Լավ է ուշ, քան երբեք
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | March 23, 2011 8:46
Երևանի կենտրոնում` Սախարովի հրապարակում գտնվող պատանի բռնցքամարտիկների դպրոցը նախորդ շաբաթ անվանակոչվեց Վլադիմիր Ենգիբարյանի անունով:
Վաղուց պետք է արվեր: Ենգիբարյանը մեծ ներդրում է ունեցել հայկական սպորտի տարեգրության մեջ: Նա Հայաստանի միակ բռնցքամարտիկն է, որ հռչակվել է օլիմպիական խաղերի չեմպիոն (1959 թ., Մելբուռն): Աշխարհի առաջնության չեմպիոն չի դարձել միայն այն պատճառով, որ այդ ստուգատեսն անցկացվում է 1974-ից: Սակայն նա Եվրոպայի եռակի չեմպիոն է (1953 թ. ` Վարշավա, 1957 թ.` Պրահա, 1959 թ. Լյուցեռն), 1953-ին հաղթող է ճանաչվել Բուխարեստում կայացած Համաշխարհային ուսանողական խաղերում:
Ենգիբարյանը ռինգում 267 հանդիպում է անցկացրել և տարել է 255 հաղթանակ: Իսկ ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո` 1959 թ., հիմնել է և գլխավորել բռնցքամարտի դպրոցը: Եվ այդ ժամանակվանից մինչև օրս ժողովուրդն այն անվանում էր հայկական սպորտի երախտավորի անունով: Բայց խորհրդային տարիներին անվանակոչության մասին խոսք լինել չէր կարող, քանի որ չգրված օրենք կար, որ մարդու կենդանության օրոք նրա պատվին որևէ հաստատություն չէր անվանակոչվում: Անկախացումից հետո էլ այդ հարցին քիչ ուշադրություն դարձնողներ կային: Երկար ժամանակ խոսվում էր, որ Ենգիբարյանն այդպիսի մեծարանքի պետք է արժանանա, սակայն հարցն անիմաստ մնում էր օդում կախված:
Ի դեպ, անցած տարի, «Անկախի» 5-րդ համարի (փետրվարի 26-մարտի 5) «Անիմաստ» ձգձգում» հոդվածում հարց էր բարձրացվել, որ վերջապես բյուրոկրատիզմին վերջ տրվի, և անհապաղ իրականացվի բռնցքամարտի դպրոցի անվանակոչությունը: Ընդ որում, նշվել էր, որ ճիշտ կլիներ, եթե 2009-ին մարզադպրոցի հիմնադրման 50-ամյակի տոնակատարությունից առաջ անվանակոչությունը կատարված լիներ: Ի դեպ, 1994-ից ԱՄՆ-ում բնակվող Ենգիբարյանն այդ հանդիսությանը մասնակցելու համար հատուկ Լոս Անջելեսից Երևան էր ժամանել, սակայն միջոցառումը հապճեպ էր կազմակերպվել, իսկ դպրոցի անվանակոչության մասին խոսք անգամ չէր եղել:
Եվ թվում էր, թե հարցն այդպես էլ լուծում չի ունենալու: Բռնցքամարտի դպրոցի ներկայացուցիչները մտահոգ էին, սակայն իրենց անզոր էին զգում, քանի որ իշխանավորների անտարբերության վրա ազդելու լծակ չկար: Եվ հարցը լուծվեց հայկական տարբերակով: Ամեն բան անսպասելի շրջադարձ ունեցավ, երբ օրերս Երևան այցելած Ենգիբարյանը հանդիպեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ և սրտնեղեց այդ կապակցությամբ: Նա էլ խոստացավ խնդիրը կարգավորել: Եվ ահա հանդիսավորությամբ արդարությունը վերականգնվեց:
Բռնցքամարտի դպրոցի մուտքի մոտ բազմություն էր հավաքվել: Իսկ պատին ցուցատախտակ էր փակցվել, որի վրա գրված է, որ մարզօջախը կրում է Վլադիմիր Ենգիբարյանի անունը: Փոքրիկ ճեմասրահում էլ ապակուց ցուցափեղկեր են սարքավորվել: Դրանցում մարզօջախի ներկայացուցիչների տարբեր տարիներին միջազգային մրցաշարերում նվաճած մեդալներն են, հուշագավաթները: Ենգիբարյանն ինքն այդտեղ քիչ բան ունի: Իր մարզական պարգևները, որպես հին օրերի հիշողություն, նա ԱՄՆ է տեղափոխել: Այդուհանդերձ, հավաքվածներին հետաքրքրասիրությունը դրդում էր մոտենալ ցուցափեղկերին, ոմանք էլ հարցնում էին, թե որն է ամենից արժեքավոր մեդալը:
Ինչևէ, Ենգիբարյանին հարազատ մարզօջախում դիմավորեցին աղուհացով: Նաև ներկա էր Գագիկ Ծառուկյանը: Նա էլ իր ողջույնի խոսքում, Ենգիբարյանին լեգենդար անձնավորություն համարելով, տեղեկացրեց, որ եկող տարի Հայաստանում շուքով կնշվի անվանի բռնցքամարտիկի 80-ամյակը: Ծառուկյանը նաև անսպասելիորեն հայտնեց, որ նախկինում բռնցքամարտով է զբաղվել, այդ մարզօջախի սան եղել և պարապել է մարզիչ Ալիկ Սարգսյանի ղեկավարությամբ:
Կպատրաստվեն մեդալների կրկնօրինակները
Վլադիմիր Ենգիբարյանը հանդիպումների ժամանակ հիշում էր Հայաստանի մարզական բնագավառի իր նախկին գործընկերներին, ողջագուրվում նրանց հետ: Սակայն տարիներն իրենցն արել են, երբեմն նրան խանգարում է կարծրախտը` հիշողության կորուստը: Եվ ահա, մի քանի հարցերի պատասխանը ստանալու նպատակով զրուցեցինք նրա կնոջ` Քնարիկի հետ: Նա, մասնավորապես, ասաց.
