Տիգրան Սարգսյանն ամփոփում է Բրյուսելյան այցի արդյունքները

Պաշտոնական, Օրվա լուր | | March 18, 2011 15:10

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը ամփոփել է հայատանյան պատվիրակության` Բրյուսել կատարած այցի արդյունքները:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ունի  լիակատար և բազմակողմանի աջակցություն Եվրամիության բոլոր կառույցների կողմից. «Բոլոր մակարդակներում մենք ստացել ենք հավաստիացում, որ բարեփոխումների այն ծրագիրը, որ իրականացնում է մեր կառավարությունը, ստանալու է լիակատար և բազմակողմանի աջակցություն, ինչը, բնականաբար, լրջագույն հնարավորություն է տալու կառավարությանը 2011թ. նոր թափ հաղորդել բարեփոխումներին»:

Սարգսյանը նաև նշել է, որ  առաջարկվում է բազմազան գործիքակազմ` օգտվելու Եվրամիության օժանդակությունից. «Դա նշանակում է, որ էապես պետք է ակտիվացնել բոլոր գերատեսչությունների համագործակցությունը Եվրամիության համապատասխան կառույցների հետ: Դա նշանակում է, որ մեր նախարարներն առաջին հերթին պետք է ուղղակի կապերի մեջ լինեն իրենց գործընկերների հետ Բրյուսելում և այդ կապերն օգտագործեն ի նպաստ այն բանի, որ մի կողմից մեզ համար հասանելի լինեն այդ գործիքները, մյուս կողմից ավելի ճշգրիտ ներկայացվեն այն խնդիրները և առաջնահերթությունները, որ ծառացած են մեր գերատեսչությունների առջև: Բոլոր հանձնակատարների հետ հանդիպումների ժամանակ մենք ամրագրել ենք, որ այդ հնարավորությունները Հայաստանի համար այսօր հասանելի են և անհրաժեշտ է, որպեսզի մեր գերատեսչությունները ակտիվություն դրսևորեն այդ առումով: Հաջորդ շաբաթ մենք խոհրդակցություն ենք անցկացնելու և կխնդրեի, որպեսզի բոլոր գերատեսչությունների ղեկավարները պատրաստվեն այդ խորհրդակցությանը, մասնավորապես` Եվրամիության հետ համագործակցության տեսակետից ինչ ծրագրեր ենք մենք սկսել, ինչ պարտավորություններ ենք ստանձնել և ինչ անելիքներ ու լրացուցիչ խնդիրներ ունենք, որ պետք է լուծենք, որպեսզի հստակ ձևակերպումներով և մեր ակնկալիք օժանդակության վերաբերյալ հստակ նախագծերով կարողանանք ներկայանալ Բրյուսել, որպեսզի ստանանք այն օժանդակությունը, որ Եվրամիության կառույցները կարող են մեզ տրամադրել:

Բնականաբար, այսպիսի մոտեցումները և վերաբերմունքը մեզ ոգևորում են այն առումով, որ այդ ամենը մեզ լրացուցիչ լիցք է փոխանցելու նոր թափ հաղորդել բարեփոխումներին, ընդ որում, առաջնային պետք է լինեն այն բարեփոխումները, որոնք իրենց արդյունքներով մեր քաղաքացիների համար ստեղծելու են ավելի բարձր կենսամակարդակ ապահովելու հնարավորություններ, որպեսզի մեր քաղաքացիները զգան այդ բարեփոխումների արդյունքները: Սա առաջին:

Երկրորդ խնդիրը երկկողմանի հարաբերություններն են: Մեր հանդիպումները Բելգիայի վարչապետի, Սենատի ղեկավարի և խորհրդարանի նախագահի հետ վկայում են, որ կա բավականին մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու առումով և այստեղ էլ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն կկարողանանք նոր թափ հաղորդել երկկողմանի հարաբերություններին:

