Գուչչի. ինչպես հյուրանոցի շվեյցարը դարձավ աշխարհահռչակ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 21, 2011 16:00

Ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ անուններից է  Գուչչին: Ոչ մի կենսագիր չի կարող մանրամասն պատմել նրա իսկական պատմությունը: Այն լի է ողբերգական ու անբացատրելի փաստերով: Չնայած, այդ ամենը ոչ մի կերպ չի անդրադարձել նրա  ստեղծած` Gucci ապրանքանիշի  մասսայականության վրա:  Այն սիրելի է ողջ աշխարհում:

Ոչինչ չէր հուշում լեգենդի ծնունդի մասին: Ֆլորենցիայում ապրում էր մի մարդ, որի անունը Գուչչիո Գուչի էր…

Դեռ պատանի էր, որ մեկնեց Անգլիա և մինչև 1921 թ. «Սավոյ» հյուրանոցում աշխատեց շվեյցար, վերելակավար և բեռնակիր: Ցանկացած իրավիճակում Գուչչին առավելությունն է  նկատել: Օրինակ, երբ շվեյցար էր, հնարավորություն ուներ էլիտար մարդկանց ուսումնասիրելու, զննելու, նկատելու, թե ինչ պարագաներին են նախապատվություն տալիս:  Ու երբ կորցրեց աշխատանքը, որոշեց արմատապես փոխել իր կյանքը:

Վերադարձավ Իտալիա, երբ  արդեն 40 տարեկան էր ու գրպանում  էլ      30 000 լիրա ուներ: Այն ժամանակվա Իտալիայի համար դա մեծ գումար էր:

Գուչչին բացում է  ճամպրուկների պատրաստման սեփական արհեստանոցը: 1923 թ. ֆլորենտական «ոսկի» երիտասարդության համար կաշվե զարդարանք է ստեղծում: Նա դեռևս չուներ իր լոգոտիպը: Գուչչին բոլոր այդ աքսեսուարները ստեղծելիս ոչ թե մտածում էր, թե ինչպիսին կլինի այն կամ ինչ գին կունենա, այլ` ինչ լոգոտիպ: Եվ այսպես, ստեղծագործական «մաքառումների» արդյունքում ծնվեց «լոգոտիպը»`  երկու G տառի միահյուսումը: Եվ ստացվեց, որ դա ոչ միայն հաջող գյուտ էր, այլև իսկական թալիսման: Պատվերները կարծես  առատության եղջյուրից էին թափվում: Տարիների հետ նա կաշվե իրերի մի քանի խանութ է բացում, որոնց վրա դրոշմված ֆիրմային ապրանքանիշը պետք է լեգենդ դառնար:

Գուչչիի տան բարգավաճումը զուգադիպեց Մուսոլինիի կառավարման հետ: 1953-ին նա բացեց իր առաջին խանութը Նյու Յորքում` Մանհեթենում: Սակայն փառքի գագաթնակետին հանկարծամահ եղավ:

Նրա որդիները` Ալդոն, Վասկոն, Ուգոն ու Ռոդոլֆոն, հոր մահից հետո  որոշեցին նրա անունը հավերժացնել ու բացեցին նորաձևության Gucci տունը: Սակայն Իտալիան նրանց համար քիչ էր. եղբայրները որոշեցին ողջ աշխարհը նվաճել: Աստիճանաբար միահյուսված G-ի ապրանքանիշը վերածվեց շքեղության ու պատկառանքի խորհրդանիշի: Նորաձևության տունը սկսեց աքսեսուարներից բացի արտադրել հագուստ, կոշիկ, իսկ ավելի ուշ` օծանելիք:

Գուչչիների դինաստիայի փառքը շատ արագ տարածվեց: Նախանձողներն ու մրցակիցներն ասում էին, որ նրանց  փիարով զբաղվում են անձամբ  Քենեդի ամուսինները: Ջոն Քենեդին  հագնում էր այդ ֆիրմայի արտադրած մոքասինները, իսկ Ժաքլինի բամբուկե բռնակներով պայուսակը պարզապես հանրահայտ էր: Այդ պայուսակն իր ստեղծողներին   համաշխարհային հռչակ բերեց: Սակայն ընկերության հաջողությունը դարձավ նրա մայրամուտը: Գուչչի եղբայրներին փողն ու փառքը շլացրին: Գուչչիո Գուչչիի ժառանգներն իրենց «երախայրիքը» փոխանցեցին ,Investcorpե ընկերությանը: 1990-ին ապրանքանիշն այլևս ընտանիքի սեփականությունը չէր:

«Investcorp» ընկերության գեղարվեստական տնօրենը խելացի մարդ էր, հասկացավ, որ Gucci ոճը փոքր-ինչ ձանձրացրել է, և որոշեց այն երիտասարդացնել: Նա ընկերության գլխավոր դիզայներ նշանակեց հայտնի ու տաղանդավոր Թոմ Ֆորդին, որ տարբեր մասնագիտություններով աշխատելուց հետո հասկացել էր, որ իր կոչումը նորաձևություն արարելն էր: Նա շատ արագ է բարձրանում կարիերայի աստիճաններով և 1996-ին ստանում է «Տարվա մոդելավորող» կոչումը: Գուչչիի տանը հաջողվում է ստեղծել  մեծ մասսայականություն վայելող «ունիսեքս» ոճը: Դրանից բացի, Ֆորդը  կոստյումի հատուկ մոդել է ստեղծում այն մարդկանց համար, ովքեր մշտապես ճամփորդում են: Թոմը կարողացավ արժանավայել շարունակել ու կատարելագործել  հագուստի ու աքսեսուարների այն միտումները, որ ստեղծել էր անձամբ Գուչչիո Գուչչին: «Ժամանակակից ու նորաոճ լինելու համար». սա է հայտնի նորաձևության տան կարգախոսը:

Դիտվել է 2264 անգամ:
Print Friendly

Leave a Reply