիկ հիվանդությունները, անորակ քսաներկերի օգտագործումը: Այդ ամենը հանգեցնում է եղունգների յուղազրկմանը, որն էլ եղունգները դարձնում է չոր ու հեշտ կոտրվող:

Դրա դեմ պայքարելու համար, ըստ մատնահարդարների, անհրաժեշտ է օգտագործել եղունգների համար նախատեսված սնուցող և փափկեցնող քսուքներ, կենցաղային գործեր կատարելիս կրել ռեզինե ձեռնոցներ և եղունգները մաքրել առանց ացետոնի պարունակության մաքրող միջոցներով, քանի որ քսաներկը հեռացնելու հետ մեկտեղ այն յուղազրկում է եղունգը`դարձնելով թույլ ու փխրուն:
Այժմ շուկայում հայտնվել են այնպիսի մաքրող միջոցներ, որոնք շատ քիչ են պարունակում կամ ընդհանրապես չեն պարունակում ացետոն, փոխարենը հագեցած են եղունգների ամրացման և սնուցման համար անհրաժեշտ յուղերով ու վիտամիններով: Մասնագետներն ասում են, որ ացետոնը վնասակար է հատկապես արհեստական եղունգներին, ուստի արհեստական եղունգներ ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել առանց ացետոնի պարունակության մաքրող միջոցներ:

Եղունգների շերտավորում և սպիտակ բծեր.
-Առաջանում են օրգանիզմում D վիտամինի, սիլիցիումի և կրածնի պակասից: Եղունգների վրայի սպիտակ բծերը, որոնք մարդիկ նվեր ստանալու նախանշան են համարում, օրգանիզմում կրածնի և ցինկի պակասից են առաջանում:
Մատնահարդարները խորհուրդ են տալիս եղունգները մինչև հիմքը չկտրել և հաճախ խարտել` կարճ, հղկաքարով կամ ապակյա խարտոցներով, որոք շատ նուրբ են խարտում:

Արաքսյա Պետրոսյանն առաջարկում է սնուցող և ամրացնող երկու միջոց` շերտավորված և դյուրաբեկ եղունգների համար.
Յոդի մեջ լցնել մանր կտրատած փայլաթիթեղ, 20 մլ յոդին` մոտ 15 սմ-ք փայլաթիթեղ, երեք օր փակ վիճակում պահել սենյակային ջերմաստիճանում, ապա քամել և բամբակով քսել եղունգներին:
Մյուս միջոցը.
Մեկ սուրճի բաժակ խնձորի քացախը (ցանկալի է տեղական) խառնել մեկ սուրճի բաժակ զեյթունի ձեթի հետ, ավելացնել ձեռքի տակ եղած որևէ բնական յուղ` նուշի, ընկույզի կամ այլ, ձեռքերը մոտ 15 րոպե պահել հեղուկի մեջ, ապա լվանալ: Անհրաժեշտ է պրոցեդուրան կրկնել երեք օրը մեկ` մեկ ամիս շարունակ:

exung2Իսկ Վալյա Պետրոսյանը խորհուրդ է տալիս քնելուց առաջ եղունգները 10-15 րոպե դնել աղով, սոդայով և ձեթով պատրաստված վաննայի մեջ ( 1 բաժակ գոլ ջրին՝ 1 թ/գ աղ և սոդա): Այն օգտակար է հատկապես շերտավորված եղունգներին:
Եղունգները պետք է խնամել մաքուր և որակյալ պարագաներով: Հին ժամանակներում եղունգների համար նախատեսված խնամքի միջոցները պատրաստվում էին փղոսկրից, ոսկուց ու արծաթից և պահվում կաշվե տուփերում:

Ազնիվ մետաղներն ավելի անվնաս են ու մաքուր, սակայն այսօր դժվար թե հանդիպես նման թանկարժեք մետաղներից պատրաստված եղունգի հարդարման պարագաների:
Գործիքների ախտահանումը պարտադիր է ոչ միայն մանիկյուրի սալոններում, այլև տնային պայմաններում իրականացվող խնամքի ժամանակ: Ախտահանումը լինում է երկու տիպի` ֆիզիկական և քիմիական: Տնային պայմաններում բավական է կիրառել ֆիզիկական ախտահանման միջոցը` գործիքները եռացնել թորած ջրում, սոդայաջրում կամ պրոցեդուրայից առաջ սպիրտով լավ մաքրել:

Ինչպիսի տեսք էլ որ ստանան եղունգները խնամքից հետո, պետք չէ մոռանալ դրանց իսկական ձևի մասին, քանի որ դրանից կարելի է որոշել մարդու բնավորությունը: Օրինակ՝ քառանկյուն եղունգերը վկայում են պահպանողական, կարգապահ, ինքնատիրապետող բնավորության մասին: Օվալաձև եղունգները հանդիպում են նկարիչների մոտ, ինչպես նաև շարժուն, հեշտ հարմարվող մարդկանց շրջանում: Սրաձև եղունգներն էգոիստ, անհամբեր և շահամոլ բնավորության նշաններ են:

Դիտվել է 10739 անգամ:
Print Friendly

Leave a Reply