Երրորդ խնդիրը կապված է Ճապոնիայի ողբերգական իրադարձությունների հետ. հասկանալի է, որ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է ատոմակայանների անվտանգության խնդիրը: Բոլոր երկրներում, որտեղ կան ատոմակայաններ, կառավարությունները կազմակերպում են լրացուցիչ քննարկումներ, հաշվի առնելով Ճապոնիայում ստեղծված իրավիճակը` ինչ ռիսկեր են առկա այդ բնագավառում և ինչ լրացուցիչ միջոցառումներ պետք է իրականացնել անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Կարծում եմ, այդպիսի քննարկումներ մենք նույնպես կծավալենք, հաշվի առնելով նաև Ճապոնիայի այն խնդիրները, որոնք այսօր առաջացել են: Ըստ էության առաջին եզրահանգումն այն է, որ եթե մի քանի հանգամանքներ համընկնում են, ապա այդ դեպքում է, որ առաջանում են լուրջ ռիսկեր: Ճապոնիայի դեպքում երկրաշարժի հարվածները ամենևին չեն վնասել ատոմակայանին, այլ հիմնական խնդիրը առաջացել է այն բանից հետո, երբ 10 մետրանոց ալիքը հարվածել է ատոմակայանների ենթակառուցվածքներին և խաթարվել է էլեկտրասնուցումը: Պարզվել է, որ ատոմակայանների պաշտպանողական շերտը նախատեսված է եղել 6 մետրանոց ալիքի համար այն դեպքում, երբ ցունամիի հետևանքով առաջացած ալիքը 10 մետրանոց էր, որը և հասցրել է այս լրջագույն վնասը: Դա նշանակում է, որ մեր ուշադրության կենտրոնում էլ պետք է լինի ոչ միայն զուտ ատոմակայանը, այլ նաև ենթակառուցվածքները, որոնք ապահովում են ատոմակայանի անխափան աշխատանքը: Մենք մեկ անգամ ևս լրացուցիչ քնարկման առարկա կդարձնենք այս խնդիրը` հրավիրելով նաև միջազգային փորձագետների, ստանալով նաև նրանց գնահատականները, թե ինչ ջանքեր պետք է գործադրենք բարձրացնելու նաև մեր ատոմակայանի անվտանգությունը»:

Նիստի ավարտին վարչապետն անդրադարձել է ծխախոտի ակցիզային հարկերի օրենքին, որը քննարկվել է ԵՄ գործընկերների հետ, փորձագետներ են աշխատել Հայաստանում` վերջնական եզրակացության համար: «Մենք Բրյուսելում նույնպես քննարկեցինք այդ եզրակացությունը, որը դրական է և համապատասխանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին: Դա նշանակում է, որ կառավարության այն արձանագրային որոշումը, որով մեկնաբանություն էր տրվում, թե ինչպես են գործում միջազգային պայմանագրերը ՀՀ-ում, մենք կարող ենք այսօր արձանագրային որոշմամբ չեղյալ հայտարարել, և օրենքն ամբողջությամբ և լիակատար կաշխատի: Եվ չափազանց կարևոր է, որ այդ հարցի շուրջ կա դրական եզրակացություն ոչ միայն ԵՄ փորձագետների, այլ նաև դրական կարծիք ներմուծողների , ինչպես նաև մեր տեղական արտադրողների կողմից:

Երկրորդ, ԵՄ մեր գործընկերների հետ մենք քննարկել ենք դրոշմապիտակների մասին մեր օրենդրական նախաձեռնությունը: Առաջարկությունը հետևյալն է. օրենքի այդ նախագիծը մենք ետ կանչենք Ազգային ժողովից և մեր ԵՄ գործընկերների հետ սկսենք լուծել շտրիխ կոդերով բոլոր ապրանքատեսակների հաշվառման միասնական համակարգ ներդնելու խնդիրը: Այդ համակարգն այսօր Եվրոպայում կիրառվում է, և դա նշանակում է, որ բոլոր ապրանքատեսակները կհաշվառվեն այդ միասնական համակարգով: Այդ առումով մենք տեխնիկական օժանդակություն կստանանք մեր եվրոպական գործընկերներից ևս: Կարծում եմ, որ տեխնիկական այդ օժանդակությունը կարող է էապես բարելավել մեր օրենսդրական կարողությունները, օրենքների մշակման կարողությունները»:

Դիտվել է 1369 անգամ:
Print Friendly

Leave a Reply