Րաֆֆի Հովհաննիսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին. Ոմանք ցանկանում են իմ քաղաքացիական հացադուլը ներկայացնել որպես քրիստոնեական ծոմ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 22, 2011 18:37
«Նրանք, ովքեր հայտարարում են, թե իմ կողմից սկսված հացադուլը ավելի շատ քրիստոնեական ծոմ է, քան քաղաքացիական հացադուլ, ըստ երեւույթի չեն ծանոթացել մարտի 13-ին կայացած «Ժառանգության» ընդլայնված նիստի որոշմանը, որտեղ շատ հստակ գրված է մեր քաղաքական պահանջը՝ շատ դիպուկ, շոշափելի քաղաքական պահանջատիրությունը»,- մարտի 22-ին Ազատության հրապարակում հրավիրած բացօթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով թերթերից մեկում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ իր հայտարարծ հացադուլի մասին պատասխան հչապարակումը:
«Երեւում է, որ մարդիկ չեն ընթերցել նաեւ մարտի 15-ին «Ժառանգության» քաղաքացիական հավաքի ժամանակ իմ խոսքը, որը հիմքն էր այս ազատության ծոմի։ Կարծում եմ, որ այնտեղ դրված է այս ծոմի ողջ ծրագրային հենքը, ապագային միտված սպասումը, որն էլ տեղիք տվեց այս ծոմին։ Ես մարտի 15-ին Ազատության հրապարակ մտա որպես Հայաստանի հպարտ քաղաքացի՝ իրացնելու քաղաքացիական, սահմանադրական իմ իրավունքը, եւ ոչ թե քրիստոնեական ծիսակատարության կամ Մեծ Պահքի շրջանակներում»,- ասաց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ իր կողմից հայտարարված հացադուլի գնահատականին «Ժառանգության» առաջանորդը նկատեց. «Իմ այստեղ գտնվելը քաղաքացիակաան համեստ ահազանգ է, եւ կրկնում եմ, չի տեղավորվում քրիստոնեական աստվածաբանության եւ ծիսակարգի շրջանակներում։ Նրանք, ովքեր ցանկանում են իմ ներկայությունը վերափոխել քրիստոնեական ծոմի, չեն ծանոթացել իմ հիմնավոր վերաբերմունքին, սակայն բոլոր դեպքերում ես քրիստոնեաբար եմ վերաբերում այդ խոսքին եւ ստերին ու կեղծիքներին, որոնք տեղ են գտել այսօրվա հոդվածում, բացի այդ, հանրապետության առաջին նախագահին սիրով եւ անկեղծաբար մաղթում եմ Աստծո օրհնություն եւ երկարատեւ կյանք։ Եթե կա մարդ, ով ինձ ցանկանում է սատանայի կործանում, դա նրա իրավունքն է։ Սակայն կոչ եմ անում բոլորիս կարդալ եւ հղում անել նույն Հովհանես Մանդակունու այն բաժինը, որում խոսվում է ոխ պահելու եւ վրեժ լուծելու մասին»,- ամփոփեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նշենք, որ այսօր լույս տեսած օրաթերթերից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է այն հարցին, թե ինչու Ազատության հրապարակ մտնելով չի բարեւել այնտեղ հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին: «Որովհետեւ դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին:
Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է: Այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների` բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեպաշտության, բարեգործության, այդ թվում նաեւ` ծոմապահության ցուցադրականությունը:
Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դադարում է առաքինություն լինել: Մասնավորապես ծոմապահության մասին Հայոց եկեղեցու ամենահեղինակավոր հայրերից մեկը` Հովհան Մանդակունին, դեռեւս 5-րդ դարում ասել է հետեւյալը. «Սատանան կործանում է թե ծոմապահին, թե նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում եւ ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, եւ մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ: Այսպիսի պահքը ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում եւ կործանում»: Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր այսպիսի օրինակներ բերել հայ եւ համաշխարհային եկեղեցական մատենագրությունից:
Ինչեւէ, եթե Րաֆֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլեւ լիակատար զորակցություն կհայտնեի նրան»:






Facebook
Tweet This
Email This Post
