Կիբեռահաբեկչության սպառնալիքը Եվրոպայում և աշխարհում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | March 21, 2011 5:26

Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաները նոր մարտահրավերներ են նետել պետություններին` միաժամանակ նոր հնարավորություններ ընձեռելով  նրանց` արդյունավետորեն մեծացնելու իրենց հզորությունը:

Տեղեկատվական մեթոդով հարձակումներն, ըստ էության, ավելի էժան են, իսկ իրականացման ռեսուրսային բազան` ավելի հասանելի: Այսինքն` կարող են իրականացվել նույնիսկ բազմոցում նստած ու համակարգչից լավ հասկացող պատանու կողմից:

Տեղեկատվական կախվածությամբ երկրները, որոնք այսօր աշխարհի զարգացած երկրներ են համարվում, դառնում են ամենալավ թիրախները  նման հարձակումների համար:

Մի անգամ առիթ ունեցել ենք` խոսելու ԱՄՆ-ի դեմ էլեկտրամագնիսական իմպուլսի (EMP) հարվածի մասին, ինչը հնարավոր դառնալու դեպքում կանջատի բոլոր համակարգիչները, հեռուստացույցները, փողոցային լույսերը,  այն ամենը, ինչ աշխատում է էլեկտրականությամբ, և Ամերիկան հետ կմղի մինչև XIX դար: Իսկ իրանցիները, չինացիները, հյուսիսկորեացիները կամ ահաբեկիչները քաջատեղյակ են, որ ԱՄՆ-ն ամենից շատ է կախված համակարգչային բարդ հաղորդակցություններից:

Բայց հիմա ավելի հեշտ ու ավելի արագ արդյունավետություն երաշխավորող մեթոդ կա. կիբեռհարձակումները, որոնք կարող են ոչնչացնել ընդհուպ այս կամ այն երկրի ատոմակայանը: Հարձակումները, ինչպես իրական ահաբեկչությունը, կարող են գալ աշխարհի ցանկացած վայրից, անհայտ մեկի կողմից և նույնիսկ համակարգչից, որի վրա նախապես համապատասխան ծրագիր է դրված, ասենք, դրանից 1 տարի առաջ: Այս հանգամանքներն էապես դժվարացնում են  դրա դեմ պայքարը:

Այս առումով Եվրոպան շատ ավելի խոցելի է: Միայն 2010 թ. առաջին կեսին Գերմանիայի ներքին գործերի նախարարությունն արձանագրել է շուրջ 1600 էլեկտրոնային հարձակում, (2009 թ.` շուրջ 900): Ուշագրավն այն է, որ այդ հարձակումների հիմնական մասը գալիս է Չինաստանից, այն դեպքում, երբ գերմանա-չինական հարաբերությունները 1990-ականների վերջերից ավելի ու ավելի են զարգացել: Գերմանիան Չինաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է և տեխնոլոգիաների արտահանողը Եվրոպայում, իսկ գերմանական ներդրումների ծավալը Չինաստանում երկրորդն է Եվրոպական երկրների շարքում (Մեծ Բրիտանիայից հետո): Չինաստանը Գերմանիայի երկրորդ ամենամեծ առևտրային գործընկերն է նաև ԵՄ-ից դուրս (ԱՄՆ-ից հետո): Առևտրային ծավալը այս երկու երկրների միջև անցել է 100 մլրդ դոլարի սահմանը:

Գերմանացիներն այս  փաստը բացատրում են հենց Գերմանիայի զարգացած լինելու ու առաջատար տեխնոլոգիաներ կիրառելու փաստով, ինչը գրավիչ է հարձակվողների համար ոչ միայն հետախուզական նպատակների, այլև եկամտաբերության տեսանկյունից:

Չինաստանի համար գերմանական թիրախը կարող է բացատրվել ԱՄՆ-ի հետ Աֆղանստանում գերմանական զինուժի ակտիվ մասնակցության փաստով:

Բայց, մեր կարծիքով, խնդիրն ավելի խորն է և կապված է Չինաստանի կողմից Եվրոպական Միության ամենամեծ տնտեսություն ու ամենախիտ բնակչություն ունեցող երկրի վրա ճնշման նպատակի հետ, ինչը խոսում է նորագույն աշխարհակարգ ստեղծելու չինական հավակնոտ պլանների մասին:

Ավելի պարզ բացատրությունն այն է, որ այդ կիբեռահաբեկչական հարձակումները կատարվում են ոչ թե չինական կառավարության հովանավորությամբ, այլ հակեր անհատների կողմից: Բայց այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ  Չինաստանից նման հարձակումներ են արվում նաև եվրոպական այլ երկրների վրա, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան կամ Ֆինլանդիան, ու ամենակարևորը` հարձակումների մեծ մասն ուղղված է պետական կառավարական մարմինների ու ռազմավարական կարևորություն ունեցող ենթակառուցվածների համակարգչային ցանցերի դեմ:

2010 թ. Ֆինլանդիայում գրանցվել են մեծ թվով ահազանգեր անհատների կողմից, որոնք ենթարկվել էին կիբեռհանցագործությունների ու  դարձյալ Չինաստանից, և դրանք համընկել են Գերմանիայի դեմ չինական կիբեռհարձակումների ժամանակաշրջանի հետ:

