Տիգրան Կարապետյանը ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 21, 2011 22:21
Մատենադարանի հարթակից «Ժողովրդական կուսակցության» հրավիրած հանրահավաքին իր ելույթում Տիգրան Կարապետյանը հայտարարեց, որ իր համակիրներից շատերը շփոթել են հանրահավաքի վայրն ու հավաքվել են Ազատության հրապարակում:
Նա նշեց, որ թեեւ այսօրվա հանրահավաքը սակավաթիվ է, սակայն իրենց ժողովրդական շարժումն այնքան հզոր է, որ այս փուլում դեռեւս կարեւոր է մեծ կամքը: «Իսկ իշխանությունը հզոր է, քանի որ ունի փող, բաշխելու բան ունեն, իսկ մենք միայն հոգի ունենք ձեզ բաշխելու, ու մենք ոչնչից չենք վախենում»,- հայտարարեց Տիգրան Կարապետյանը:
Ելույթով հանդես եկավ նաեւ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա կարծիքով` այսօր պետք է առաջնորդվել մեկ բանաձեւով` «մեկ մարդ գումարած տեր Աստված, հավասար է մեծամասնություն»:
Հանրահավաքի մասնակիցներն, ինչպես ոչ խոստացել էին` երթով շարժվեցին Ազատության հրապարակ: Երթն ուղեկցում էին ոստիկանության աշխատակիցները: Բացի այդ` ամբողջ Ազատության հրապարակը շրջափակված էր ոստիկաններով: Նրանք վահաններով փակել էին դեպի հրապարակ տանող մուտքը եւ սկզբում թույլ չտվեցին Տիգրան Կարապետյանին ու նրա համակիրներին մուտք գործել: «Շատ հետաքրքիր է` ինչու մի քաղաքացիների համար Ազատության հրապարակը բաց է, մյուսների համար` ոչ»,- սրտնեղած բողոքեց նա:
Քիչ անց ոստիկանության հետ բանակցություններից հետո թույլատրվեց մտնել Ազատության հրապարակ, որտեղ Տիգրան Կարապետյանն անմիջապես մոտեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրանք ողջագուրվեցին, որը ներկա գտնվողներն ընդունեցին ծափողջյուններով:
Տիգրան Կարապետյանը նշեց, որ իրենք մենակ չթողնենք Րաֆֆի Հովհաննիսյանին եւ պատրաստվում են նրան ելույթի հնարավորություն տալ: «Այստեղ կարեւորն այն է, որ յուրաքանչյուրն, իր նպատակներից ելնելով, չմոռանա մյուսին: Եկել ենք նեցուկ կանգնելու Րաֆֆի Հովհաննիսյանին իր անհատական պայքարի մեջ»,- վստահեցրեց Տիգրան Կարապետյանը` ավելացնելով, որ ժողովրդի անունից կխնդրի նաեւ նրան` դուրս գա հացադուլից:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր կողմից շնորհակալություն հայտնեց նրան` նշելով. «Ես ողջունում եմ ժողովրդի մուտքը մեզ բոլորից պատկանող Ազատության հրապարակ: Դա ինձ մեծ ուժ ու նեցուկ է տալիս: Այստեղ մրցակցության հարց չկա, ամեն մեկն իր ծառայությունը պետք է մատուցի»:
ԺԿ առաջնորդն առանց բարձրախոսի ելույթ ունեցավ, այդ պատճառով բոլորին խնդրեց իրեն ավելի մոտ կանգնել: «Մենք այստեղ ոչ շալախո ենք պարելու, ոչ էլ տրնգի»,- հայտարարեց նա` միաժամանակ բոլորին կոչ անելով` ապրիլի 10-ին` կիրակի, ժամը 17:00-ին նորից գալ Մատենադարանի մոտ, որտեղ տեղի կունենա իրենց հերթական հանրահավաքը:
a1plus.am






Facebook
Tweet This
Email This Post
