Մ. Ապրեսյան. «Նախատեսում ենք Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացնել»
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 21, 2011 10:47
Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջերս հաստատեց «Զբոսաշրջության զարգացման 2011թ-ի ծրագիր»-ը, որով նախատեսվում է այս տարի Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 750 հազարի: Այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ:
-Պրն Ապրեսյան, զբոսաշրջության զարգացման համար այս տարի ի՞նչ քայլեր են իրականացվելու, որո՞նք են լինելու ծրագրի գերակա ուղղությունները:
-2011 թվականին ծրագրվում է ակտիվացնել եւ զարգացնել իրականացվող մարքեթինգային քաղաքականությունը, ապահովել Հայաստանի` որպես զբոսաշրջության համար գրավիչ եւ ապահով երկրի նկարագրի ամրապնդումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում, ինչն իր հերթին կնպաստի Հայաստան զբոսաշրջային այցելությունների կայուն աճի պահպանմանը: Շատ ենք կարեւորում Հայաստանի մասնակցությունը միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին: Նախորդ տարիներին Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է շուրջ 35 ցուցահանդեսներում` Բեռլինում, Լոնդոնում, Փարիզում, Հռոմում: Նշված ցուցահանդեսներին ակտիվ մասնակցության արդյունքում Հայաստանի զբոսաշրջության բնագավառի մասնավոր հատվածի բազմաթիվ ներկայացուցիչներ հնարավորություն են ստանում գովազդելու Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, ներկայացնելու իրենց փաթեթները, ուղղակի շփումների միջոցով գործարար կապեր հաստատելու օտարերկրյա գործընկերների հետ: Նման միջոցառումների իրականացումն իր նպաստն է բերում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մասին տեղեկատվության տարածմանը, համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների հետ ավելի սերտ համագործակցությանը եւ Հայաստան միջազգային զբոսաշրջային այցելությունների կայուն աճի ապահովմանը: Այս տարի էլ նախատեսվում է ապահովել Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությունը 3 միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսների:
-Զբոսաշրջության զարգացման եւ երկրի զբոսաշրջային արդյունքի ներկայացման խթանման համար ի՞նչն է ավելի շատ կարեւորվում:
-Այդ հարցում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում գովազդատեղեկատվական նյութերի տպագրումն ու լայնածավալ տարածումը: 2011 թվականի ընթացքում նախատեսում ենք ապահովել գովազդատեղեկատվական նյութերի նոր որակ եւ տարածման աշխարհագրական ընդլայնում: Դրանց առկայությունը հնարավորություն կտա Հայաստանի զբոսաշրջային արդյունքն ազգային մակարդակով ներկայացնելու եւ գովազդելու միջազգային ցուցահանդեսներում, տոնավաճառներում, համաժողովներում եւ ոլորտի բազմաթիվ միջոցառումների ժամանակ: Այս տարի գովազդատեղեկատվական նյութերում զբոսաշրջիկների ուշադրությանը կներկայացվեն Հայաստանի մշակութային կյանքի համար այնպիսի կարեւոր իրադարձություններ, ինչպիսիք են` Երեւանը գրքի մայրաքաղաք եւ 2012 թվականին հայ տպագրության 500-ամյակի տոնակատարությունները:
-www.armeniainfo.am ինտերնետային կայքը որքանո՞վ է նպաստում Հայաստանը` որպես զբոսաշրջության համար գրավիչ երկիր ներկայացնելուն:
-Այդ ինտերնետային էջը տրամադրում է տեղեկատվություն Հայաստանի բոլոր տեսարժան վայրերի, մշակութային գանձերի, կարեւոր իրադարձությունների, ազգային արժեքների, զբոսայգիների, պատկերասրահների մասին, ինչպես նաեւ այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է Հայաստան ժամանող յուրաքանչյուր զբոսաշրջիկին: www.armeniainfo.am կայքի միջոցով զբոսաշրջիկին ներկայացվում են ինտերակտիվ քարտեզներ, ինչպես նաեւ տրվում է լիարժեք, ամբողջական տեղեկատվություն զբոսաշրջային գործակալությունների, հյուրանոցների եւ ռեստորանների մասին: Այս տարի նախատեսում ենք վերանայել եւ թարմացնել Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների եւ գրավչությունների վերաբերյալ տեղեկատվական բազան` տեղադրված www.armeniainfo.am ինտերնետային էջում: Այդ աշխատանքները կնպաստեն Հայաստանի մասին անթերի եւ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելուն` օտարերկրյա եւ տեղացի զբոսաշրջիկներին:
-Նախորդ տարիներին իրականացվել են օտարերկրյա լրագրողների ճանաչողական-ուսուցողական այցեր: Այս տարի նման այցեր նախատեսվո՞ւմ են:
-Իրոք, արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում են օտարերկրյա լրագրողների ճանաչողական-ուսուցողական այցեր` Հայաստան: Նման միջոցառումները նպատակաուղղված են օտարերկրյա լրագրողներին Հայաստանի զբոսաշրջային արդյունքին տեղում ծանոթացնելուն եւ հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ գործնական կապեր հաստատելուն: Այցելելով Հայաստան եւ ծանոթանալով հայկական զբոսաշրջային արդյունքին` զբոսաշրջային օպերատորները հնարավորություն են ստանում իրենց իսկ տպավորությունների հիման վրա գնահատելու եւ ներկայացնելու Հայաստանի զբոսաշրջային արդյունքը պահանջարկի շուկաներում: Այս տարի նունպես նախատեսում ենք նպատակային շուկա համարվող երկրներից շուրջ 10 լրագրողների այց կազմակերպել Հայաստան: Այցերի հիմնական նպատակը հայկական մշակույթի, սովորույթների, պատմական ժառանգության եւ զբոսաշրջիկներին հետաքրքրող այն ամենը ներկայացնելն է, որը հետագայում օտարերկրյա լրագրողը ներկայացնում է իր երկրում հրատարակվող թերթերում եւ լուսաբանում ամսագրերում: Այս ամենը Հայաստանը զբոսաշրջության համար գրավիչ երկիր գովազդելու եւս մեկ միջոց է: Հույս ունենք, որ նման ծրագրերով Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի կավելանա:
Հարցազրույցը` Լուսինե Մարտիրոսյանի






Facebook
Tweet This
Email This Post