– Կատարվածն անգնահատելի է: Ամեն անգամ, երբ Հայաստան էինք գալիս, թևաթափ էինք հեռանում, մի բան պակասում էր: Այս անգամ մեր պատահական այցը, կարելի է ասել, այսպես ոսկեջրվեց:
– Լոս Անջելեսում Ենգիբարյանը շա՞տ մեդալներ ունի:
– Այո, շատ-շատ: Եվ դրանց շնորհիվ էր,որ մեզ երկու ամսում «գրին քարտ» տվեցին: Տուրիստի կարգավիճակով էինք գնացել, պատահաբար էինք այնտեղ մնացել: Այնպես ստացվեց, որ չկարողացանք վերադառնալ: Արդեն տասը տարի է, ինչ ԱՄՆ- քաղաքացիություն ունենք:
– Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի օլիմպիական ոսկե մեդալները գողացել են: Այդ է պատճառը, որ ժամանակին Շահինյանն ասում էր, որ իրենք չեմպիոններ են` առանց մեդալների: Իսկ Ենգիբարյանի ոսկե մեդալը մնո՞ւմ է: – Այո: Գողությունը խորհրդային տարիներին է եղել: ԺՏՆՑ-ի ցուցասրահից չարագործները տարել են Ենգիբարյանի գոտու ոսկուց պատրաստված մասը: Պատահականորեն նա իր մեդալները չէր ներկայացրել:
– Հնարավո՞ր է, որ հետագայում Ենգիբարյանի մեդալների հավաքածուն Հայաստան տեղափոխվի: – Խնդրել են, որ այդ պարգևների կրկնօրինակները պատրաստենք և մինչև եկող տարի կայանալիք Ենգիբարյանի հոբելյանն ուղարկենք: Այժմ պետք է մտածենք, թե ինչպես կարելի է դրանց կրկնօրինակները պատրաստել: Չգիտեմ գուցե հետագայում այդ մեդալներն էլ այստեղ բերվեն ցուցադրվելու:
– ԱՄՆ–ում Ենգիբարյանը երբևէ աշխատե՞լ է: Օվկիանոսի այն կողմում նրան ճանաչո՞ւմ են:
– Աշխատել է որպես մարզիչ, մի քանի սան է ունեցել: 12 տարի առաջ նրա սաներից մեկը չենպիոն դարձավ ԱՄՆ-ի «Ոսկե ձեռնոցներ» հայտնի մրցաշարում: Իսկ ճանաչումը կա: Լոս Անջելեսում սպորտի և մշակույթի երեկոներ են կազմակերպվում, հրավիրվում է նաև Ենգիբարյանը: Ճիշտ է, վերջին երկու տարին, մի փոքր կյանքներս խառն է, քիչ ենք մասնակցում այդ միջոցառումներին, սակայն մամուլում, հեռուստատեսությամբ միշտ էլ Ենգիբարյանի մասին հրապարակումներ, հաղորդումներ լինում են:
– Քանի՞ երեխա ունեք, որտեղ են նրանք ներկայումս բնակվում:
– Ունենք չորս երեխա` երեք տղա և մի աղջիկ: Ամենափոքրերը` տղաս և աղջիկս, մեզ հետ են, Ամերիկայում: Մեկը Երևանում է, մյուսը` Ռուսաստանում: Հայաստանում մեր տունը, ամառանոցը մնացել են: Այնպես որ դժվար է ասել` կշարունակենք մնալ ԱՄն-ում, թե կվերադառնանք: Ի դեպ, Ենգիբարյանն այնտեղ մնալու առաջին օրից շարունակ ասում է, թե ուզում է վերադառնալ:






Facebook
Tweet This
Email This Post
