Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը Հայոց ցեղասպանության թանգարանի նոր դատաքննության վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 18, 2011 12:39
Ամերիկայի Հայկական Համագումարի ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ Պրն. Ջերարդ Կաֆեսջյանը և անցած տարվա ավարտին դատաքննությունը վերահսկող դատավոր Կոլին Կոլար-Կոտելլին բավական մտերիմ են: Ի հավելումն, կողմերը չեն թաքցրել նաև այն, որ միասին Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին են նվիրաբերել ժամանակակից ապակյա արվեստի բացառիկ նմուշ:
Դատավորի և պրն. Կաֆեսջյանի միջև գոյություն ունեցող «փոխշահավետ» և «հասութաբեր» հարաբերություններն այս վերջերս բացահայտելով` Ամերիկայի Հայկական Համագումարի իրավաբանները անցած շաբաթ նոր դատաքննության դիմում ուղղեցին այն հիմունքով, որ դատը անկողմնակալ չի ընթացել: Հետաքրքիր է նշել նաև, որ Կոլումբիա շրջանի դաշնային դատարանի բոլոր դատավորներից հենց այդ դատավորն է վարել դատաքննությունը:
Մասնավորապես, Համագումարի իրավաբանները դիմումում նշել են, որ «Դատավոր Կոլար-Կոտելլին և Կաֆեսջյանը հրապարակավ ճանաչված են որպես միացյալ նվիրատուներ» Ստանիսլավ Լիբենսկու և Ջարոսլավա Բրիխտովայի ժամանակակից ապակյա արվեստի նմուշը Մետրոպոլիտեն Արվեստի Թանգարանին հանձնելու համար: Կաֆեսջյանը դատաքննությանը վկայություն տվեց, որ նա ցանկանում էր, որ Լիբենսկին Հայոց Ցեղասպանության Թանգարանի համար ստեղծի ապակյա մի քանդակ: Դատավոր Կոլար-Կոտելլին իր 190 էջանոց որոշման հուշագրի մեջ նույնպես հղում արեց Լիբենսկուն:
Մետրոպոլիտեն Արվեստի Թանգարանին արված համատեղ նվիրաբերությունից բացի Կոտելիները և Պրն. Կաֆեսջյանը նաև հետաքրքրություն են կիսում ապակու հայտնի արվեստագետ Դեյլ Չիհուլիի նկատմամբ, քանի որ երկուսն էլ հավաքում են նրա աշխատանքները: Պրն. Կաֆեսջյանը դատաքննությանը վկայություն տվեց, որ Չիհուլիի աշխատանքներից ցուցադրված են Հայաստանում` Կաֆեսջյանի արվեստի թանգարանում: Դատավոր Կոլար-Կոտելին իր 190 էջանոց որոշման հուշագրի մեջ նույնպես այս փաստին հղում է արել, սակայն նորից չքողարկելով այն, որ գոյություն ունի ընդհանուր շահ Կաֆեսջյան կողմի հետ:
Օրենքին համաձայն (28-րդ օրենքի հոդված 455a) դատավորը «ինքնաբերաբար զրկվում է ցանկացած դատավարություն վարելու իրավունքից, եթե իր անկողմնակալությունը կասկածի տակ է դրվում»: Ավելին` դատավորը որակազրկվում է նաև այն դեպքում, երբ նա` դատավորը, կամ իր ամուսինը ունեն «շահ, որը կարող է էապես ներազդվել դատավարության արդյունքից»: Միացյալ Նահանգների գերագույն դատարանը բացատրել է դատական ընթացակարգի ազնվության նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու կարևորությունը, և նույնիսկ որակազրկող հանգամանքների վերաբերյալ դատավորի անտեղյակության դեպքում էլ «չի բացառվում այն վտանգը, որ ‘իր անկողմնակալությունը կարող է լրջորեն կասկածի տակ դրվել’ այլ անձանց կողմից»: Հաստատված նախադեպ է նաև այն, որ պետք է դադարեցնել տվյալ գործի վերաբերյալ բոլոր հետագա դատավարությունները:
Դատավորի անաչառությունը նույնպես հարցականի տակ է դրվել` հիմնվելով պրն. Կաֆեսջյանի, նախկին նախագահ Բիլ Կլինտոնի ու դատավոր Կոլար-Կոտելիի և իր ամուսին Ջոն Կոտելիի միջև կապի վրա. Ջոն Կոտելին Վաշինգտոնում հաստատված իրավաբան է: Նախագահ Կլինտոնը Կոլար-Կոտելիին դաշնային դատավոր է նշանակել 1997թ.-ին: Կաֆեսջյանի գործընկերը Վեստ Փաբլիշինգում` Դվայթ Դ. Օփերմանը, նշել է, որ նա և նախագահ Կլինտոնն այնքան մոտ էին, որ նախագահ Կլինտոնն իր նախագահության օրոք այցելել է Օփերմանին և նույնիսկ ննջել Պրն. Օփերմանի գրասենյակում: Ջոն Կոտելին էլ օգնել է պաշտպանել նախագահ Կլինտոնին Մոնիկա Լեվինսկու հետ կապված դատավարությունում: Պրն. Կաֆեսջյանը նաև վկայել է, որ նա շատ մոտ է գերագույն դատարանի բոլոր դատավորների հետ:
