Ժառանգության” հաղորդումը Ազատության հրապարակում կատարվածի վերաբերյալ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 20, 2011 22:02

Այսօր` Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հայտարարված “Ծոմ Ազատության” բողոքի քաղաքացիական ակցիայի 6-րդ օրը, ժամը 18:00-ի սահմաններում Հովհաննիսյանին զորակցող քաղաքացիների նախաձեռնությամբ տեղադրվեց հովանոց` հացադուլի մեջ գտնվող “Ժառանգություն” կուսակցության առաջնորդին եղանակային փոփոխական պայմաններից պաշտպանելու նպատակով:

Մինչ այդ` ժամը 17:30-ի սահմաններում, ոստիկանները մոտեցել են հովանոցը տեղադրող քաղաքացիներին ու “Ժառանգության” պատգամավորներին եւ հորդորել սպասել շուրջ կես ժամ: Ժամը 18:00-ին քաղաքացիները տեղադրել են հովանոցը, սակայն րոպեներ անց հովանոցի վրա հարձակվել են քաղաքացիական հագուստով եւ ոստիկանական համազգեստով 2 տասնյակից ավելի անձինք եւ հաշված վայրկյանների ընթացքում, առանց օրինական պահանջ ներկայացնելու, իրենց գործողության համար հիմք հանդիսացող հրամանը ներկայացնելու, ջարդել են հովանոցը:

Իրականացված վայրագ գործողության ընթացքում ոստիկանական խումբն իր ապօրինի գործողություններով վնասվածքներ է հասցրել եւ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն կիրառել “Ժառանգության” պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Զարուհի Փոստանջյանի, Անահիտ Բախշյանի եւ հովանոցը պաշտպանող այլ քաղաքացիների նկատմամբ: Չբավարարվելով իրականացված բռնարարքներով` սույն խումբը մինչեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքի մոտ է քարշ տվել կոտրված եւ պատառոտված հովանոցը` երկաթյա ձողերի մեջ աքցանված ձեռքով Լարիսա Ալավերդյանի հետ միասին:

Կատարված հանցագործության մասին անմիջապես տեղեկացվել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, միջազգային կառույցները եւ դեսպանատները, զանգվածային լրատվամիջոցները, Ոստիկանապետն ու նրա տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը, մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ: Լարիսա Ալավերդյանի կողմից հանցագործության մասին հեռախոսով հաղորդում է տրվել նաեւ ոստիկանության բաժանմունք: Ժամը 18:00-ից սկսած պատգամավոր Ալավերդյանը երկաթյա մետաղաձողերի մեջ աքցանված ձեռքով նստած է ջարդված հովանոցի կողքը` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքի դիմաց եւ հրաժարվում է հեռանալ այնտեղից, քանի դեռ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները բացատրություն եւ պարզաբանում չեն տվել, թե ում եւ ինչ հրամանի հիման վրա է իրականացվել այդ հանցագործությունը Սահմանադրությամբ եւ օրենքներով չարգելված քաղաքացիների իրավունքների իրացման դեմ:

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply