Իսլամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | March 19, 2011 15:40
Հայ ժողովուրդը թերևս առաջին ժողովուրդներից է, որ առնչվել է իսլամին, այն մեր իրականության անբաժան մասն է կազմել: Այսօր էլ, ուզենք թե չուզենք, առնչվում ենք իսլամին: Թուրքիայում, տարբեր հաշվումներով, մոտ երկու միլիոն մահմեդական հայ է բնակվում, մենք երեք կողմից շրջապատված ենք մահմեդական երկրներով: Սակայն մեր հասարակության մեջ իսլամի մասին (թարգմանաբար նշանակում է ճշմարիտ ուղի) հակասական, երբեմն էլ թյուր կարծիք է ձևավորվել:
Իսլամը մեզ մոտ հաճախ ներկայացվում է բարբարոս, վայրենի գաղափարախոսություն, որ միշտ կեղեքել ու ճնշել է հայությանը: Բայց իրականությունն այլ է:
VII դարից սկսած, չհաշված բացառիկ դեպքերը, մահմեդական տիրապետողները Հայաստանում քաղաքական և տնտեսական ճնշումներից զատ երբևէ կրոնական ճնշումներ չեն գործադրել: Եվ իսլամի նկատմամբ մեր հասարակության մեջ ձևավորված կարծրատիպը, կարծում եմ, այլ պատճառներ ունի:
Մուհամմեդ մարգարեի մասին միջնադարյան համաշխարհային մատենագրության ամենավաղ հիշատակությունը պատկանում է հայ պատմիչ Սեբեոսին: Իսլամը` որպես վարդապետություն, ծագել է արաբական Մեքքայի Կուրայշ ցեղի Հաշիմյան ցեղի Մուհամմեդ իբն Աբդալլահի (570 – 632) շնորհիվ: Նա դեռ երիտասարդ տարիներին ծանոթացավ հուդայականությանն ու քրիստոնեությանը և դրանց հետ համադրելով իր գաղափարները` ստեղծեց իր վարդապետությունը:
25 տարեկանում ամուսնանալով հարուստ այրի Խադիջայի հետ` Մուհամմեդն ազատվեց սոցիալական խնդիրներից ու լիովին տրվեց իր գաղափարախոսության քարոզմանը:
Մուհամմեդն իր գաղափարները սկսեց քարոզել, և դա դուր չեկավ Մեքքայի արաբական տոհմացեղային ավագանուն: Նրանք հալածանքներ սկսեցին Մուհամմեդի դեմ, և նա 622 թ. ստիպված էր իր կողմնակիցների հետ փախչել Յասրիբ (Մեդինա): Այս տարեթիվն էլ սկիզբ համարվեց հիջրայի` մահմեդականների օրացույցի: Այստեղից նա սկսեց իր արշավանքներն ու շուտով նվաճելով ողջ Արաբական թերակղզին` միավորեց արաբական ցեղերն իր իշխանության ներքո:
Իսլամի գաղափարախոսությամբ աստված մեկն է` Ալլահը: Չկա աստված Ալլահից բացի, և Մուհամմեդը նրա մարգարեն է: Մուհամմեդը միակ աստծո վերջին մարգարեն ու քարոզիչն է Եսայուց, Հիսուսից, մյուսներից հետո, հետևաբար, նրա խոսքն ու պատգամները պետք է համընդհանուր ընդունելություն և կիրառում գտնեն: Իսլամական վարդապետությունը չի ժխտում Հիսուսի գոյությունը, ընդհակառակը` ընդունում է Հիսուսին որպես աստծո մեծագույն մարգարե, բայց չի ընդունում Հիսուսի աստվածային բնույթը, և քանի որ հարկ եղավ աստծո նոր խոսքն ուղղել մարդկանց, ըստ իսլամի, աստված առաքեց Մուհամմեդին:
Ժամանակակից աշխարհում շարունակ շրջանառվում են քննարկումներ Մուհամմեդի և Հիսուսի համեմատական կերպարների շուրջ: Եվ իսլամի ջատագովները բերում են մի շարք փաստեր.
