Լավրովի թեական հայտարարությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | March 18, 2011 17:23

Ռուսիո արտաքին գործոց նախարարի կատարած հայտարարությունը Թուրքիո ժողովրդավարության հաշվին կտեղավորվի վարչապետ Էրդողանի Մոսկվա կատարելիք այցելության նախորդող անմիջական ժամանակահատվածին մեջ։ Ռուս արտաքին գործոց նախարարը, ըստ թրքական “Ջիհան” լրատու գործակալության, թրքական ժողովրդավարությունը իբրև նմուշօրինակ (մոդել) կ՛ընդգծե հաստատելու համար իսլամության և ժողովրդավարության համատեղելիությունը։

Աղբյուրի մատնանշումը իհարկե նշանակություն ունի այս պարագային։ Լուրը թողարկողը թրքական լրատվամիջոց մըն է, և շատ են պատճառները խնդրո առարկա դարձնելու լրատվության հավաստիությունը։ Ռուսական կայքէջերու փոխանցած լրատվություններուն մեջ այս մասին նյութ որոնելու մեր աշխատանքները արդյունք չտվին. ինչ որ հիմնական երկու եզրահանգումի մասին մտածել կուտա։

Առաջինն այն է, որ թրքական լրատվամիջոցը շարժած է թրքական տեղեկատվական դաշտի ճշտած օրինաչափություններուն հիմամբ և հանգիստ ձևով կատարած հերթական ապատեղեկատվություն։

Երկրորդն այն է, որ ռուս արտաքին գործոց նախարարը կատարած է հայտարարություն, որ ռուսական պաշտոնական տեղեկատվական գրասենյակին կողմե հատուկ ուշադրության չէ արժանացած։ Ռուսական լրատվադաշտին կողմե նման լրատվություն մը խնամքով անուշադրության մատնելն ինքնին քաղաքական մեկնաբանություններու դուռ կբանա։

Մնանք առաջին տեսության սահմաններուն մեջ փորձել հասկնալու համար, թե թրքական կողմը ի՞նչ շարժառիթներե մղված նման ապատեղեկատվություն շրջանառության մեջ կդնե։ Ըստ “Ջիհանի”, Լավրովի արծարծած թեման Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մեջ ծայր առած ժողովրդային ըմբոստություններն են։  Երևույթը դրական գնահատելով` Լավրով անշուշտ միշտ, ըստ “Ջիհանի”, տեղվույն իշխանություններու վարչաձևի փոփոխությունները կը պատկերացնե կատարել ժողովրդավարական կարգերու հիմամբ և ոչ թե իսլամական օրենքի։ Ահա այստեղ է, որ կմեջբերվի թրքական օրինակը իբրև իսլամական կրոնն ու ժողովրդավարությունը ճիշտ ձևով համատեղելի դարձուցած երկիր։

Այստեղ թրքական օրինակին անճշտությունը փաստելու հարցն առաջնային չէ այնքան, որքան ապատեղակատվության շարժառիթը և ավելին, եթե նման հայտարարություն կատարուած է անոր տուն տվող բուն պատճառը։

“Ջիհանի” նպատակը միայն ռուսական շրջաններեն թրքանպաստ հովերու տեսանելիությունը ցույց տալը չէ. միաժամանակ գերտերության մը կողմե ժողովրդավարության օրինակ հանդիսացած ըլլլաու փաստը միջազգային ընտանիքին ու հանրության ներկայացնելն է։ Նման քարոզչաքաղաքական ուղեգիծ պաշտոնական Անկարայեն հրահանգված է կիրարկել միջին արևելյան տարածաշրջանի բոլոր երկիրներուն մէջ տեղվուն թրքական դեսպանատուներուն կողմե։ Թուրքիո փորձած նոր դիմագծի տարածումն անհրաժեշտ է սուր կերպով՝ Թուրքիո արտաքին քաղաքականության համար։

Չմոռնանք. մինչև երեկ երեկո Ռուսիո արտաքին գործոց նախարարության պաշտոնական կայքէջը ոչ միայն չէր տեղադրած Լավրովի վերագրվող այս հայտարարությունը, այլ ընդհանրապես թրքական հարցերու մասին որևէ նյութ չէր առած իր բովանդակության մեջ։ Բայց շարունակենք ենթադրել, որ նման հայտարարություն եղած է։ Վերադառնանք հայտարարության վերաբերող ժամանակահատվածին, վերահամոզվելու համար, որ վարչապետ Էրդողանի Մոսկվա այցելության նախօրյակը լուսարձակ կխլե բնական կարգով։

Թրքական ապատեղեկատվությունը ճիշտ ընտրություն կատարած է ժամանակի առումով։ Պաշտոնական հերքումները Ռուսիո արտաքին հարցերու գերատեսչության կողմե ա՛յս ժամանակահատվածին օգտակար պիտի չըլլային ռուս-թրքական մերձեցում նախապատրաստող մթնոլորտին համար։

Այս հարցեն անկախ, թե ինչո՛ւ Մոսկվան և Անկարան մեծ շուքով և տարողությամբ կնշեն Մոսկվայի պայմանագրին 90-ամյակը, մեկնաբանելի տարբեր խնդիր է։ Պետք է հետևել իրադրություններուն` իմանալու համար, որ այդ օրերուն Թուրքիո ժողովրդավարության օրինակը վերստին պիտի արծարծվի՞ պաշտոնական Մոսկվայի ղեկավարներուն կողմե։

Շահան Գանտահարյան

«Ազդակի» գլխավոր խմբագիր

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply