Ադրբեջանում նոր զարգացումներ կարող են լինել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | March 18, 2011 8:16

Մարտի 11-ը, որ Ադրբեջանում մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ «Ժողովրդական մեծ օր» էր հռչակվել (Ֆեյսբուքում) և երիտասարդների պատկերացումներով պիտի վերածվեր ամբողջ Ադրբեջանով մեկ համազգային բողոքի ցույցեր սկսելու օրվա, այդպիսին չդարձավ: Իշխանությունները տեղում ճնշեցին ցուցարարներին` ձերբակալելով մի քանի ակտիվիստների և թույլ չտալով կուտակումներ մայրաքաղաքի կենտրոնում: Իշխանություններին դա շատ հեշտ հաջողվեց, քանի որ իրականում փողոց դուրս եկած երիտասարդների թիվն այնքան էլ  մեծ չէր: «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության ներկայացուցիչ Մուբարիզ Գուրբանլին հայտարարեց, որ իրենց դիտարկումներով` այդ ակցիային մասնակցել է ընդամենը 50-60 հոգի, և սա, իր համոզմամբ, ցույց է տալիս, որ բնակչությունը նման գործողությունները չի ողջունում: Նա կանխատեսել է, որ  «Մուսավաթի» հաջորդ օրվա ակցիան  նույնպես չի հաջողվի, սակայն հաջորդ օրը ոստիկանությունը շատ մեծ ջանքեր գործադրեց ընդդիմադիրների չարտոնված հանրահավաքը ցրելու համար:

«Մուսավաթ» և «Ազգային ճակատ» կուսակցությունների ու դրանց համակիրների «Ազատություն», «Հրաժարական», «Հեռացեք, Քադաֆիի բարեկամներ» կարգախոսներով բողոքի ակցիայի դեմն առնելու համար իշխանությունները ստիպված եղան, պաշտոնական տվյալներով, 50 մարդու ձերբակալել («Մուսավաթ» կուսակցությունը հայտնում է 50-100 հոգու ձերբակալման մասին): Ձերբակալել են նաև ընդդիմադիր առաջնորդներին, որոնցից մի քանիսի նկատմամբ բռնություն է գործադրվել: Ձերբակալվածներից 20-ի նկատմամբ դատական գործ են հարուցել:

Իրականում, թե ինչ կերպ էին Ադրբեջանի իշխանությունները պատրաստվել ակցիաների անցկացմանը, ցույց է տալիս, որ լուրջ անհանգստացած էին, որ ակցիաները կարող են զանգվածային բողոքի վերածվել: Մարտի 11-ի ցույցերին մասնակցող ուսանողներին ռեկտորները սպառնացել են ուղղակի հեռացնել համալսարանից: Իշխանությունները բողոքի ակցիաների օրերին վերահսկում էին Բաքվի ելքն ու մուտքը, սահմանափակում շրջաններից դեպի մայրաքաղաք ավտոմեքենաների հոսքը, ինչպես նաև ինտերնետ-սրճարանների աշխատանքային ժամերը, զորք ու զինամթերք էին կուտակել Բաքվում, ազգային անվտանգության ուժերը համալրվել էին ժամկետային ծառայողներով, մայրաքաղաքում ռազմական  մոտ 30 ռազմական օբյեկտ էին ստեղծել ըննդիմադիրներին ամեն կերպ դիմակայելու համար: Մինչև ակցիաներն էլ արդեն ձերբակալել էին երիտասարդ ակտիվիստների, որոնց մինչ այսօր դեռ բաց չեն թողել (նրանց ձերբակալությունների առիթով մտահոգություններ են հայտնել մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և պետությունների ներկայացուցիչներ):

Ադրբեջանցիների ու երիտասարդների պասիվությունը ոչ թե պայմանավորված է նրանով, որ բնակչությունը գոհ է նախագահ Իլհամ Ալիևի տոտալիտար կառավարման մեթոդներից, կամ երիտասարդները համախմբված են նախագահ Ալիևի շուրջը, ինչի մասին հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը, այլ այն համատարած վախով, որ տիրում է Ադրբեջանում: Բացի այդ, մենք արդեն նշել ենք «Անկախում», որ բոլոր մեթոդներով ապալեգիտիմացված հիմնական ադրբեջանական ընդդիմությունը բնակչությանն իր շուրջը համախմբելու լուրջ խնդիր ունի:

Ինչևէ, ընդդիմությունն արդեն հայտատարել է, որ այս մի փորձով չի բավարարվելու, և  ընդդիմադիր ուժերի համատեղ գործողությունները կոորդինացնող «Հանրային խորհուրդը»  հաջորդ «համազգային» հանրահավաքը նշանակել է ապրիլի 2-ին, որն անցկացնելու են ամեն պարագայում: Մարտի 19-ին էլ բողոքի ակցիա է նախատեսված Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև ժողովրդավարական փոփոխությունների, ձերբակալված ակտիվիստներին, լրագրողներին և Ադրբեջանի 65 քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: «Ադրբեջանի ընկերներն ամբողջ աշխարհում պետք է աջակցեն նրանց, ովքեր Ադրբեջանում փորձում են հաղթահարել լռության և վախի հարուցած արգելքները` վտանգելով սեփական բարեկեցությունը, ազատությունն ու կյանքը: Սա պարտավորեցնում է մեզ` ադրբեջանցիներին ու Ադրբեջանի ընկներներին գործել նրանց աջակցության համար»,- ասված է բողոքի ակցիայի կազմակերպիչ «Ադրբեջանա-ամերիկյան հասարակությունը հանուն  ժողովրդավարության» կազմակերպության հայտարարության մեջ:

Մարտի 27-ին առանձին հանրահավաք անցկացնելու է նախապատրաստվում նաև Ադրբեջանի իսլամական կուսակցությունը: Ընդ որում, կուսակցությունն առաջարկել է իշխանություններին ընտրել հանրահավաքի վայրը` հավանաբար հաշվի առնելով այն, որ իշխանությունները, ինչպես եղավ «Մուսավաթի»  հանրահավաքի պարագայում, քաղաքի կենտրոնում այն չեն արտոնի: Կուսակցությունը համոզված է, որ հավաքելու է մոտ 10000 մարդ: Պահանջելու են սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում, սակայն կուսակցության համար, բնակաբար, ավելի առաջնային են իսլամական կուսակցության անդամների և հատկապես առաջնորդ Մովսում Սամեդովին ազատելու, հիջաբ կրելն արգելելու մասին որոշումը չեղյալ համարելու պահանջները: «Մենք ամեն ինչի պատրաստ ենք հիջաբի խնդրի լուծման համար, եթե նույնիսկ մեռնենք այդ ճանապարհին, դա պատիվ կլինի մեզ համար»,-ասել է  Իսլամական կուսակցության ներկայիս նախագահ Էլչին Մանաֆովը:

Այսպիսով, Ադրբեջանում դեռ կարող են նոր զարգացումներ լինել: Սակայն դրա համար նախ Ադրբեջանի ընդդիմությունը պիտի կարողանա բնակչության լուրջ զանգվածի  համախմբել իր շուրջը, չնայած մոտենում են Նովրուզի օրերը (մարտի 19-28-ը հայտարարվել են հանգստյան օրեր Նովրուզի կապակցությամբ), և դժվար կլինի տոնական օրերի ընթացքում և դրանից անմիջապես հետո մարդկանց փողոց դուրս բերել: Մյուս կողմից` հենց այս օրերին կարող են աննախադեպ զարգացումներ լինել:

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply