Երգահան Արամ Սաթյան. այսօր երգերը ծնվում են օրվա մեջ և օրվա մեջ էլ մեռնում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 11, 2009 16:45

Ձախից`Զարուհի Բաբայան, աջից`Արամ Սաթյան

Մեր երգարվեստում պրոֆեսիոնալիզմի պակաս կա: Լավ երաժշտություն ստեղծելն այսօր տեսականորեն հնարավոր է, թեպետ գործնականում լավ և պրոֆեսիոնալ երգ, երաժշտություն ժողովրդին չի մատուցվում. այս կարծիքին է կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Նա ասում է, որ ինքը ստեղծագործում է միայն արտասահմանի համար. մեր երգարվեստում նա պատվերներ չի ստանում, քանի որ իր երգերը թանկ արժեն. «Իսկ ինչու՞ պիտի գնեն իմ երգերը, եթե ավելի էժանն ու անորակը կա»,-ասում է երգահանը :

Զարուհի Բաբայանն այս հարցում հակառակվում է իր ուսուցչին, չնայած որ նրա երգերով է ինքը դաստիարակվել. «Չի կարելի ասել, որ այսօրվա երիտասարդ երգահանները վատն են. ուրիշ բան, որ ոմանք ունեն 30-40 տարվա փորձառություն, ոմանք 2-3 տարվա, նոր երգահանները պետք է սկսեն գրել մի կետից, որ հետագայում կարողանան որակ ապահովել»:

«Կոմպոզիտորը  պետք է հասկանա մեղեդայնությունը, կատարողականության հնարավորությունները, 72 թվին ես գրել եմ «Կապույտ երազ» երգը, որը երբեք չի կորցնում իր ուժը այս երգերի քաոսի մեջ, մինչդեռ այսօր երգերը ծնվում են օրվա մեջ և օրվա մեջ էլ մեռնում»,-ասում է երգահանը:

Զարուհին ասում է, որ ինքը գրեթե ավարտում է նոր ձայնասկավառակի աշխատանքները. ուրախ և պարային երգերի հավաքածու է, որոնց հեղինակներն էլ առաջին փորձ անող երիտասարդ երգահաններ են: Երգչուհին ասում է, որ ինքը գումար չի վճարել նրանց երգերի համար:

«Այսօրվա մեր երգերի մեջ գրականության ու պեոզիայի կարիք կա, մարդկանց պետք է դեպի գեղեցիկն ու բարին տանել, ոչ թե առավոտից երեկո նվնվալ, լացել, կորցնել, մտածել` ներել, թե չներել, սիրել, թե չսիրել…»,-ասում են երգարվեստի ներկայացուցիչները:

«Ես ռաբիզ երգող չեմ, ինձ պետք է տարբերել Սպիտակցի Հայկոյից, Թաթայից, ես դեմ եմ, որ փողոցը բերում են բեմ, բեմից պետք է մատուցվի մարդուն այն, ինչ ինքը չի տեսնում փողոցում»,-ասում է Զարուհին:

Երգարվեստում տարածված 6/8 ոճը, ըստ Զարուհի Բաբայանի, շատ շուտով կարող է փոխվել. «Պատրաստվում եմ հայկական ջազ ներկայացնել և վստահ եմ, որ եթե մի քիչ հաջողություն ունենա ոճը, բոլորը, անկախ նրանից` կարող են, չեն կարող, կսկսեն ջազ երգել, ու մեր շոուբիզնեսում դա կդառնա նորաձև»:

Սաթյանն էլ աշխատում է իր երրորդ օպերայի վրա, որը կոչվում է «Հոֆմանի փոքրիկ ցախես», որը վաճառվելու է արտասահմանում:

Դիտվել է 2338 անգամ:
Print Friendly

Leave a Reply