Տարածաշրջանում գրանցվել է տասը երկրաշարժ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 17, 2011 14:17

Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցը մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ծառայությունից, տարածաշրջանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ տասը երկրաշարժ: Մարտի 10-ին Թուրքիա- Իրան սահմանային գոտում` Վան քաղաքից 70 կմ դեպի արեւելք, տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որին մարտի 14-ին հետեւել է երկու ցնցում` 6 բալ եւ 4-5 բալ ուժգնությամբ: Մարտի 10-ին Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 12 կմ դեպի հարավ-արեւելք գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ հաջորդ օրը Դողուբայազետ քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի է ունեցել 3 բալանոց թույլ երկրաշարժ:

Նույն ուժգնությամբ ցնցում է գրանցվել մարտի 12-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքից 97 կմ դեպի հյուսիս-արեւմուտք եւ մարտի 16-ին Իրան-Ադրբեջան սահմանային գոտում` Նախիջեւան քաղաքից 26 կմ դեպի հարավ: Մարտի 10-ին Իրանի Մակու քաղաքից 28 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Մարտի 14-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 60 կմ դեպի հարավ-արեւմուտք գրանցվել է 5-6 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն, որին րոպեներ անց հետևել է 5 բալանոց ցնցում: Տարածաշրջանից դուրս 6.0 մագնիտուդով տեղի է ունեցել 40 ուժեղ երկրաշարժ, որից 38-ը Ճապոնիայի արեւելյան ափամերձ գոտում: Մարտի 11-ին ճապոնական Հոնսյու կղզու Միյագի պրեֆեկտուրայի Սենդայ քաղաքից 130կմ դեպի արեւելք (Տոկիոյից 370կմ հյուսիս-արեւելք), տեղի է ունեցել 9.0 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որից անմիջապես հետո հայտարարվել է ցունամիի վտանգի մասին եւ ափամերձ գոտուց բնակչությունը տարհանվել է:

Երկրաշարժը եւ դրա հետեւանքով առաջացած 10 մետր բարձրություն ունեցող ալիքը` ցունամին, ավերել են երկրի ամբողջ հյուսիս-արեւելյան ափամերձ հատվածը: Ըստ նախնական տվյալների, մարդկային զոհերի եւ անհետ կորածների թիվը գերազանցում է 12 հազարը, կան 2000-ից ավելի վիրավորներ, ինչպես նաեւ մեծ ավերածություններ, անօթեւան են մնացել հարյուր հազարավոր մարդիկ:

Ստորգետնյա տատանումները բազմաթիվ արդյունաբերական կենտրոններում հրդեհների պատճառ են դարձել: Չնայած, որ ստորգետնյա ցնցումներից ավտոմատ անջատվել էին ատոմային էլեկտրակայանները, այնուամենայնիվ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում ռեակտորների հովացման համակարգում պայթյունները հաջորդել են մեկը մյուսին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել ռեակտորի հալեցում եւ ռադիացիայի արտահոսք դեպի մթնոլորտ, ճառագայթման չափաբաժնի մակարդակը գերազանցել է նորմայի սահմանները:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, վթարը գնահատել է 4-րդ աստիճանի, ըստ միջուկային իրադարձությունների միջազգային սանդղակի (INES), սակայն այն կարող է հասնել առավելագույնի` 7-րդ աստիճանի: Մասնագետները փորձում են տարբեր մեթոդներով կասեցնել ռեակտորների տաքացումը, դեռ իրավիճակը կառավարելի է: Երկրաշարժին մինչ օրս հաջորդել է 5 եւ ավելի մագնիտուդով 294 հետցնցում, որից 37-ը` 6 եւ ավելի: Նշենք, որ երկու օր առաջ նախորդել էր 5 եւ ավելի մագնիտուդով 22 նախացնցում, որից 4-ը` 6 եւ ավելի: Ճապոնիայում իրավիճակը մնում է ծայրահեղ: Դեռ կշարունակվի սեյսմիկ ակտիվությունը այս տարածքում:

Հաջորդ ուժեղ սեյսմիկ իրադարձությունները դարձյալ գրանցվել են խաղաղօվկիանոսյան օղակաձեւ գոտում` «հրե օղակում», մարտի 10-ին եւ 12-ին, համապատասխանաբար` Բալիի ծովում եւ Տոնգայի կղզիներում, 6.5 եւ 6.1 մագնիտուդերով, զոհեր եւ ավերածություններ չկան:

Դիտվել է 1485 անգամ:
Print Friendly

Leave a Reply