Իրավիճակն Արաբական թերակղզում զարգանում է լիբիական սցենարով. տասնյակ զոհեր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 19, 2011 17:42Եմենում բախումներ են եղել ոստիկանության և անվտանգության ուժերի միջև:
Եմենի մայրաքաղաքում` Սանայում և երկրի մյուս քաղաքներում ու բնակավայրերում ուրբաթյան ավանդական աղոթքից հետո բախումներ են եղել ամբոխի` ոստիկանության հետ միասին, և անվտանգության ուժերի միջև:
Մարտի 18-ին բախումների ընթացքում, երբ հրազեն է կիրառվել, հանրահավաքների ավանդական տեղում` մայրաքաղաքի համալսարանին հարող հրապարակում, զոհվել է մի քանի տասնյակ մարդ, կան նաև մեծ թվով վիրավորներ: Ցուցարարները պահանջում էին Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհի հրաժարականը, որն այդ պաշտոնում է արդեն 32 տարի: Նախագահը ելույթ է ունեցել ազգային հեռուստատեսությամբ և հերքել բոլոր մեղադրանքները բանակի և ոստիկանության հասցեին` պատասխանատվությունը վերագրելով ինչ-որ անհայտ զինված խմբավորումների: Եմենում մտցված է արտակարգ դրություն: Որոշ քաղաքներում իշխանությունները ցուցարարներին արգելակելու համար օգտագործել են տանկեր և բանակի զրահամեքենաներ:
Ի պատասխան ընդդիմությունը զոհված ցուցարարների ամբողջ պատասխանատվությունը վերագրել է գործող նախագահին և պահանջել նրա հրաժարականը: Նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը հայտարարել է, որ չի պատրաստվում 2013 թ. հերթական ժամկետի համար վերընտրվել, սակայն ասել է, որ կպաշտպանի իր վարչակարգը “մինչև արյան վերջին կաթիլը”:
Միաժամանակ մի շարք տագնապալի լուրեր են ստացվել Սիրիայում ցուցարարների զոհվելու մասին, ինչխպես նաև Սաուդյան Արաբիայի լրացուցիչ զորքեր Բահրեյն մտցնելու մասին: Սաուդացիների այդ գործողությունները և նրանց մասնակցությունը արաբական երկրների ընդդիմադիրների հաշվեհարդարներին վճռականորեն դատապարտել է Իրանը, և բացառված չէ, որ նա ընդվզողներին աջակցություն ցույց տա` օգտագործելով իր ազդեցոթյունը շիիթ համայնքի շրջանում:
Իրավիճակը Արաբական թերակղզու երկրներում և Պարսից ծոցում արդեն դուրս է եկել դեպքերի խաղաղ զարգացման շրջանակներից, և տարածաշրջանը մոտ է բռնության էսկալացիային, ընդհուպ մինչև պատերազմը` Լիբիայի օրինակով:






Facebook
Tweet This
Email This Post
