Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 22, 2011 16:57

Մարտի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան տիկին Դիանա Յանսեին (Diana Janse) (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց դեսպանին իր նոր առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ ինչպես իր նախորդները, դեսպան Յանսեն իր կարեւոր նպաստը կբերի Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

Դեսպան Յանսեն շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` վստահեցրեց, որ կանի առավելագույնը հայ-շվեդական գործակցությունը առավել ընդլայնելու համար:

Խոսելով երկկողմ հայ-շվեդական հարաբերությունների մասին, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Շվեդիայի հետ համագործակցության զարգացմանը` քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագավառներում: Այդ համատեքստում Էդվարդ Նալբանդյանն առանձնացրեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, քաղաքական երկխոսությունը, տնտեսական փոխգործակցությունը եւ մշակութային փոխանակումները:

Արտգործնախարարը ողջունեց նաեւ ապրիլի սկզբին Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլի Բիլդտի Հայաստան կատարելիք այցի օրակարգը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը եւ համագործակցության գործող ձեւաչափերի շրջանակներում կատարվող աշխատանքներին:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Յանսեն մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային հարցերի շուրջ:

Դիտվել է 2383 անգամ:
Print Friendly

Leave a Reply