ՀՀ ԱԳ Նախարարի ելույթը եւ պատասխանները հարցերին Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 18, 2011 13:51

Հարգելի պարոն Աժուբալիս,
Հարգելի բարեկամներ,
Ես ուրախ եմ ողջունել Աուդրոնիուս Աժուբալիսին՝ իմ լիտվացի գործընկերոջը, որն այստեղ է գտնվում որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության գործող նախագահ: Ինչո՞ւ եմ ես բացում այս հապավումը, որովհետեւ ցանկանում եմ ընգծել այն, ինչը մեզ համախմբում է այս կազմակերպության մեջ՝ Եվրոպայում անվտանգության ամրապնդումը եւ համագործակցության զարգացումը:
Հայաստանը ԵԱՀԿ ակտիվ անդամ է, իր մասնակցությունն է բերում կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններով, նաեւ բարեփոխումների գործընթացին, լինի դա Կորֆուի, թե այլ ձեւաչափերով:
Հայաստանն աջակցել է Լիտվայի ընտրությանը որպես ԵԱՀԿ նախագահ եւ Լիտվայի նախագահության ընթացքում մենք մեր նպաստն ենք բերելու՝ աջակցելով բոլոր այն քայլերին, որոնք ձեռնարկվում են կազմակերպության դերակատարության եւ արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Ես շատ ուրախ եմ, որ իմ լիտվացի գործընկերոջ այցելությունը երեկ սկսվեց նրանով, որ միասին նշեցինք Լիտվայի Ազգային տոնը: Դա խորհրդանշական է, այն առումով, որ Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թ.-ին:
Մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հուսով ենք, որ Լիտվայի արտգործնախարարի այցելությունը, նաեւ մայիսի սկզբին նախատեսված Լիտվայի նախագահի այցելությունը կնպաստեն մեր հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:
Մենք երեկ սկսեցինք մտքերի փոխանակումը երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային, միջազգային տարբեր հարցերի շուրջ՝: Եւ այսօր ընդլայնված ձեւաչափով շարունակեցինք մեր քննարկումները ԵԱՀԿ-ին առնչվող հարցերի վերաբերյալ:
Բնական է, որ մենք անդրադարձանք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: ԵԱՀԿ Մինսկի խումբը իր եռանախագահներով այն ձեւաչափն է, որ ստեղծվել է միջազգային հանրության կողմից, ունի միջազգային հանրության մանդատը եւ աջակցությունը, ձեւաչափ, որի շրջանակներում ընթանում են բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:
Ես նշեցի այդ քննարկումների ընթացքում, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է այն հայտարարություններին, այն փաստաթղթերին, որոնք ընդունվել էին ԵԱՀԿ շրջանակներում ղարավայղան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ՝ 2008 թ. դեկտեմբերին Հելսինկիում, 2009 թ. դեկտեմբերին Աթենքում, 2010 թ. հուլիսին Ալմաթիում, 2010 թ. դեկտեմբերին՝ Աստանայում: Եվ նաեւ համահունչ են այն հայտարարություններին, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահների՝ Դմիտրի Մեդվեդեւի, Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի կողմից 2009 թ. լ՛Աքվիլայում եւ 2010 թ.Մուսկոկայում: Մենք իհարկե իմ գործընկերոջ հետ համակարծիք ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային խաղաղ ճանապարհով կարգավորումը այլընտրանք չունի:
Նաեւ ԵԱՀԿ գործող նախագահը ներկայացրեց այն առաջնայնությունները, որոնք Լիտվան ունի իր նախագահության ընթացքում ԵԱՀԿ-ում: Ես մեկ անգամ եւս հայտնեցի, որ Հայաստանը կաջակցի ԵԱՀԿ-ում լիտվական նախագահության ընթացքում ՝ կազմակերպության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար:
Շնորհակալություն: Խնդրեմ, պարոն Աժուբալիս:

