Գրքի մարաթոն ինտերնետում. գրքահավաքը կհարստացնի Տավուշի մարզի գրադարանները

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 17, 2011 18:00

Մարտի 13-ին՝ Չարենցի ծննդյանը օրը, մեկնարկեց օնլայն տարածքում գրքի առաջին մարաթոնը:

Նախաձեռնության հեղինակը գրող Հովիկ Չարխչյանն է: «Հետսովետական շրջանից սկսած` մեր հեռավոր շրջաններում գրքի որևէ տեղաշարժ չկա, գիրքը հիմնականում կենտրոնացած է Երևանում,- «Անկախին» ասում է Չարխչյանը,- գյուղերում գրադարան չկա, եղածների վրա էլ կողպեք է դրված, գրքերն էլ մութ տարիներին վառել են: Մտածեցինք, որ ինտերնետային մարաթոն չի եղել, սա լավ միջոց է գիրք հավաքելու»:

Հավաքված գրքերը տրամադրվելու են Տավուշի մարզի համայնքային գրադարաններին կամ դպրոցներին:

Նախաձեռնությանը միանում են մի խումբ երիտասարդ էնտուզիաստներ, որոնք պատրաստակամություն են հայտնում աջակցել գրքահավաքին:

Մարաթոնի մեկնարկի օրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «գրքային փոթորիկ էր». լրահոսն ամբողջությամբ լցված էր մարաթոնին միանալու և գիրք նվիրաբերելու մասին հայտարարություններով: Մարդիկ և կազմակերպությունները  շատ արագ արձագանքում էին ու մարաթոնին նվիրում տարբեր քանակությամբ գրքեր:

Նախաձեռնության անդամներից Նշան Աբասյանն ասում է, որ չէր սպասում այդպիսի բուռն արձագանքի: «Ես շատ զարմացած եմ մարդկանց վերաբերմունքից, որ այդպիսի պատրաստակամությամբ ընդառաջ գնացին,- ասում է նա,- կարծում էի, որ սա առիթ էր լինելու, որ մարդիկ ազատվեին դարակներում փոշոտվող գրքերից. բայց՝ ոչ: Բոլորն ընդառաջ էին գալիս գրքի պակասը իրենց գրադարանների հաշվին լրացրած լինելու գիտակցությունից»:

Գրքի հավաքման հետ կապված բազմաթիվ դժվարություններ են եղել:  Չարխչյանն ասում է, որ մարաթոնին այնպիսի մեծ թվով մարդիկ են արձագանքել, որ 10 մեքենան բավարար չէր լինի գնալ բոլոր հասցեներով:

«Բյուրոկրատ» գրախանութը  նույնպես միացել է մարաթոնին ոչ միայն գրքեր նվիրելով, այլև առաջարկելով տարածքն օգտագործել որպես գրքի հավաքման կետ:

Այս պահի դրությամբ հավաքվել է մոտ 6000 կտոր գրականություն: «Սակայն մարաթոնի ավարտին շատ հնարավոր է, որ այդ թիվը կրկնապատկվի,- ասում է Չարխչյանը,- մեր համար անսպասելի էր, որ ձեռնարկը դուրս կգար Երևանի սահմաններից. մեզ արձագանքել են Արմավիրի ու Արարատի մարզի տարբեր համայքներից»:

Չարխչյանն ասում է, որ արձագանքներ են եղել նույնսիկ սփյուռքից, և առաջարկվել է դրամական օգնություն: «Սակայն մենք սկզբում սահմանել էինք, որ որևէ դրամական նվիրատվություն չենք ընդունելու, և նրանց ասել ենք, որ այդ գումարները փոխանցեն իրենց հայաստանաբնակ ազգականներին, որպեսզի նրանք այդ գումարով գրքեր գնեն և նվիրաբերեն»,- ասում է նա:

Գրքահավաքն  ավարտվում է մարտի 18-ին, իսկ   մարտի 19-ին մի խումբ մտավորականների ուղեկցությամբ նախաձեռնող խումբը կուղևորվի դեպի Տավուշի մարզ, որտեղ կանցկացվի գրքի տոն: Այնտեղից էլ գրքերը կբաշխվեն` ըստ դրա կարիքն ունեցող համայնքների:

«Անկախ» թերթը նույնպես միացել է մարաթոնին և նվիրաբերել մոտ 50 կտոր գիրք:

Դիտվել է 1649 անգամ:
Print Friendly

Leave a Reply