Ի՞նչ է ավիտամինոզը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 23, 2011 16:00

Վիտամինների  ու հանքանյութերի պակասն օրգանիզմում  հանգեցնում է ավիտամինոզի: Անորակ ու  ոչ լիարժեք սնունդը (արագ սնունդը, պահածոները, սննդակարգի  բացակայությունը), սթրեսը, էկոլոգիական անբարենպաստ պայմանները կարող են ավիտամինոզի պատճառ դառնալ: Վիտամիններն ու հանքային նյութերը հարկավոր են մեզ նորմալ նյութափոխանակության, հյուսվածքների վերականգնման համար: Ավիտամինոզային նախանշաններ են.

– առավոտյան քնից դժվարությամբ արթնանալը (արթնանում եք այն զգացողությամբ, որ ամենևին էլ չեք հանգստացել), քնկոտությունը (պահպանվում է ողջ  օրվա ընթացքում), թուլությունն ու հոգնածությունը, չկենտրոնանալը, ցրվածությունը (տեղեկությունը երկար մտապահելու անկարողությունը), գրգռված ու նյարդային վիճակը (ցանկացած առիթով), մաշկի վիճակի վատթարացումը (չափազանց չորությունը, բերանի անկյուններում կարմրությունն ու ճեղքերը), թույլ իմունիտետը (հաճախակի հարբուխները):

Ավիտամինոզի դեմ ամենահզոր միջոցը լիարժեք սնունդն է, որի շնորհիվ օրգանիզմ են մտնում անհրաժեշտ քանակով սպիտակուցներ, ճարպեր ու ածխաջրեր: Խորհուրդ է տրվում, հատկապես ցուրտ սեզոնին, սննդի մեջ օգտագործել բանջարեղեն, կանաչի (այդ թվում և թթու կաղամբ, պահածոյացված վարունգ ու լոլիկ), միրգ (ինչպես թարմ, այնպես էլ սառեցված կամ չրերի տեսքով), հավի ու ձկան միս (ճիշտ կլինի փաթաթել փայլաթիթեղի մեջ ու խորովել, քանի որ այդպես վիտամինները լավ են պահպանվում): Այս մթերքներում կան և՛ ամինաթթուներ, և՛ վիտամիններ, որոնք հեշտությամբ են յուրացվում օրգանիզմում: Սակայն սննդի հետ, նույնիսկ ամենաբազմազան մթերքների միջոցով, չենք կարող ստանալ բոլոր անհրաժեշտ վիտամինների օրական պահանջվող  նորմը:

Դեղատներում իհարկե կառաջարկվեն  վիտամինային տարբեր համադրություններ, որոնք հնարավոր է, որ ձեզ հարմար չլինեն: Ուստի կարելի է  ժողովրդական միջոցների դիմել: Եվ այսպես:

Ցինգան (լնդախտ) առաջանում է ասկորբինաթթվի անբավարարությունից: Լնդախտին բնորոշ են  հոգնածությունը, սակավաշարժությունը, գերզգայնությունն ու ուժասպառությունը, լնդերից պարբերաբար արյունահոսությունը, որ առաջանում է ատամները խոզանակով մաքրելու, չորահաց  կամ այլ կոշտ սննդամթերք ուտելու հետևանքով: Երեխաների մոտ նկատվում է ախորժակի անկում, քնի խանգարում ու լացկանություն:

Ժողովրդական բժշկության մեջ լայնորեն կիրառվում են լնդախտի  կանխարգելման ու բուժման  բազմաթիվ միջոցներ.

1.Մասուրի թուրմ

Մասուրը բացառիկ դեղաբույս է` հարուստ C վիտամինով: Թուրմի համար հարմար է թերմոսը. 40 գ չոր հումքը պետք է  սառը ջրով ողողել, ապա 1 լ եռացրած ջուր լցնել ու թրմել 8-10 ժամ: Ապա քամել ու խմել առավոտյան մեկ բաժակ:

2.Սև հաղարջի թուրմ

Անհրաժեշտ է 2 ճ. գ. չոր հումքի վրա 2 բաժակ եռացրած ջուր լցնել ու թրմել մեկ ժամ և խմել ողջ օրվա ընթացքում:

3.Կիտրոնի հյութ

Կիտրոնը քամում են ու հյութը խմում կամ բերանը ողողում:

4. Թթու դրած կաղամբ` խաշած

Լավ է լնդախտի ու սակավարյունության դեպքում:

5. Սխտորը բոլոր վիճակներում էլ լավ է լնդախտի դեպքում:

Մաշկն ու ավիտամինոզը

Օրգանիզմին վիտամիններ են  անհրաժեշտ հատկապես գարնանը, ընդ որում, տարբեր մարդկանց` տարբեր: Օրինակ` նյարդային մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել  A, B, C և E , ծխողներին` C, հորմոններ ընդունողներին  B 12 , PP և C: Վիտամինային քսուքներն ու մյուս միջոցները կարող են մաշկի որակի վրա ազդել ու բուժել ավիտամինոզի հետևանքները:

Ավիտամինոզի դեպքում մաշկը դառնում է չոր, գունատ, ծակոտիները լայնանում են ու կեղտով լցվում, բորբոքային օջախներ, կարմրություն, թեփոտություն է առաջանում, իսկ քիթն էլ փայլում է: Դրա համար կարելի է  դեղատնից գնել A և E վիտամիններ` դեղին պատիճներով, տրորել դրանք ու քսել մաշկին` թեթակի մերսելով: Այդ վիտամիններն օգտակար են նաև եղունգների համար:

Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում խոնավացնել մաշկը: Դրա համար պետք է զեյթունի, դեղձի, եգիպտացորենի տաք ձեթի մեջ  թաթախել բամբակյա խծուծն ու դրանով մաքրել երեսն ու վիզը:

Այս ամենից բացի, առաջին հերթին հարկավոր է լիարժեք սնվել:

Դիտվել է 2550 անգամ:
Print Friendly

Leave a Reply