Ընդդիմությունը չի շտապում կամ Ազատության հրապարակի ոդիսականը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 18, 2011 18:20

Մարտի 17-ին ընդիմության հրավիրած հանրահավաքի և այնտեղ հնչած ՀԱԿ առանջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում նոր քաղաքական երանգավորումներ կային, որոնք ավելի հասկանալի դարձրին ընդդիմության գործելակերպն ու քաղաքական ատիվության նպատակները: Լևոն Տեր-Պետրոսյանը սովորության համաձայն հանրահավաքում խոսեց այն մասին, որ “թե՛ ներքաղաքական մթնոլորտի շիկացման, թե՛ սոցիալ-տնտեսական խնդիրների կուտակվածության, եւ թե՛ իշխանությունների կատարյալ ապիկարության դրսեւորման տեսակետից Հայաստանում առաջացել է աննախադեպ պայթյունավտանգ իրավիճակ, որը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում։ Բոլորի համար պարզ է արդեն, որ անհնար է որեւէ հույս կապել այս իշխանությունների հետ, քանի որ նրանք մի կողմից՝ ակներեւաբար մտադիր չեն հրաժարվել երկիրը մինչեւ վերջ թալանելու իրենց քաղաքականությունից, իսկ մյուս կողմից՝ անկարող են զարգացնելու տնտեսությունը, կրճատելու գործազրկությունը, բարձրացնելու աշխատավարձերն ու թոշակները, զսպելու մոլեգնող գնաճը, պահպանելու դրամի կայունությունը եւ վերացնելու, կամ թեկուզ, դանդաղեցնելու արտագաղթը”: Ենթադրվում է, որ նման փաստերի արձանագրումն ու  խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին հայտարարությանը պիտի հետևեն համարժեք վճռական քայլեր, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը գնում է հակառակ ճանապարհով:

Նա հավաքվածներին կոչ արեց վերջ տալ այդ «հիմա»-ներին, «այսօր»-ներին, քանի որ դեռ պահը չի եկել: Լևոն Տեր-Պետրոսյանը չի կասկածում, որ Հայաստանում, ինչպես Թունիսում և Եգիպտոսում լինելու է հեղափոխություն, սակայն նա անկնկալում է իշխանափոխության անցնցում ու սահուն անցում: Նա համոզում է, որ «շտապելու խնդիր ունի իշխանությունը, որովհետեւ հապաղումը թե՛ նրա, թե՛ երկրի համար կարող է ճակատագրական լինել։ Ի՞նչ ստացավ նա՝ չարձագանքելով նախորդ հանրահավաքում ընդունված մեր հայտարարությանը. կրկնակի ավելի մարդաշատ հանրահավաք։ Եվս մի հանրահավաք, եւ իշխանությունն իր դեմ կգտնի ողջ ժողովրդին»,- ասաց նա։ Հետևաբար Լևոն Տեր-Պետրոսյանը միայն այս պահին մի խնդիր ունի լուծելու`հնարավորինս շատ մարդու բերել հանրահավաքի: Այսինքն նա նոր մարտավարական խաղի մեջ է մտնում, որին հասնելու համար Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հետաքրքիր է տարբերակ է գտել: Անընդհատ հիշեցնելով Եգիպտոսում, Թունիսում տեղի ունեցածը, շատ լավ օգտագործում է արաբական սինդրոմն այն առումով, որ չկար բնակչության առաջնորդող ուժ, ուղղակի սոցիալական բունտի էին դուրս եկել բողոքավոր մարդիկ: Հայաստանում ևս  հենց  կառավարության դիմաց տեղի ունեցող ցույցերը դարձան ՀԱԿ-ի ակտիվացման կարևորագույն պատճառներից մեկը: Լևոն Տեր-Պետրոսյանը անցյալ հանրահավաքում հայտարարեց, որ ստեղծում է հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորում, 15 կետանոց համաձայնագիր ընդունեց հանրահավաքի անունից, ՀԱԿ-ը պատրաստվում է Ազատության հրապարակում հանրահավաքներ արտոնելու հայտ ներկայացնել կրկին հանրահավաքի անունից: Այսպես Լևոն Տեր-Պետրոսյանը մարդկանց համոզում է, որ իրենց դերակատարությունը շատ մեծ, որ որոշումներ ընդունողը հենց բնակչություն է, որ իրենք ժողովրդի կամքն են կատարում, սակայն իրականում բոլոր որոշումներն ընդունվում են միանձնյա, իսկ բնակչությունից հասնում է  ձեռք բարձրացնելով համաձայնություն հայտնել ընդհանուր էյֆորիայի ալիքի տակ.”Մարդիկ գալիս են ո՛չ թե աջակցելու Տեր-Պետրոսյանին կամ Հայ Ազգային Կոնգրեսին, այլ լուծելու իրենց սեփական խնդիրները: Հետևաբար, մենք շտապելու կամ իրադարձությունները փութացնելու խնդիր չունենք, համոզված լինելով, որ պայքարի հաջողությունը կախված է բացառապես մեր համբերությունից, ինքնավստահությունից, սառնասրտությունից ու կարգապահությունից»: Իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանին իսկապես հաջողվի իր շուրջն առավելագույն թվով մարդկանց հավաքել, ապա, ՀԱԿ առաջնորդի համոզմամբ, իշխանությունը ստիպված կընդունի իրենց թելադրած խաղի կանոնները`այն է` «մեզ հետ խոսել ոչ թե բիրտ ուժի, այլ հավասար քաղաքական գործընկերոջ դիրքերից»: Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանն այս պահին հեղափոխական ճանապարհով գնալու մտադրություն չունի, զուտ փորձում է իշխանությանը համոզել, որ ինքը ընդդիմադիր դաշտի միակ դերակատարն է և ստիպել հաշվի առնել իր կարծիքի հետ: Միգուցե սրանով է պայմանավորված այն, որ այս հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը ուղղակի չխոսեց արտահերթ և նախագահական ընտրությունների մասին և չպահանջեց Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը, այլ միայն ընդգծեց, որ իրենց քայլերի տրամաբանությունը ենթադրում են այդ պահանջները, իսկ իրենք չեն շտապում(ենթադարաբար չեն շտապի մինչև նախընտրական շրջանի մեկնարկը չտրվի):

