Ավտոմեքենաների վաճառքը` 10%-ով, իսկ ներկրումը 40%-ով նվազել է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 11, 2009 13:37

Ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող ընկերությունների տվյալներով՝ ամառվա ընթացքում մեքենաների վաճառքը նվազել է 10%–ով, անցած տարվա համեմատ մոտ 20%–ով։ Իսկ մեքենաների ներկրումը կրճատվել է 12 հազարով:

Վոլոդյա Հակոբյանն արդեն երրորդ ամիսն է` փորձում է իր «OPEL VECTRA» մակնիշի մեքենան վաճառել եւ ազատվել ճգնաժամի ընթացքում կուտակած պարտքերից։ Սակայն ամեն շաբաթ Վանաձորից հասնում է երեւանյան ավտոշուկա, գումար ծախսում ու նույն մեքենայով տուն վերադառնում. «Ուզում եմ գոնե 3500 դոլարով վաճառեմ, բայց գնող չկա, որ 2500 էլ ասեն, կտամ, մենակ ծախեմ»,-ասում է Վոլոդյան, ով անցած տարի կարող էր ամենաքիչը 4500 դոլարով վաճառել իր մեքենան։

«Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան չի կարողանում վաճառել Սարգիս Մարգարյանը։

«Մեքենայի սալոնը նորացրել եմ, ավտոն թարմացրել, որ գոնե 1500 դոլարով ծախեմ, ուրիշն առնեմ, այդպես էլ 2 ամիս առնող չկա»։

Նա պատմում է, որ ավտոշուկայում, երբ որեւէ մեկը գին է հարցնում ու փորձում իջեցնել, քիչ հետո պարզվում է, որ ինքն էլ վաճառելու մեքենա ունի, եւ ուզում է վաճառքի վերջնական գներն իմանալ:

Ավտոմեքենաների ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Արմենիա-Լադա» ընկերության ներկայացուցիչ Ռոման Բարսեղյանը նշեց, որ ամառվա ընթացքում մեքենաների վաճառքը նվազել է, բայց գները` ոչ այնքան. «ուղղակի շուկայում փոփոխություն է նկատվում, հաճախորդներն ավելի շատ նախընտրում են էժան մեքենաներ գնել` մոտ 5–6 մլն արժողությամբ, հիմնականում «NISSAN», «RENAULT», «SHEVROLET» մակնիշների»։ Ինչ վերաբերում է ավտոմեքենաների ներկրմանը, Բարսեղյանն ասում է, որ ռուսական մեքենաների ներկրումը բավական նվազել է:

Նույն գործունեությամբ զբաղվող «Ավանգարդ մոթորս» ընկերության վաճառքի բաժնի պատասխանատու Մերի Խաչատրյանը նույնպես հաստատում է, որ գների անկում քիչ է տեղի ունեցել, իսկ գնորդներին գրավելու համար գործում է զեղչային համակարգ։ «Ավանգարդ մոթորս»-ի ներկայացուցիչները չուզեցին ներկրումների մասին:

Նախորդ մի քանի տարիներին ներկրման զգալի աճից հետո` այս տարի, Հայաստան ներկրվող մեքենաների թիվը կտրուկ նվազել է։ Համաձայն պետեկամուտների կոմիտեի տվյալների` առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ներմուծված ավտոմեքենաների քանակը կրճատվել է ավելի քան 12 հազարով։

Ընդհանուր առմամբ տարեսկզբի 3 ամիսներին Հայաստան է բերվել 5 872 ավտոմեքենա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներկվել էր 9 561։

Իսկ ռուսական մեքենաների ներկրումը միայն առաջին եռամսյակում ավելի քան կիսով չափ է պակասել։

Եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստան էր բերվել ռուսական 1906 ավտոմեքենա, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 976։

Դիտվել է 4048 անգամ:
Print Friendly

Leave a Reply