ա. Հիսուսը երբեք չամուսնացավ, իսկ Մուհամմեդն ուներ չորս կին, բազում հարճեր:
բ. Հասարակության հիմքն ամուր ընտանիքն է, և Մուհամմեդն ուներ այդ ընտանիքը, Հիսուսը` ոչ: Իր քարոզներում Հիսուսը շեշտում էր, որ հարկ եղած պարագայում անհատը պետք է լքի ամեն ինչ ու հետևի իրեն, մինչդեռ իսլամական աշխարհում ընտանիքը սրբություն է, և ընտանեկան ավանդույթները` անսասան:
գ. Քրիստոնյաների դրախտը շատ վերացական է և անըմբռնելի: Այլ է դրախտի պատկերացումը իսլամում:
դ. Ղուրանում նշված կանոններն ու նորմերը բխում են հենց արաբ ժողովրդի կենսակերպից, մինչդեռ քրիստոնեությունը հրեական ծնունդ է, և հրեաներն իրենք չընդունեցին Հիսուսի հավատամքը:
ե. Իսլամն արաբական աշխարհի միավորման հիմքը եղավ ու կենսունակ գաղափարախոսություն է, մինչդեռ քրիստոնեության պարագայում կարելի է հակառակը պնդել:
զ. Չնայած իր ծայրահեղական դրսևորումներին` Իսլամը շատ ավելի հաշտեցնող գաղափարախոսություն է, քան քրիստոնեությունը:
Շարքը կարելի է երկար շարունակել: Հակառակ փաստարկներ էլ բերում են քրիստոնեության ջատագովները: Վերջիններս, բացի գաղափարաբանական հարցերից, խարսխվում են այն այն փաստի վրա, որ Հիսուսի և Մուհամմեդի համեմատական կերպարները քննարկելիս Մուհամմեդը հրաշագործությունների առումով շատ է զիջում Հիսուսին: Մուհամմեդը չի կենդանացրել մեռյալների, հաց և նկանակ չի բազմացրել, ջրի վրայով չի քայլել… Ղուրանում Մուհամմեդի հրաշագործությունների մասին գրեթե չի խոսվում: Եղածներն էլ շատ պարզունակ են:
Երբ Մուհամմեդի ազգականները նրանից հրաշքներ են պահանջում` որպես ապացույց նրա մարգարեության, Մուհամմեդը խուսափում է ու ասում այն միտքը, որը հետագայում ամրագրվեց Ղուրանում. «Մեզ հրաշքներ ուղարկելուց հետ է պահում այն, որ նախորդները դրանք սուտ համարեցին»: Սակայն, հակառակ Ղուրանի, Մուհամմեդի հրաշագործությունների մասին բերնեբերան, հետագայում նաև գրականության մեջ բազում ավանդույթներ են շրջանառվում: Դրանք, ըստ էության, նաև մահմեդական հոգևորականության տարածածն էին, քանզի հասարակ բնակչության մեջ նոր հավատն ամրապնդելու համար հարկ էր, որ Մուհամմեդը ժողովրդին ներկայանա նաև որպես հրաշագործ:
Ուշագրավ է, որ Մուհամմեդ մարգարեի հրաշագործությունների մասին պահպանված միջնադարյան աղբյուրների առյուծի բաժինը դարձյալ հայ մատենագրությունն է մատուցում: Մասնավորապես, Մխիթար Անեցու մոտ հանդիպում ենք հետևյալ հրաշագործությունը. Մարգարեն Ալլահից խնդրում է նշաններ, այսինքն` իրեն օծել հրաշագործության շնորհով, որպեսզի համոզի յուրայիններին, որ իր խոսքը ճշմարիտ է, ու Ալլահի կամքով Մուհամմեդը կարգադրում է, որ անտառի մի ծառ, հողը ճեղքելով, մոտենա իրեն և այնուհետև հրամայում է, որ ծառը վերադառնա իր տեղը:
Նույն Մխիթար պատմիչի մեջբերմամբ` Մուհամմեդն իր հայրենակիցներին ուրիշ հրաշք է ցույց տալիս. լեռը պտտեցնում է Մեքքայի շուրջը: Մի այլ տեղ նա իր հինգ մատներից աղբյուր է բխեցնում, որ կողքի ծարավ մարդիկ խմեն և հագենան: Կան այս առասպելի այլ տարբերակներ ևս. Մուհամմեդը ձեռքը մտցնում է ջրով լի թասի մեջ, այնտեղից աղբյուր է բխում, երաշտի ժամանակ անձրև է առաջացնում: Մի այլ հիշատակության համաձայն` մի հրեա կին փորձում է թունավորել մարգարեին և նրան ու զինակիցներին թունավորած խորոված ուլ է հրամցնում: Երբ սկսում են ճաշակել ուլը, այն Մուհամմեդին ասում է կնոջ խարդավանքների մասին և որ թունավորված է:
Երբ Մուհամմեդը բացատրություն է պահանջում կնոջից, վերջինս ուղղակի արդարանում է, թե ուզում էր ստուգել` Մուհամմեդն իսկապե՞ս մարգարե է: Դավադիր կնոջն, իհարկե, մահապատժի են ենթարկում: Մեքքայից Մեդինա փախուստի ճանապարհին Մուհամմեդն իր զինակիցներով պատսպարվում է մի քարայրում, և աստծո հրաշքով քարայրի մուտքը փակվում է բնական պատնեշով, մարգարեն ու զինակիցները խույս են տալիս հետապնդումներից: Մի այլ աղբյուրի մեջբերման համաձայն` Մուհամմեդը մի հրաշք էլ է ցույց տվել. նա ճեղքել է լուսինն ու ի ցույց դրել մարդկանց:
Սակայն, ամեն դեպքում, Մուհամմեդի հրաշագործությունների մասին Ղուրանում չի խոսվում, դրանք ավելի շատ ժողովրդական բանահյուսության պատումներ են:
Վահե Անթանեսյան






Facebook
Tweet This
Email This Post