Եվ որպեսզի համոզի բնակչության, որ իսկապես իշխանությունը ընկրկելու է հանրահավաքային ալիքից ու մարդաշատությունից, հրաժարվեց իր իսկ ներկայացրած 15 պահանջներից, և որպես երկխոսության համար բավարար պայմաններ նորից ներկայացրեց միայն մարտի 1-ի արդյունքում ստեղծված իրավիճակի հետևանքները վերացնելու խնդիրը, ինչպես նաև պահանջեց թույլ տալ Ազատության հրապարակում հանրահավաքներ անել: Սրանից անմիջապես հետո ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ գնում են Ազատության հրապարակը «գրավելու»: Հենց Ազատության հրապարակ մուտքը պիտի դառնա այն էմոցիոնալ գործիքը, որն ապահովելու ՀԱԿ-ի մարդաշատությունը ապրիլի 8-ի հանրահավաքում, քանի որ Մատենադարանի մոտ տեղի ունեցող ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները բավականին ոչ միանշանակ էին ու արագ փոփոխությունների հույս ունեցողների համար անբավարար: Սակայն այստեղ կա ևս մի հանգամանք. ՀԱԿ_ը երկար ժամանակ պահանջում էր թույլ տալ հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում, իսկ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առանց դժվարության և անսպասելիորեն տեղավորվեց Ազատության հրապարկում` խանդի տեղիք տալով: Հետևաբար պետք էր վերցնել այս մասով հաղթանակի դափնիները Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքից: Եվ պատահական չէ, որ  Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ Ազատության հրապարակից`այդպես էլ չմոտենալով այնտեղ արդեն 4 օր հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին, որին մեծ ոգևորությամբ ողջունել էին հանրահավաքի մասնակիցները: Հավանաբար սա նաև արձագանք էր նրան, որ անցյալ հանրահավաքին Րաֆֆին այդպես էլ հարթակ չէր բարձրացել:

Իսկ եթե երեկվա իրադարձությունները  դիտարկենք իշխանության դիրքերից,  հնարավոր չի լինի հաշվի չառնել, որ երեկ Երևանում էին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոկը եւ Աքսել Ֆիշերը, ովքեր հանդիպել են ՀՀ նախագահի, Ազգային Ժողովի  նախագահի և Արդարադատության նախարարի հետ: «Որոշ դրական եւ ողջունելի փոփոխություններ» արձանագրելով`համազեկուցողները նաև մտահոգություններ են հայտնել կապված դեռևս բանտերում գտնվող ընդդիմադիր գործիչների ազատ չարձակալու, մարտի 1-ի դեպքերի մասով բոլոր կողմերին բավարող պատասխաններ չտալու և ՀՌԱՀ-ում ընդդիմության չներկայացվածության, “Հանրահավաքների, ցույցերի, երթերի մասին” օրենքի վերաբերյալ: Սակայն նախագահի Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ջոն Պրեսկոտը նշել է.”Կարեւորն այստեղ քաղաքական կամքն է, որ դուք ցուցաբերել եք: Մենք արձանագրել ենք ձեր ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված այդ կամքը, փոփոխությունները, որոնք, իրոք, անհրաժեշտ են: Այդ փոփոխությունների մասին զեկուցել ենք նաեւ Վեհաժողովին”:

Իսկ թե ինչքանով են կողմերը պատրաստ գոնե ոչ երկխոսության, այլ իրական քաղաքական հաղորդակցության հավանաբար հայտնի կլինի, երբ քաղաքապետարանը որոշում կայացի ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապակում արտոնելու կամ չարտոնելու մասին: Ամեն դեպքում Հայաստանում կարծես, թե ընդհանուր սոցիալական լարվածության աճի հակառակ սկսում է թուլանալ լարվածությունը ՀԱԿ-ի և իշխանության միջև. գնում են քաղաքական երկխոսության և փոխադարձ ժեստերի ճանապարհով: Նախ Սերժ Սարգսյանը խոսեց հանրահավաքների կոռեկտության և կարծիք հայտնեց, որ երկու կողմում էլ կան մարդիկ, ովքեր “տեսնում են սահմանը, որը կա Հայրենիքի, պետականության, ազգային խնդիրների և քաղաքական նկրտումների միջև”, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ծայրահեղական քայլերի իր մարտավարությունից ու անհապաղ իրականացման պահանջներն ավելի կոնստրուկտիվ ձևակերպեց:

Դիտվել է 2086 անգամ:
Print Friendly

Leave a Reply