Պրն. Կաֆեսջյանի և դատավորի միջև գոյություն ունեցող փոխշահավետությունն ու մտերմությունը շատ լավ են բացատրում այն երևույթը, թե ինչու չվիճարկվող փաստերի ու ակնհայտ շահերի բախման պատճառներն անտեսվեցին և լուծվեցին հօգուտ պրն. Կաֆեսջյանի: Ի հավելումն, ավելի ու ավելի տեղեկություններ են ի հայտ գալիս, և Համագումարի իրավաբանը ծրագրում է հրապարակել լրացուցիչ նյութեր` ներառյալ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի «Ներքին լույս. քանդակագործություն» ցուցահանդեսի մասին աշխատանքը, որի նույն էջում պրն, Կաֆեսջյանը ներկայացված է որպես ցուցահանդեսի «փոխատու», իսկ Կոլին և Ջոն Կոտելիները` որպես «կատալոգի հովանավորներ»:
Հաշվի առնելով հանգամանքների ամբողջությունը, ինչպես նաև դատավորի ու պրն. Կաֆեսջյանի անունակությունը քողարկել իրենց մտերմությունը և իրենց ընդհանուր հետաքրքրությունն ու սերը ապակյա արվեստի նկատմամբ` Համագումարի իրավաբանները եզրակացրել են, որ այս նոր բացահայտումները և փոխշահավետ հարաբերությունները «անցնում են կիրառելի չափօրինակ հանդիսացող` «անկողմնակալությունը ենթակա է խոհեմ կասկածանքի» սահմանը» և պաշտոնապես դիմել են դատարանին` պահանջելով նոր դատաքննություն անցկացնել անկողմնակալ դատավորի վերահսկողության ներքո:
Համագումարը ուղղեց պաշտոնական դիմում, քանի որ անհանգիստ էր նախագծի համար ստացված նվիրատվությունների ճակատագրով, ինչպես նաև հետևելով իր բազմաթիվ հովանավորների ցանկությանը` հաշվի առնելով այն, որ պրն. Կաֆեսջյանը մտադրված է օգուտ քաղել այդ նվիրատվություններից, ինչպես նաև գնահատված սեփականության արժեքից` կիրառելով պայմանագրի հայեցողական ռեվերսիոն հոդվածը: Մենք հատկապես ցանկանում ենք նշել, որ նույնիսկ իր որոշման մեջ դատավոր Կոլար-Կոտելին ասել է, որ «չնայած դատարանը հույս է հայտնում, որ սեփականությունը կօգտագործվի թանգարանի համար, սակայն դատարանը ընդունում է, որ Կաֆեսջյան ընտանիքի հիմնադրամը օրենքով պարտավոր չի օգտագործել տարածքները թանգարան կառուցելու համար»:
Դատավեճը սկսվեց 2007 թ.-ի ապրիլին, երբ պրն. Կաֆեսջյանը և իր հիմնադրամը դատի տվեցին համագումարին ու Հայոց Ցեցասպանության թանգարանին և հուշահամալիրին (Armenian Genocide Museum and Memorial –AGMM): Համագումարը հետևողականորեն ձգտում էր հարցի կարգավորմանը նույնիսկ մասնավոր միջնորդների միջոցով: Համագումարը նախկինում համաձայնվել է հարցը կարգավորել դատարանի միջնորդությամբ, որը պրն. Կաֆեսջյանը մերժել է: Ի հավելումն, համագումարը բազմիցս համաձայնվել է հանդիպել պրն. Կաֆեսջյանի հետ` ներառյալ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի միջնորդությամբ: Սակայն Կաֆեսջյանի կողմը վերջին րոպեին խափանել է հանդիպումը և փոխարենը հետևել է թանգարանի ստեղծման ընթացքը ձախողելու քաղաքականությանը, ինչը արտացոլված է «Արմինիեն րեփորթերում» հրատարակված բազմաթիվ հոդվածներում (որի սեփականատերն է պրն. Կաֆեսջյանը): Այս տարվա սկզբին պրն. Կաֆեսջյանը նորից դատի տվեց համագումարին, ինչպես նաև առանձին դատի է տվել Հրայր Հովնանյանին և Վան Գրիգորյանին:
Համագումարը շարունակում է հավատարիմ մնալ Անուշ Մաթևոսյանի մտահաղացման իրագործմանը: Մաթևոսյանը եղել է մեր երկրի մայրաքաղաքում Հայոց Ցեղասպանության թանգարան կառուցելու գաղափարի հեղինակը:






Facebook
Tweet This
Email This Post
