Նոր ընտրություններ. նոր օրենսգիրք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 22, 2011 16:24

Ազգային ժողովի այս քառօրյայում առաջին ընթերցմամբ քննարկվում էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու հարցը:

Դեռևս 2008 թ.  ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի ղեկավարությամբ, որն զբաղվում էր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգով: Օրենքի նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որի եզրակացությունը ստանալուց հետո կդրվի երկրորդ ընթերցման:

Նախատեսվում է մայիսին ավարտել աշխատանքները, որպեսզի ընտրություններից մեկ տարի առաջ բարեփոխված ընտրական օրենսգիրքը պատրաստ լինի:

ՀՅԴ խմբակցությունից Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ մեր երկրում ցանկացած ընտրություններից առաջ օրենսգրքում արմատական փոփոխությունների կարիք ենք զգում. «Հարց է առաջանում, թե ինչի համար են այդ փոփոխությունները, և ինչպես է, որ դրա կարիքը նախկինում չի եղել»:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի համոզմամբ`  օրենսգրքի կատարելագործման փնտրտուքները տրամաբանված են, քանի որ շատ եվրոպական երկրներում ընտրական օրենսդրությունը պարբերաբար փոփոխվում է: Նախորդ տարիների փորձերը նախարարին հիմք են տվել եզրակացնելու, որ գործող համակարգը հաճախ իռացիոնալ երևույթների հիմք է դարձել: «Հանձնաժողովների կուսակցական անդամներն իրենց դիտարկում էին որպես իրենց նշանակած քաղաքական ուժի շահերի պաշտպան,- ասաց նա,- հաճախ քվեարկությունը պայմանավորված ու պատճառաբանված է եղել տվյալ քաղաքական ուժի շահերով»:

Այս նախագծով նախատեսվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաղկացած կլինի  աշխատանքային փորձ ու մասնագիտական պատրաստվածություն ունեցող 7 անդամից, որից 4-ին կնշանակի հանրապետության նախագահը, իսկ մյուս երեքին՝ մեկակական ադամով՝  Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատի նախագահը և Վճռաբեկ դատարանի նախագահը:

Ներկայացված նախագիծը խրախուսում է  կանանց ներգրավվածությունը օրենսդիր մարմնում: Կուսակցության  ընտրական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկվում է առնվազն մեկ կին, իսկ ընդհանուր առմամբ ընտրվողների  առնվազն 20 տոկոսը պետք է լինեն կանայք:

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց օրինագծի այլ  նորամուծությունները. ԿԸՀ-ն պետք է ամողջ տեղեկատվությունը հրապարակի կայքում. ԿԸՀ բոլոր որոշումները պետք է տեղադրվեն կայքում և հասանելի լինեն հանրությանը:  Թեկնածուները, կուսակցություններն ու դաշինքները իրենց նախընտրական ծրագրերը  նույնպես պետք է տեղադրեն կայքում, ՏԻՄ  դահլիճները  անվճար հիմունքներով տրամադրվելու են քարոզչություն իրականացնելու համար, կարգավորվելու է  բարեգործությունը ընտրությունների փուլում. իրավաբանական անձինք նախընտրական հիմնադրամների հաշվին մուծումներ չեն կարող կատարել,  սահմանափակվում է քաղաքական գովազդի գինը հեռուստատեսությամբ և ռադիոյով, պատգամավորն ու նախագահը չեն կարող երկքաղացի լինել: «Դա ենթադրում է, որ  նրանք  ավտոմատ դառնում են այլ երկրի օրենքների ենթակա»,- ասաց Հարությունյանը:

Պատգամավոր Արա Նռանյանին հետաքրքրեց, թե ինչ մեխանիզմներով են պատրաստվում պարզել քաղաքացու այլ երկրի քաղաքացի լինելու փաստը: «Երկքաղաքացիությունը  պարզելու արդյունավետ մեխանիզմներ չկան,- ասաց Հարությունյանը,-  սակայն երբ ՀՀ քաղաքացին ստանում է այլ երկրի քաղաքացիություն, նա օրենքով պարտավոր է հայտարարել այդ մասին, և  չտեղեկացնելն արդեն  առաջացնում է պատասխանատվություն՝ ոմանց համար վարչական, ոմանց համար էլ՝ քրեական»:

ՀՅԴ խմբակցությունից Լիլիթ Գալստյանը հետաքրքրվեց, թե ինչու ընտրողների կողմից ստորագրված  ցուցակները չեն պատճենվելու և հրապարակվելու:  Սրան ի պատասխան Հարությունյանն ասաց. «Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթում հստակ նշվում է, որ դրանց հրապարակումը խախտում է ընտրությունների գաղտնիության սկզբունքը»:

Համաչափությունը պահպանելու համար Արծվիկ Մինասյանն առաջարկեց զինվորներին զրկել ընտրելու իրավունքից: «Եթե մենք ընտրելու իրավունքից զրկել ենք այլ երկրում գտնվող մեր քաղաքացիներին կամ հաշմադամների համար չենք տանում արկղիկներ այն մտավախությամբ, որ ձայները կեղծվում են, ինչն է մեզ խանագրում զինվորներին ևս զրկել. եթե մեծամասնականով չեն քվեարկում, թող համամասնակով էլ չքվեարկեն»,- ասաց նա:

Հարությունյանն ասաց, որ զինվորներին ձայնի իրավունքից զրկելը համաչափության պահպանում չէ: «Բացի այդ, մենք արտասահմանում գտնվող մեր քաղաքացիներին չենք զրկում ձայնի իրավունքից,- ասաց նա,- մենք ուղղակի չենք ստանձնում պարտականություն այդ տեղերում ընտրական տեղամաս բացելու, իսկ հիվանդների համար շրջիկ տուփեր չտանելը  քաղաքական որշում է, եթե դուք պնդեք, կարող ենք դա քննարկել»:

Ըստ օրինագծի՝  անձնագրում դրվելու է կնիք, որը 12 ժամ հետո անհետանալու է. դա ապահովելու է, որ այդ անձնագրով երկրորդ անգամ քվերակություն չլինի:

Քվեարկության ընթացքն ավելի թափանցիկ դարձնելու համար բոլոր վստահված անձինք, դիտորդները կամ ԶԼՄ ներկայացուցիչները կարող են նկարահանել, բացառությամբ այն տեսարանների, որոնք կխախտեն քվեարկության գաղտնիության սկզբունքը:

Դիտվել է 2887 անգամ:
Print Friendly

Leave a Reply