Բեռնում խորհրդարանական լսումներ են անցկացվել ԼՂ հակամարտության թեմայով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2011 10:56

Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ «Շվեյցարիա-Հայաստան» պատգամավորական խմբի նախաձեռնությամբ Բեռն քաղաքում խորհրդարանական լսումներ են կազմակերպվել «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» թեմայով, որին իրենց մասնակցությունն էին բերել միջազգային մի խումբ հայտնի փորձագետներ Գերմանիայից և Ֆրանսիայից:

Խորհրդարանական լսումների մասնակիցները մեծ հետաքրքրությամբ են ունկնդրել դոկտոր Տեսսա Հոֆմանի /Բեռլին/ «Հակամարտության ժամանակագրությունը և մարդու իրավունքներին առնչվող հարցեր», դոկտոր Ժերար Գերգերյանի /Փարիզ / «Տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավունքի հասկացությունները միջազգային իրավունքում»,  դոկտոր-պրոֆեսոր Օտտո Լուկտերհանդի /Բեռլին /  «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը» և դոկտոր Ժուլիեն Զարիֆյանի /Փարիզ/ «Լեռնային Ղարաբաղի ապագան. հնարավոր զարգացումներ և նրանց աշխարհաքաղաքական հետևանքները» թեմատիկ ելույթները:

Խորհրդարանական լսումներին ներկա են եղել Շվեյցարիայի Դաշնային Ժողովի մի շարք պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Փրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյան:

«Շվեյցարիա – Հայաստան» պատգամավորական խմբի նախաձեռնությամբ փորձագետների ելույթները կհրատարակվեն գրքույկի տեսքով, ուր կզետեղվեն նաև  քարտեզներ և ԼՂՀ  առօրյան պատկերող լուսանկարներ:

Դիտվել է 1429 անգամ:
Print Friendly

Leave a Reply