Հայաստանում հանցագործություններն անցյալ տարվա համեմատ ավելացել են 2 849-ով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 11, 2009 17:58

logo_am1Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում արձանագրված հանցագործությունները 2.849-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. 2008թ. առաջին 6 ամիսներին արձանագրվել էր  4 000, իսկ 2009թ. առաջին կիսամյակում`  6. 849 դեպք: 853 դեպքով աճել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը. անցած տարվա առաջին կիսամյակում նման հանցագործությունների թիվը 498 է, այս տարվա նույն ժամանակահատվածում` 1.351:

Նվազել են սպանության դեպքերը, որոնց թիվը կազմել է 34, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 40: Գրանցվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու 102 դեպք` նախորդ տարվա առաջին կիսամյակի 111-ի դիմաց:

Այսօր  դատախազության կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ամփոփելով կիսամյակային տվյալները, նշել է, որ հանցագործություններ թվի աճը պայմանավորված է ոչ թե դրանց ավելացմամբ, այլ այն հանգամանքով, որ ՀՀ ոստիկանության կողմից նախկինում չէին հաշվառվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդվածով (Տես օրենսգիրքը`http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1450&lang=arm) սահմանված այն մի քանի հանցագործությունները, որոնց վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է տուժողի բողոքի բացակայության պատճառով»:

2008թ. գլխավոր դատախազի ցուցումով և ՀՀ ոստիկանապետի ընդհանուր համաձայնությամբ` արդեն հաշվառման են վերցվում այդ դեպքերը:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, համեմատած նախորդ տարվա հետ, աճել է նաև հանցագործությունների բացահայտումների թիվը` 14 տոկոսով:

Սպանության դեպքերը բացահայտվել են 71 տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 69 տոկոսի համեմատ, սպանության փորձերի դեպքերը` 100 տոկոսով, դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու գործերը` 90 տոկոսով, նախորդ 66 տոկոսի դիմաց:

Առաջին կիսամյակում արձանագրվել է սպանության 34 և սպանության փորձի 12 դեպք: Սպանության դեպքերի աճ է գրանցվել Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Ավան, Նոր Նորք համայնքներում և Կոտայքի մարզում: Սպանության որևէ դեպք չի գրանցվել Երևանի Շենգավիթ համայնքում, իսկ Էրեբունիում և Արագածոտնի մարզում արձանագրվել է 1-ական դեպք: Երկրում արձանագրված 34 սպանություններից 11-ը դեռ բացահայտված չէ:

Անդրադառնալով դիտավորությամբ մարդու առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերի բացահայտման աշխատանքներին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը նշել է, որ երկրում վերջին շրջանում դրական տեղաշարժ է արձանագրվել. ըստ դատախազության տվյալների`կիսամյակի ընթացքում առավել մեծ ուշադրություն է դարձվել հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերին, մասնավորապես` 15- օրյա ժամկետում չբացահայտված գործերը հանգամանորեն ուսումնասիրվել են, ապա զեկուցվել գլխավոր դատախազի տեղակալին:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հետևողական քայլեր են ձեռնարկվել թրաֆիքինգի դեմ ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Հսկողություն է իրականացվել 17 քրեական գործերի նախաքննության նկատմամբ, որից 5-ը բացահայտվել է, 5 գործերի վարույթները կասեցվել են մեղադրյալների գտնվելու վայրի անհայտ լինելու հիմքով, իսկ մնացածի նախաքննորությունն ընթացքի մեջ է:

2009թ. առաջին կիսամյակում արձանագրվել է ավազակային հարձակումների թվի 23-ով աճ 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ընթացիկ տարվա  արձանագրված 91 դեպքերից բացահայտվել է 53 տոկոսը: Ավազակային հարձակումներն աճել են գրեթե բոլոր տարածքներում, բացառությամբ` Երևանի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների և Արարատի ու Շիրակի մարզերի:

Բացահայտման առումով անբավարար վիճակ է Արագածոտնի , Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, որտեղ գրանցված 2-ական դեպքերից ոչ մեկը չի բացահայտվել, իսկ Տավուշում` 4-ից:
Հանրապետությունում արձանագրվել է տնտեսական գործունեությանն ուղղված հանցագործությունների 358 դեպք, բացահայտվել է 125-ը, դրանց թվում զգալի են կեղծ փողեր պատրաստելու, պահելու, իրացնելու դեպքերը` շուրջ 35:

Գլխավոր դատախազի տեղակալ Սարգսյանը կեղծ փողերի առգրավման դեպքերի առնչությամբ նշել է, որ որոշ մետաղադրամներ ուղարկվել են փորձաքննության: ՀՀ կենտրանական բանկից ստացվել է պաշտոնական գրություն, ըստ որի` դրանք Լեհաստանում պատրաստված մետաղադրամներ են, որոնց տպագրության ժամանակ որոշակի շեղումներ են եղել: ԿԲ-ն ուղարկել է մետաղադրամները փորձաքննության, և արդեն ստացվել է արտերկի մասնագետների կողմից համապատասխան եզրակացությունը:

Այսօր  կոլեգիայի նիստում  Աղվան Հովսեփյանը նաև նշել է, որ ամփոփումները հնարավորություն են տալիս ի հայտ բերել համակարգում առկա խնդիրները և հստակեցնել հետագա անելիքները: Ըստ նրա` վերջին տարիներին դատախազության համակարգում իրականացվել են բարեփոխումներ, և այսօր դատախազությունն աշխատում է այդ կառուցվածքային փոփոխությունների հիման վրա:

Դիտվել է 1664 անգամ:
Print Friendly

Leave a Reply