NBI-ի (Հետաքննության ազգային բյուրոյի) տվալներով` ֆիննական կազմակերպությունների ու Ֆինլանդիայի պետական մարմինների դեմ կիբեռհարձակումները դարձել են պարբերական: Դրանք հիմնականում կատարվում են էլեկտրոնային նամակագրության ձևով. պետական պաշտոնյան նամակ է ստանում կցված file-ով, և եթե տվյալ կցված նյութը բացվում է, հանցագործները մուտք են ստանում այդ անձի համակարգիչ (PC): Կիրառվում է նաև USB-ների միջոցը: Այդ մեթոդներով 2010 թ. 10 պետական հիմնարկություններից 1-ը հարձակման է ենթարկվել:

NBI-ը նաև արձանագրել է, որ տարբեր ծրագրերի առևտրային գաղտնիքները գողանալը նույնպես դարձել է հաճախակի երևույթ. սա անվտանգության ոլորտում անվանում են «կորպորատիվ լրտեսություն»:

Մեծ Բրիտանիայում  նույնպիսի պատկեր է: Վերջերս Մեծ Բրիտանիայի հաղորդակցությունների գործակալությունը (GCHQ), ուսումնասիրելով հիմախնդիրը, հայտնաբերել է ամեն ամիս ավելի քան 20 հազար «malicious» պարունակող էլեկտրոնային նամակների հոսք կառավարական ցանցեր, որոնցից 1000-ը դրանք խոցելու հատուկ նպատակ են հետապնդել, այսինքն` կազմակերպված են եղել:

Ի դեպ,  ամենավտանգավոր վիրուսներից մեկը «Stuxnet malware»-ն է, որը կարող է ոչնչացնել  ամբողջ գործարան կամ ատոմակայան: Դա կարող է, ասենք, շուկայում հայտնված վիրուսակիր քարտի միջոցով լինել: Stuxnet-ը, ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետների, համակարգում չափազանց դժվար է գտնել:

Երբ արդեն համակարգը վիրուսակալված է, Stuxnet-ը սպասում է` ամեն 5 վայրկյանը մեկ ստուգելով, թե երբ իր պարամետրերը կհամընկնեն համակարգչի հետ. երբ այդ համընկնումը տեղի է ունենում, Stuxnet-ը ծրագրավորվում է հաջորդ քայլերով, ինչը հանգեցնում է տվյալ համակարգի ինքնաոչնչացման:

Ըստ շատ փորձագետների` Իրանի Բուշերի ատոմակայանը նույնպես կարող է Stuxnet-ի պոտենցիալ զոհը դարձած լինել. վիրուսը, ըստ նրանց, հնարավոր է` տեղադրված լինի ատոմակայանի շինարարության վրա աշխատող ռուսական պայմանագրային աշխատողների կողմից, USB-ների միոջոցով:

Եվրոպական երկրներն արդեն անցել են կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրերի: Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է այս տարի հիմնել ազգային կիբեռպաշտպանության կենտրոն: Մեծ Բրիտանիան, իր հերթին, անցյալ տարեվերջին 650 մլն  ֆունտ ստեռլինգի (շուրջ 1 մլրդ դոլլար) ներդրում է արել այդ ոլորտում: Թեև դրա փոխարեն կրճատվել են պետական պաշտպանության վրա ծախսվող գումարները, բայց գովելի է, որ կիբեռանվտանգությունը դարձել է երկրի գերակայություններից մեկը:

Բրիտանական կառավարության վերջերս հրապարակած ազգային անվտանգության ռազմավարությունը («Հզոր Բրիտանիա անորոշության դարում») կիբեռհանցագործությունը դասել է թիվ 1 սպառնալիքների շարքը: Դրանից առաջ բրիտանական կառավարությունը հրապարակել էր առաջին կիբեռռազմավարությունը, որի հիմնավորումը, երկրի առաջին կիբեռանվտանգության նախարար, ադմիրալ Լորդ Ուեսթի կարծիքով, Ռուսաստանից ու Չինաստանից պարբերաբար եկող կիբեռհարձակումներն էին:

Չնայած ստացված բազմաթիվ ահազանգերին, Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը համոզված է, որ համակարգիչների դեմ սպառնալիքը կարելի է վերահսկել: BBC-ի հետ հարցազրույցում նա նշել է, որ «հատուկ թիկնապահներ կան, ովքեր կարող են կանխել նման հարձակումները. նրանք մասնագետների խումբ են, որոնք կարող են օգնել մարդկանց ու կառավարություններին» կիբեռհանցագործությունների դեմ պայքարում:

Ամեն դեպքում, կիբեռհարձակումներն այսօր ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում աշխարում:

Ըստ որոշ աղբյուրների` աշխարհի 2 մլրդ ինտերնետ օգտագործողների շուրջ 65 տոկոսը դարձել է կիբեռհանցագործության զոհ: (Շատերը ստացած կլինեն էլեկտրոնային նամակներ Աֆրիկայից, որոնցում բանկային գործարք են առաջարկում, կամ` սեքսուալ նկարներ առաջարկող «link»-եր:)

Տարածումը, մեր կարծիքով, բացատրվում է նաև Գեյթսի նշած անվտանգության մասնագետների` այդ հանցագործություններում հնարավոր մասնակցության հանգամանքով: Դժվար չէ ենթադրել, որ ինտերնետի այդ ոլորտը գիտելիքի վաճառման ու այդպիսով «սև շուկայի» լավագույն  հարթակը կարող է դառնալ: Դա թմրանյութերի վաճառքից ավելի գայթակղիչ շուկա է ենթադրում:

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply