Քնի խանգարումները` լուրջ առողջական խնդիրների պատճառ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 18, 2011 13:53

Երկրագնդի բնակչության 40-45 տոկոսը տառապում է քնի տարատեսակ խանգարումներով, իսկ մարդկության 15-20 տոկոսն էլ ունի խրոնիկական անքնություն. Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նյարդաբան, քնի խանգարումների մասնագետ Սամսոն Խաչատրյանը:

Նրա խոսքով` քնի խանգարումները և դրա հետևանքները ողջ աշխարհում մեծ խնդրի են վերածվել և պատահական չէ խոսքը, որ «քունը առաջին ռեսուրսն է, որ մարդկությունը կսպառի»:  Այդ իսկ պատճառով Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիան արդեն 3-րդ տարին է, որ մարտի 18-ը նշվում է որպես խնի խանգարումների միջազգային օր:

«Զարգացող հասարակություններում քնի ժամանակը գնալով կրճատվում է: Իսկ մարդն առանց քնի չի կարող ապրել,- ասում է Խաչատրյանը:- Քնի խանգարումը բերում է կյանքի որակի վատացման, անաշխատունակության, որն էլ պատճառ է դառնում  հասարակության արդյունավետության նվազման»:

Մասնագետները քնի խանգարման տարբեր տեսակներ են առանձնացնում: Մեծ տարածում ունեն անքնությունը, քնի շնչառական խանգարումները (խռմփոց), քնի ավելցուկը նաև անհանգիստ ոտքերի համախտանիշը:

Վերջինը, ըստ Խաչատրյանի, հաճախ կապված է օրգանիզմում երկաթի պակասի հետ, նկատվում է նաև հղիների մոտ: Այս դեպքում մարդը երեկոյան քնի ժամանակ ոտքերում տարօրինակ տհաճ զգացողություն է ունենում, որը և խանգարում է նրա քունը:

Նյարդաբանն ասում է, որ ուսումնասիրությունները պարզել են, որ քնի օպտիմալ ժամանակը 5-8 ժամն է. թե ավել, թե պակաս քնող մարդիկ ունեն առողջական խնդիրներ:

Անքնությունից խուսափելու համար Խաչատրյանը կոչ է անում հետևել քնի հիգիենային. քնելուց առաջ կոֆեին պարունակող հեղուկներ չօգտագործել, չսնվել, զերծ մնալ ակտիվությունից ու հուզմունքներից:

Խաչատրյանը նշում է, որ քնի խանգարումները լուրջ խնդիր են նաև Հայաստանում, սակայն քնի խանգարումների հայտնաբերելիությունը ցածր է համարժեք կլինիկական չափանիշներ չլինելու պատճառով: Ըստ Խաչատրյանի` մեր երկրում վիճակագրական տվյալներ կան միայն քնի խանգարման անհանգիստ ոտքեր տարատեսակի մասին. 18-ից բարձր տարիք ունեցող հայերի 8 տոկոսն ունի այս ախտանիշը: «Քնի խանգարում ունեցող հիվանդների գերակշիռ մասը անքնությամբ է տառապում, հաջորդում են քնի շնչառական խանգարումները»,- ասում է նյարդաբանը` հավելելով, որ Հայաստանում, ըստ ամենայնի, քնի խանգարումների ծավալները նույնն են, ինչ զարգացած երկրներում:

Անդրադառնալով առաջիկայում սպասվող անցմանը ամառային ժամանակին` Խաչատրյանը նշում է, որ դա ևս կարճ ժամանակահատվածով քնի խանգարումներ է առաջացնում: Նրա խոսքով, սակայն, օրգանիզմը մի քանի օրից կհարմարվի նոր օրակարգին, քանի որ նման փոփոխությունների սովոր է:

Դիտվել է 2298 անգամ:
Print Friendly

Leave a Reply