Հնարավոր է՝ երևանցիները վճարեն յուրաքանչյուր կմ-ի համար. Հանրային խորհուրդը քննարկեց մայրաքաղաքի խնդիրները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 22, 2011 23:20Երևանցիները պետք է հանրաքվեի միջոցով կարողանան իրենք կարծիքը հայտնել քաղաքում տեղի ունեցող կամ ունենալիք կարևորագույն խնդիրներին: Հանրային խորհրդի (ՀԽ) այսօրվա քննարկմանը ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն այդ նպատակն իրագործելու համար առաջարկեց համապատասխան օրինագիծ ընդունել:
Հանրային խորհրդի այսօրվա քննարկումը, որին մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, նվիրված էր մայրաքաղաքի խնդիրներին և զարգացման հեռանկարներին: Կարապետյանը, խոսելով Երևանի տրանսպորտային խնդիրների մասին, կրկնեց քաղաքապետարանում երեկ քննարկված հարցը, որ Երևանում տրանսպորտային կառավարումը լավացնելու համար հարկավոր է այն հանձնել մասնավոր բիզնեսին:
ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանն էլ առաջարկեց այդ խնդիրը լուծելու համար միջքաղաքային տրանսպորտային միջոցներին արգելել մինչև Երևանի կենտրոն ուղևորներ փոխադրելը, ինչը, ըստ նրա, էլ ավելի է ծանրացնում քաղաքի երթևեկության վիճակը: «Ավտոբուսները պետք է ուղևորներին հասցնեն մինչ քաղաքի սկիզբը, այլ ոչ թե մուտք գործեն կենտրոն և նպաստեն ծանրաբեռվածության ավելացմանը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Քաղաքապետը նշեց, որ ներկայում մշակվում է տրանսպորտային համակարգի զարգացման հայեցակարգ, որով իրենք առաջնորդվելու են խնդրի լուծման գործում: Ըստ քաղաքապետի, քննարկվում է նաև անցումը տրանսպորտի միասնական վճարման համակարգի, որի դեպքում ուղևորները կվճարեն յուրաքանչյուր կիլոմետրի համար, իսկ բնակչության որոշակի խմբեր էլ կօգտվեն զեղչերից:
Քաղաքապետի համոզմամբ՝ ոչ միայն քաղաքային տրանսպորտի, այլ ընդհանրապես սանմաքրման, բժշկության համակարգերը ևս պետք է հանձնվեն մասնավորին, որպեսզի խնդիրները շուտափույթ լուծում ստանան: «Ոլորտները, որոնք բիզնես տրամաբանություն չունեն, քաղաքապետարանը կվերցնի իր վրա, օրինակ` քաղաքի կանաչապատումը»,- ասաց Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ հաջորդ ամսվանից Երևանում չորս փոքր շուկա է գործելու, որոնք կսպասարկեն փողոցային առևտրով զբաղվողներին: Շուկաները, ըստ Կարապետյանի, ապահովված են լինելու հարմարավետ պայմաններով, և առևտրականներն էլ ստիպված չեն լինելու նախկինի պես և° քաղաքապետարանին, և° ոստիաններին գումար վճարել:






Facebook
Tweet This
Email This Post