Հարց. Նախ պարոն Նալբանդյանին: Հայաստանյան հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը վերջերս կարծիք էր հնչեցրել, որ թերի է ընթանում Հայաստան- ԵՄ համագործակցությունը, օրինակ բերելով Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը: Ինչպես կմեկնաբանեք այս կարծիքը:
Էդվարդ Նալբանդյան: Ինչ վերաբերվում է Հայաստան-Եվրոպական Միության համագործակցությանը, ապա ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն գնահատականներին, որոնք հնչեցվել են Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թե Երեւան այցելությունների ընթացքում, թե Բրյուսել Հայաստանից բարձրաստիճան ներկայացուցիչների այցելությունների ժամանակ, իսկ այդ գնահատականները դրական են:
Ամենաթարմ օրինակը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցելությունն է Բրյուսել, երբ Եվրամիության կողմից ամենաբարձր մակարդակով դրական գնահատական տրվեց Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությանը:
Ես ձեզ եւս մի օրինակ էլ բերեմ. վերջերս, երբ Վիշեգրադ+ հանդիպմանն էի Բրատիսլավայում եւ այնտեղ քննարկվում էր Արեւելյան Գործընկերության ձեւաչափով համագործակցությունը, եւ տարբեր երկրներ ներկայացնում էին բանակցությունների գործընթացները Եվրամիության եւ իրենց երկրների միջեւ, երկրներից մեկը, որը զգալի առաջընթաց էր արձանագրել, հայտարարեց, որ իրենք բանակցությունների ընթացքում փակել են արդեն փակել են քննարկվող հարցերի ութ գլուխ: Երբ հերթը հասավ ինձ, ես համեստորեն ասացի, որ մենք էլ վատ չենք ընթանում եւ մենք փակել ենք տասներեքը:
Հարց. Պարոն Նալբանդյան, վերջին օրերին Մոսկվայում տեղի ունեցող ռուս-թուրքական հանդիպումները հասարակության մեջ մտահոգություններ են առաջացնում, որ հայ-ռուսական հարաբերությունների վրա կարող են ազդեցություն ունենալ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
Պատասխան. Հայ-ռուսական հարաբերությունները այնպիսի ամուր հիմքերի վրա են դրված, որ Մոսկվա որեւէ այլ երկրի ղեկավարի այցելությունը չի կարող որեւէ բացասական ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների վրա:
Հարց. Պարոն Աժուբալիս, ԵԱՀԿ-ում լիտվական նախագահության ամենասկզբից Դուք անվերապահ աջակցություն հայտնեցիք ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, եւ միացաք արդեն շուրջ երկու տարի հնչող միջազգային հանրության կոչերին. դիպուկահարներին հանելու շփման գծից,արդյոք հետեւում եք, կամ հետամուտ եք լինելու այս կոչի իրականացմանը ձեր նախագահության ընթացքում:Սա առաջին հարցն է եւ երկրորդ հարցը կապված է երեկվա Մինսկի խմբի հայտարարության հետ, որտեղ նշված է,որ անհրաժեշտ է մեխանիզմ ստեղծել հրադադարի խախտումների դեպքերի քննության համար ինչպես եք պատկեռացնում, տեսնում այդ մեխանիզմը:
Պատասխան. [Ի հավելումն Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի պատասխանի]
Քանի որ սա բավական զգայուն հարց է, ես կցանկանայի հավելել եւ այդ կապակցությամբ հիշեցնել, որ վերջին երկու տարիների ընթացքում շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու կոչերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գործող իրար հաջորդող նախագահների, եւ այսօր նաեւ լիտվացի նախագահողի կողմից, եւ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների. թե Հայաստանը, թե´ Ղարաբաղը դրական են արձագանքել են այդ առաջարկին` ինչպես դիպուկահարների դուրսբերման, այնպես էլ հրադադարի ռեժիմի ամրապնդման, նաեւ միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մեխանիզմի ստեղծման միջադեպերի վերաբերյալ առաջակին:
Դուք գիտեք, որ Հայաստանի ԱԳՆ-ն անմիջապես ողջունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը հետաքննության մեխանիզմի ստեղծման կապացությամբ,: Եվ կցանկայի հիշեցնել նաեւ ՀՀ Նախագահն առաջարկ է արել, որն աջակցություն է ստացել միջազգային հանրության կողմից, համաձայնության գալ ուժի չկիրառման վերաբերյալ:
Վերջին շրջանում` թե´ Սոչիից առաջ, թե´ Սոչիից անմիջապես հետո, եւ անգամ երեկ, երբ տարածաշրջանում են գտնվում եռանախագահող երկրների ներկայացուցիչները` դեսպանները, եւ անգամ ԵԱՀԿ գործող նախագահը, ադրբեջանական դիպուկահարները երեկ եւս մեկ զինվորական են սպանել Ղարաբաղում: Եվ դրա հետ մեկտեղ մեծ աղմուկ են բարձրացնում, առանց հիմնավոր փաստարկների` կապված ինը տարեկան տղայի մահվան հետ, որը անգամ տեխնիկապես անհնար էր, որ դա լիներ Ղարաբաղի կողմից:
Այս բոլոր քայլերը ինչ-ինչ պատճառներով տարածաշրջանում լարվածության ավելացման պատճառ են հետապնդում: Մենք կողմ ենք, որպեսզի այն դրական միտումը, որը առաջացել է Սոչիում հանդիպման արդյունքում, կեղմերն օգտագործեն հիմնախնդրի կարգավորման բանակցությունների գործընթացը առաջ տանելու համար:
Շնորհակալություն:

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply