Քաղաքապետարանը և ՀԽ-ն միասին լուծում կփնտրեն Երևանի խնդիրներին
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | Հայկուհի Բարսեղյան | March 22, 2011 23:08
Հանրային խորհուրդը ստացված դիմում-բողոքների, ուսումնասիրությունների հիման վրա առանձնացրել է Երևանին վերաբերող և առավել մեծ հնչեղություն ունեցող 150 հարց, որոնք պետք է քննարկի քաղաքապետարանի հետ:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքով` առաջիկայում հանձնաժողով կձևավորվի, որը մշտապես կհամագործակցի քաղաքապետարանի հետ, կարևոր հարցերի լուծումներ միասին կփնտրեն: Իսկ մինչ այդ այսօր ՀԽ լիագումար նիստում քաղաքապետի և տարածքային կառավարման նախարարի մասնակցությամբ քննարկվեցին Երևանին առնչվող մի քանի հարցեր:
«Շատ անգամ Երևանի քաղաքապետարանը լավ ցանկություններով որոշումներ է կայացնում, որը, սակայն, բնակիչների համար ընդունելի չի լինում,- ասում է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:- Այդ իսկ պատճառով որոշ հարցեր գուցե անհրաժեշտ է հանրաքվեով որոշել»:
ՀԽ անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը, անդրադառնալով Երևանի բնապահպանական խնդիրներին ու էկոլոգիական վիճակին, ասում է, որ վերջին 10-12 տարիներին Երևանում ճարտարապետությունը եղել է կոմերցիոն, ինչի արդյունքում ունենք «տրանսպորտային կոլապս, կոմունիկացիոն կոլապսը դեռ առջևում է, կորցրեցինք շատ մշակութային շերտեր, իսկ Երևանը վերածվել է էկոլոգիական աղետների գոտու, որտեղ մեծ է նաև սեյսմիկ վտանգը»: Դանիելյանն ասում է, որ անգամ սպիտակի երկրաշարժից դաս չենք քաղել, է քաղաքը կարծես հատուկ այնպես է կառուցապատվում, որ աղետի դեպքում կորուստները հնարավորինս շատ լինեն: Բնապահպանի խոսքով` Երևանի կենտրոնն այժմ ամենավտանգվածն է և խիստ կանաչապատման կարիք ունի. «Քաղաքի կենտրոնը խիտ կառուցապատելը և քաղաքի շրջակայքը կանաչապատելը գործուն մեթոդ չէ»:
Դանիելյանը հարց է բարձրացնում` քաղա՞քն է բիզնեսի համար, թե՞ բիզնեսը` քաղաքի: «Օղակաձև այգին վերածվել է օղակաձև ռեստորանի: Եթե բիզնեսը պետք է օգտագործի կանաչ տարածքները, ապա խիստ սահմանափակումներ պետք է գործեն, այլապես նման օրինակներ շատ կունենանք»,- ասում է Դանիելյանը` հավելելով, որ կառուցապատվում են անգամ անձեռնմխելի սանիտարական գոտիները:
Դանիելյանը առաջարկեց նաև քաղաքապետին առնթեր էկոլոգիական խորհուրդ ստեղծել` կարևորություն ունեցող բնապահպանական խնդիրներին արդյունավետ լուծում տալու համար:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանը ի պատասխան նշեց, որ քաղաքապետարանն ունի բնապահպանության վարչություն, որն իր գործառույթներն իրականացնում է և դաշինքի ստեղծումը արդարացված կլինի այն դեպքում, եթե այն ստանձնի ֆունկցիաներ, որոնք քաղաքապետարանի համապատասխան բաժինը չի կատարում:
Կարապետյանն ասում է, որ Երևանի բնակիչները պետք է ընդունեն` խոշոր մեգապոլիսում են ապրում և առավոտյան հնարավոր չէ արթնանալ աքլորի կանչից կամ գետի խշշյունից. «Մենք հայտարարել ենք, որ քաղաքի կենտրոնում և կանաչապատ գոտիներում որևէ շինարարություն թույլ չենք տա»: Քաղաքապետն ասում է, որ քաղաքի զարգացման համար ճարտարապետությունը պետք է լինի կոմերցիոն և ընդհանրապես, ներդրումներ ապահովող ոլորտները պետք է բիսնեսին տրամադրվեն, որպեսզի մյուս ոլորտները բյուջեի հաշվին ավելի արդյունավետ կարգավորվեն: «Ադյունավետ կառավարման համար ֆունկցիաների վերաբաշխում պետք է տեղի ունենա»:
