Հայաստանում կանցկացվի ռոբոտների առաջնություն

Օրվա լուր | | August 11, 2009 14:01

robotՀոկտեմբերի 2-4-ը Հայաստանում կանցկացվի ռոբոտների 2-րդ բաց առաջնությունը`«ԱրմՌոբոտիկս 2009» համահայկական երիտասարդական մրցույթը: Այն ներառում է 4 մրցույթ:

Մրցույթը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` բարձր տեխնոլոգիաների «Digitec» ամենամյա ցուցահանդեսի շրջանակներում. նպատակն է համախմբել հայ երիտասարդ գիտնականներին, զարգացնել թիմային մտածելակերպ և աշխատաոճ, նաև խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան:

Մրցույթին կարող են մասնակցել նաև Սփյուռքի հայ համայնքների թիմերը:

«ԱրմՌոբոտիկս 2009»-ի 1-ին` «Համակարգչային կրկնօրինակում» (սիմուլյացիա) մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է ծրագրավորեն երևակայական ռոբոտներ, որոնք պետք է խաղան երևակայական ֆուտբոլ:

«Շարժում գծերով» (Line tracking) մրցույթում թիմերի կողմից պատրաստված և կառավարվող ռոբոտները պետք է անցնեն լաբիրինթոս-ճանապարհ: Հաղթող կճանաչվի այն թիմը, որի ռոբոտը լաբիրինթոսը կանցնի նվազագույն ժամանակամիջոցում և նվազագույն սխալներով: Այս երկու մրցույթները նախատեսված են ուսանողների համար:

Տարբերակող եւ դասակարգող ռոբոտների մրցույթում ռոբոտները պետք է տարբերակեն առարկաներն ըստ գույնի եւ չափի, դասակարգեն և տեղակայեն դրանք նշված տեղերում: Հաղթող կճանաչվի այն թիմը, որի ռոբոտը նվազագույն սխալներով, նվազագույն ժամանակամիջոցում կկատարի առաջադրանքը: Մրցույթին մասնակցության տարիքային սահմանափակումներ չկան:

«Marble» մրցույթում թիմերը պետք է տարբեր եւ պարզ իրերից պատրաստեն ճանապարհ, որով պետք է անցնի գնդիկը: Գնդիկը, դիպչելով տարբեր իրերի, պետք է իր համար նոր ուղի բացի: Հաղթող կճանաչվի այն թիմը, որի պատրաստած ճանապարհը կլինի առավել բարդ, բայց միաժամանակ պատրաստված կլինի ամենապարզ իրերից. սա նախատեսված է դպրոցական տարիքի երեխաների համար:

«ԱրմՌոբոտիկս 2010»-ին, ըստ «mindiaspora.am»-ի, կանցկացվի նաև ական փնտրող ռոբոտների մրցույթ, որի ընթացքում ռոբոտները պետք է կարողանան գտնել ականները և սերվեր-համակարգիչ ուղարկել դրանց դասավորության քարտեզը: Հաղթող կճանաչվի այն թիմը, որի պատրաստած ռոբոտն այդ խնդիրը կկատարի նվազագույն սխալներով, նվազագույն ժամանակահատվածում: Մրցույթը տարիքային սահմանափակումներ չունի:

Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply