Հանդիպել են «Լույսի» կրթաթոշակառուները և նախագահը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 11, 2009 14:44

luys«21-րդ դարում ունենալ ցածր կրթական մակարդակ, նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը «Լույս» հիմնադրամից արտասահմանյան առաջատար բուհերում ուսանելու համար կրթաթոշակ ստացած ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Սարգսյանն ասել է, որ Հայոց այբուբենի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցի 1-ին աշակերտներն ուղևորվել են աշխարհի չորս ծայրերը` գիտելիք ստանալու և այն Հայաստան բերելու. «Այսօր նույն առաքելությունն են կատարում այն երիտասարդները, ովքեր ստանում են լավ կրթություն և վերադառնում են Հայաստանի Հանրապետություն»:

Նախագահը պետության հիմնական գործառույթներից մեկը համարել է իր քաղաքացիների համար բարձրակարգ գիտելիք, բարձր որակի կրթություն ստանալու պայմանների ստեղծումը: «Լույս»-ի հնարավորությունները, ըստ նախագահի, աստիճանաբար մեծանալու են: Ակնկալվում է, որ այս նախաձեռնությունը օրինակ կծառայի` նմանատիպ այլ հիմնադրամներ ստեղծելու համար:

Ուսանողները հետաքրքրվել են նախագահից, թե ինչպիսին է նա տեսնում արտասահմանում կրթվող երիտասարդների ապագան, քանի որ Հայաստանում լավ կրթություն ունենալու դեպքում էլ երաշխավորված չէ լավ աշխատանք կամ պաշտոն ստանալը: Նախագահն ասել է, որ որակյալ կադրերի պակասը մեծ խնդիր է, ուստի լավ կրթված երիտասարդ կադրերի մեծ պահանջարկ կա. «Լավ կրթությունը պետք է նաև կիրառելի լինի, պետք է կարողանալ սովորածը կիրառել, պրակտիկա ունենալ: Պետությունը շահագրգիռ է կառավարման մարմիններում ընդգրկելու երիտասարդ որակյալ մասնագետների: Մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում և ցանկանում ենք այդ գործընթացում կիրառել թե’ «Լույս»-ի կրթաթոշակառուների, թե’ տարբեր հիմնադրամների աջակցությամբ արտերկրում սովորող երիտասարդների և թե’ հայրենի բուհերի լավագույն ուսանողների գիտելիքներն ու փորձառությունը»:

Երկրի ղեկավարը «Լույս»-ի կրթաթոշակառուներին հանձնել է վկայագրեր և վստահեցրել, որ նրանք իրենց թիկունքում մշտապես կզգան պետության աջակցությունը:

Դիտվել է 1379 անգամ:
Print Friendly

Leave a Reply