Համատեղ նիստում քննարկվող երկրորդ թեման քաղաքի տրանսպորտային խնդիրներին էր վերաբերում: ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանը այս ոլորտի 3 հիմնական խնդիր է տարբերակում` հասարակական տրանսպորտի ոչ արդյունավետ աշխատանքը, երթևեկության և ավտոկայանատեղիների խնդիրը և միջքաղաքային տրանսպորտի ստեղծած խնդիրները:
Ըստ Հարությունյանի` խնդրի լուծման համար պետք է ուսումնասիրել ուղևորափոխադրումների հիմնական ուղղությունները` արդյունավետ և հարմարավետ ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար, պետք է զարգացնել նաև էլեկտրատրանսպորտը: Անդրադառնալով ավտոկայանման և ճանապարհների գերբեռնվածության խնդրին` Հարությունյանն ասում է, որ ամեն ոք մեքենան կայանում է այնտեղ, որտեղ ինքն է ուզում: Արդյունքում առանց այդ էլ նեղ փողոցներում երթևեկությունը դժվարանում է: Մինչդեռ ստեղծված ստորգետնյա ավտոկայանատեղիները թեբեռնված են:
Հարությունյանն ասում է, որ քաղաքային երթևեկությունը դժվարացնում են նաև մինչև քաղաքի կենտրոն հասնող միջքաղաքային երթուղայինները, մինչդեռ դրանք պետք է ուղևորներն հասցնեն մինչև Երևանի ծայրամասերում գտնվող ավտոկայաններ:
«Տրանսպորտային խնդրի լուծումը կարևոր է նաև Երևանը տուրիստական կենտրոն դարձնելու տեսանկյունից»,- ասում է Հարությունյանը:
Քաղաքապետը որպես ներքաղաքային տրանսպորտի ներկայիս վիճակի պատճառ մատնանշում է գործող սակագինը. այն ինքնածախսածածկում չի իրականացնում, իսկ շուկան էլ այլ սակագնի ունակ չէ, այդ պատճառով էլ 14 տեղանոց երթուղայիններում 18 մարդ է երթևեկում, շահագործվում են ոչ բարվոք վիճակում գտնվող մեքենաներ:
Կարապետյանն ասում է, որ առաջիկայում նախատեսվում է անցում կատարել միասնական վճարային համակարգի, որտեղ հնարավոր կլինի նախապես բաժանորդագրվել (օրինակ, ուսանողական և այլն) և վճարումն էլ կիրականացվի ըստ անցած կմ-ի: Նրա խոսքով` այսպես աստիճանաբար անցում կկատարվի նոր և բոլորի համար ընդունելի սակագնի:
Անդրադարձ կատարվեց նաև բացօթյա առևտրի խնդրին: Յուրի Ջավադյանը նշեց, որ գյուղացուն խրախուսելու և նաև սպառողին օգուտ տալու համար կարելի է Երևանի վարչական տարածքներում բացօթյա շուկաներ հիմնել, որտեղ իրենց ապրանքը ցածր գներով և առանց միջնորդների կվաճառեն գյուղացիները: Ջավադյանն առաջարկեց օրինակ, Շահումյանի հրապարակում, գլխավոր պողոտայում կամ Օղակաձև զբոսայգում ժամը 9-16-ը գյուղմթերքի վաճառք իրականացնել:
Քաղաքապետը, սակայն, նշեց, որ այս բացօթյա առևտուրը օրենքով արգելվում է, բացի այդ` այն կարող է առաջացնել նաև սանիտարական խնդիրներ: Փոխարենը քաղաքապետը չբացառեց, որ կարող են հատուկ վայրեր ստեղծվել, որտեղ գյուղացիները կկարողանան իրենց ապրանքը վաճառել:
Նա նաև նշեց, որ առաջիկայում նախատեսվում է 12 մինիշուկաներ ստեղծել, որոնցից 5-ը կգործեն արդեն ապրիլից:
Տարածքային Կառավարման նախարար Արմեն Գևորգյանն էլ, անդրադառնալով քննարկված խնդիրներին, նշեց, որ սխալ է հույս ունենալ, որ խնդիրները կլուծի միայն պետությունը կամ դա կարվի պետական միջոցներով: «Սահմանափակ ռեսուրսների պայմաններում միշտ նպատակահարմարության հարց է առաջանում»,- ասում է Գևորգյանը` որպես օրինակ նշելով, որ օրինակ, բազմաբնակարան շենքերի գույքագրման համար 5 մլրդ դրամ գումար է հարկավոր, սակայն երկընտրանքի առջև են, թե գուցե այդ գումարն ավելի արդյունավետ կլինի հատկացնել նույն այդ շենքերի տանիքների վերականգնմանը:






Facebook
Tweet This
Email This Post
