Իրանցիները նշում են իրենց Նոր տարին՝ Նովրուզը. Երեւանյան հյուրանոցներում ազատ համարներ չկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 20, 2011 21:31

Երկու օրից իրանցիները նշում են իրենց Նոր տարին՝ Նովրուզը։ Հատկանշական է, որ վերջին տարիներին նրանցից շատերն այդ տոնը գրադասում են անցկացնել Հայաստանում։ Պարզելու համար, թե մայրաքաղաքի հյուրանոցների համարների ո՞ր մասն է այս օրերին ամրագրված իրանցիների կողմից, NEWS.am-ի թղթակիցը զրուցեց հեղինակավոր մի շարք հյուրանոցային համալիրների ներկայացուցիչների հետ։

Ինչպես հայտնեցին «Անի Պլազա» հյուրանոցից, իրենց մոտ այս օրերին իրանցիների կողմից բավական շատ համարներ են ամրագրվել։ «Ես կասեի՝գրեթե բոլոր համարները»,- հայտնեց հյուրանոցի ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ վերջիններս նախընտրում են առավելապես էկոնոմ դասի սենյակները։ «Իսկ մեկ հոգու համար նախատեսված էկոնոմ դասի համարի մեկ գիշերն արժե 35 000 դրամ, բիզնես դասինը՝ 57 000»,- պարզաբանեց նա։

«Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի աշխատակցուհին եւս նշեց, որ իրենց համալիրում իրանցիները Նովրուզի օրերին բավական մեծ թվով սենյակներ են զբաղեցրել։ «Կարող եմ ասել, որ նրանց կողմից ամրագրվել է սենյակների գրեթե 70 տոկոսը։ Ընդ որում, համարների ամրագրումն սկսվել է մի քանի ամիս առաջ, որոշ թվով իրանցիներ արդեն իսկ ժամանել են»,- տեղեկացրեց նա։ Հարցին, թե ո՞ր դասի սենյակներն են առավելապես նախընտրում մեր հարավային հարեւանները, աշխատակցուհին նշեց, որ՝ էկոնոմ, սակայն դրանց բացակայության պարագայում չեն հրաժարվում նաեւ լյուքս կարգի համարներից։ «Ամենամատչելի տարբերակը մեզ մոտ մեկտեղանի սենյակներն են, որտեղ մեկ գիշերվա համար հաճախոդը պետք է վճարի նվազագույնը 73200 դրամ, երկու տեղանոց համարների դեպքում գործում է 115200 դրամ վարձավճարը»։

«Գոլդեն փելըս» հյուրանոցային համալիրում էլ, թեպետ դժվարացան իրանցիների կողմից այս օրերին պատվիրված համարների կոնկրետ թիվ նշել, (ասացին՝ կոնֆիդենցիալ տեղեկատվություն է), սակայն չհերքեցին, որ դրանք բավական շատ են։ «Պարսիկները գերդասում են նվազագույն վարձավճարով սենյակները, իսկ դա մեզ մոտ 54000 դրամի սահմաններում է»,- ասաց հյուրանոցի ներկայացուցիչը։

Գրեթե նույն պատասխանները ստացանք նաեւ «Մարիոթ Արմենիա» եւ «Արարատ» հյուրանոցների աշխատակիցներից։

Դիտվել է 1484 անգամ:
Print Friendly

Leave a Reply