Արցախի մշակույթի նախարարությունը կտեղափոխվի Շուշի

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 22, 2011 10:00

«Անկախի» 2010 թ. սեպտեմբերյան համարներից մեկում պատմել էինք Արցախ աշխարհի Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղի հարևանությամբ գտնվող 2000-ամյա տնջրենու (սոսի) մասին, որը նաև սուրբ ծառ է համարվում:    44 քմ փչակի մակերեսով, 27 մ բնի շրջագծով, 54 մ բարձրությամբ և 1400 քմ մակերեսով սաղարթախիտ ծառի ստվերի տակ հանգստացել ու հարևան սառնորակ աղբյուրից ջուր են խմել տարբեր ժամանակների մեր շատ երևելիներ: Նույն թվականի օգոստոսին պատմական ծառը հրաշքով փրկվեց հրդեհից: Մի՞թե ծառը չի պահպանվում պետության կողմից, այս, ինչպես նաև Արցախի մշակութային կյանքին վերաբերող այլ հարցերի շուրջ մեր զրույցը ԼՂՀ մշակույթի նախարար Նաիրա Աղաբալյանի հետ է:

Տիկին Աղաբալյան, օգտվելով առիթից խնդրում եմ երկու խոսքով ներկայացնեք Արցախի մշակութային կյանքը:

-Երկու բառով դժվար է , բայց եթե փորձեմ ընդհանրացնել, կարող եմ ասել հետևյալը: Անկախության հռչակումից ի վեր մեր մշակութային կյանքը կամաց- կամաց թափ է առնում, աշխուժանում, բայց մշակութային քաղաքականությունում բացակայում է հայեցակարգային մոտեցումը: Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի մեր քաղաքականության հիմքում լինեն կոնկրետ խնդիրներ և ռազմավարության առումով  մշակույթի զարգացմանը միտված ծրագրեր: Արդեն ընդունել ենք գեղարվեստական կրթության հայեցակարգը և դրանից բխող քայլեր  պիտի ձեռնարկենք: Այսօր  Արցախում  շատ տաղանդավոր երեխաներ ունենք, մնում է աշխատել, իսկ որտեղ աշխատում ենք, այնտեղ  լուրջ արդյունքներ ենք ունենում:

Ո՞րն է ոլորտի առջև ծառացած ցավոտ խնդիրը:

-Թատրոնը, որն արցախյան մշակույթի առանցքային մասն է: Այսօր ցավով պիտի արձանագրեմ, որ ոչ միայն շենք չունենք, այլև կորցրել ենք  մեր շատ սիրելի ստեղծագործական կարող ուժը: Թատերարվեստը շատ զարգացած էր Ղարաբաղում, և այսօր արցախցի հանդիսատեսը մեծ սեր ու կարոտ ունի թատրոնի հանդեպ, որի   զարգացման հայեցակարգն ենք մշակում, որպեսզի համալիր ծրագրերով փորձենք ոչ միայն շենքը վերականգնել, որն Արցախի ամենալավ կոթողներից մեկն է, այլև ստեղծագործական կազմը համալրենք նոր ուժերով: Վերադարձնենք նրա երբեմնի փառքը:

Օրինակ` վերաբնակեցված տարածքներն այդ հայեցակարգի մեջ մտնու՞մ են:

-Անպայման: Պիտի ասեմ, որ մշակութային կյանքի առումով ամենաաշխույժը Քաշաթաղն է , որքան էլ զարմանալի լինի: Այնտեղ   ժողգործիքների համույթ կա, երաժշտական, արվեստի դպրոցներ, պատկերասրահ: Քաշաթաղում բոլոր հիմքերը կան մշակույթը զարգացնելու համար: Բավականին ակտիվ են նաև ստեղծագործողները:

Իսկ Նոր Շահումյանո՞ւմ (Քարվաճառ):

-Նոր Շահումյանում մենք հիմա մի քանի  քայլեր  ենք ձեռնարկել, որոնց արդյունքում նույնպես առաջընթաց կունենանք: Այնտեղ ունենք մշակույթի և երիտասարդության կենտրոն, որի միջոցով կոնկրետ ծրագրեր պիտի իրականացնենք: Բոլոր շրջկենտրոններում փորձում ենք մշակութային կազմակերպությունների մասնատվածությունը վերացնել և ստեղծել լուրջ կառույցներ, որոնց միջոցով հնարավոր լինի տարբեր ծրագրեր իրականացնել:

–       Տիկ. Աղաբալյան, գոնե Ձեզ համար պիտի որ գաղտնիք չլինի, որ անցյալ տարի ամռանը հրաշքով փրկվեց Սխտորաշենի դարավոր տնջրենին: Մի՞թե չի կարելի գոնե փչակում գտնվող մոմասեղանը հանել, որն էլ վտանգի իրական աղբյուրն է: Ավելին` այն Արցախի այցեքարտը կարելի է դարձնել:

–        Միանգամայն իրավացի եք: Պիտի ասեմ, որ կա Սխտորաշենի բարեկարգման

ծրագիր, որն արդեն այս տարի պետք է իրագործվի: Ավելին ասեմ. Սխտորաշենը էթնիկ գյուղ դարձնելու գաղափար կա:

Ասել է թե` վերաբնակեցնե՞լ:

–       Այո, վերաբնակեցնել, բայց դրան զուգահեռ մշակույթի նախարարությունը 2010-ին, առաջին անգամ`«Տնջրե» անունով դասական երաժշտության միջազգային  փառատոն կազմակերպեց: Ինչպես գիտեք, ծառը նաև ուխտատեղի է: Հազարամյակներ շարունակ այստեղ մարդիկ իրենց ուխտն են արել: Իհարկե, կան նախազգուշացնող ցուցանակներ, բայց ամեն դեպքում գտնվում են մարդիկ, ովքեր մոմ են վառում հենց փչակի ներսում, ինչը արգելվում է: Պարզապես պետք է հսկողությունն ուժեղացնել: Բոլոր հարցերը  կկարգավորվեն: Ինչո՞ւ տնջրենին ընտրեցինք որպես փառատոնի խորհրդանիշ: Դրանով մենք  ցանկացանք ցույց տալ  մեր արմատների խորությունը այդ հողակտորի վրա`  մատնանշելով հարատևի, հավերժականի գաղափարը: Այդ քայլով ցանկացանք  այդ տարածքը, ծառը գրավիչ դարձնել նաև զբոսաշրջության առումով: Ասեմ, որ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը պիտի Շուշի տեղափոխվի:   Մարիամյան օրիորդաց վարժարանի շենքը հենց այդ նպատակով է վերանորոգվում: Կարծում եմ, որ դա կխթանի ոչ միայն Շուշիի մշակութային վերածնունդը, այլև կաշխուժացնի կյանքը Շուշիում, որտեղ նոր պատկերասրահ է կառուցվում, վերանորոգվում է մշակույթի տունը: Ծրագրերը շատ են:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 1814 անգամ:
Print Friendly

Leave a Reply