Ախորժաբեր ու օգտակար մթերքներ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 20, 2011 15:00

Մասնագետ-սննդաբանները շարունակ այս կամ այն մթերքն են խորհուրդ տալիս` դրանց օգտակար հատկությունները նշելով: Մենք էլ օգտագործում ենք այն, ինչ տվյալ սեզոնին կա շուկաներում ու հարմար է մեր գրպանին: Դրանցից կարելի է համեղ կերակրատեսակներ պատրաստել,  ինչպես նաև պահանջվող սեզոնային վիտամինները ստանալ:

Բողկ (ամսական)

Այս արմատապտուղը հարուստ է C վիտամինով. ինչն էլ նորմալ իմունիտետի համար անփոխարինելի է: Դրան հավելած` C վիտամինն օգնում է մաշկին լավ սնվել ու պահպանել առաձգականությունը: Այն իր գույնով էլ դրական ազդեցություն է թողնում: Սննդաբանները պնդում են, որ վառ գույներն ախորժաբեր են, ցրում են վատ տրամադրությունն ու դեպրեսիան ու  այդպիսով ախորժակ բացում: Այն հաճելի լրացում է բանջարեղենային ուտեստների մեջ, որոնք կարելի է համեմել նաև  թթվասերով:

Կանաչ ոլոռ

Մենք սովոր ենք կանաչ ոլոռն օգտագործել աղցաններում, մինչդեռ ամերիկացիներն ավանդաբար այն օգտագործում են իբրև խավարտ: Կանաչ ոլոռը հարուստ է C,E,K վիտամիններով  (ի դեպ, վերջինն անհրաժեշտ է նորմալ արյունաստեղծման  ու ոսկրերի առողջության համար), իսկ  դրանից ստացած  կալորիաները քիչ են:

Ոլոռը հարուստ է երկաթով, ֆոսֆորով, կալիումով, ինչն օգնում է օրգանիզմից ավելորդ հեղուկի հեռացմանը, իսկ  թաղանթանյութը շատ արագ հագեցնում է քաղցը:

Դդմիկ

Դդմիկի 200 գրամը պարունակում է օրական C և K վիտամինների պահանջվող չափաբաժինը: Դդմիկի մեջ  նույնպես մեծ քանակությամբ թաղանթանյութ` ֆիտոնուտրիենտներ  կան (այս նյութը նպաստում է օրգանիզմից թույների և նյութափոխանակության արգասիքների դուրսբերմանը): Դդմիկը միզամուղ է և մաշկի վրա բարերար ներգործություն է ունենում: Բացի այդ, այս բանջարեղենը  գերազանց է  նիհարելու համար. 100 գ դդմիկը  20 կկալ է պարունակում, այնպես որ դդմիկի հետ համարձակ կարելի է ձեթ, թթվասեր ու այլ բանջարեղեն օգտագործել: Օրինակ` դդմիկը ձվով տապակելով կստանանք վիտամինային համեղ համադրություն ու մեծ քանակով սպիտակուց:

Սպիտակագլուխ կաղամբ

Սպիտակագլուխ կաղամբի մեջ C վիտամինի պարունակությունն այնքան էլ շատ չէ (բրոկկոլիում ավելի շատ է), սակայն բջջանյութ` որքան ասես: Դրա շնորհիվ կաղամբը նույնիսկ համարում են բացասական կալորիականություն ունեցող բանջարեղեն, այսինքն` կաղամբը մշակելու համար օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում, քան ստանում է այն ուտելով: Խոհարարական տեսանկյունից կաղամբն անգին է: Համն ու հյութեղությունը  հնարավորություն են տալիս օգտագործելու  ապուրների, աղցանների (հատկապես թթվասերով),  կարկանդակների  մեջ: Թարմ վիճակում օգտագործելու համար այն պետք է մանրացնել, իսկ շոգեխաշելու համար կարելի է օգտագործել նաև ամբողջական տերևներով:

Արմավ

Արմավն իր մեջ միահյուսում է  բոլոր բանջարեղենների լավագույն հատկություններն ու մրգերի քաղցրությունը: Բացի C վիտամինից և բջջանյութից, այն հարուստ է կալիումով, մագնեզիումով (սրտի համար խիստ օգտակար), կարոտինով (աչքերի համար) և լիկոպինով, որը համարվում է բնական հակաքաղցկեղային ուժեղագույն միջոց: Այն կարելի է ուտել առանց որևէ լրացուցիչ մշակման, ինչպես նաև` օգտագործել աղցանների մեջ: Շատ համեղ են արմավով կաթնային կոկտեյլները. դրա  համար հարկավոր է  կեղևահանած , առանց կորիզի արմավը կաթի կամ էլ պաղպաղակի հետ հարել, ու կստացվի օգտակար և քաղցր ըմպելիք: Ի դեպ. միայն կաթի  համադրությամբ  արմավի կարոտինը կարող է լիարժեք յուրացվել օրգանիզմում:

Շագանակ

Շագանակը տարվա մեջ շատ կարճ ժամանակ է հայտնվում վաճառքում: Դրա համար, երբ պատահում է, ձեր հնարավորությունը բաց մի թողեք: Շագանակի մեջ շատ սպիտակուցներ կան ու կարևորը` ճարպաթթու, ինչն օգնում է ուղեղի, սիրտ-անոթային համակարգի աշխատանքի կարգավորմանը: Ավելին, որոշ հետազոտություններով պարզվել է, որ շագանակը մտածողության պրոցեսի վրա բարերար ազդեցություն է ունենում,  ինչպես նաև` նյարդային համակարգն է «կարգի» բերում: Եվ հետաքրքիր` քաղցրայուղային  համն էլ հնարավորություն է տալիս այն օգտագործելու աղցանների  ու որոշ տաք կերակրատեսակների մեջ:

Դիտվել է 4049 անգամ:
Print Friendly

Leave a Reply