Դասընթաց. ինչպե՞ս ադնակլասնիկում աղջիկ կապել

Շաբաթվա լուր | | June 2, 2009 11:14

clipboard01-1«Իմ համակարգչի վիրուսը համադասարանցիներից մեկին դժվար թե վարակի, բայց ինձ իմ «ընկերը» տրիպերով վարակեց»,-ասաց ծանոթներիցս մեկը, որ սեռական կապ էր ունեցել վիրտուալից իրական եկածի հետ: Այդ ծանոթությունը եղել էր odnoklassniki.ru սոցիալական կայքում, որ հայաստանցիներին նոր տեխնոլոգիաների մեջ գրավող ամենահզոր միջոցը դարձավ: Սոցիալական ցանցերն ընդհանուր հետաքրքրություն ունեցող մարդկանց խմբերն են, որ ձևավորվում են վիրտուալ աշխարհում` ինտերնետում:

Հայաստանում վիրտուալով շփման առաջընթացը սկսվեց տարբեր չաթերից՝ Ay-ayspes.am, chat.starfish.am և այլն, ապա շփումը տեղափոխվեց ֆորումներ, ինչպես, օրինակ, ինտերնետի հնաբնակների համար նշանավոր forum.armkb.com: Հետո հայտնվեցին անձնական բլոգները:

Այսօր ինչ-որ մեկի հետ ծանոթանալու ամենաարագ և դյուրին միջոցը սոցիալական ցանցերն են, որոնց մեջ հանրահայտ odnoklassniki.ru-ն հաճախելիությամբ մյուս կայքերի համեմատ հետխորհրդային տարածքում առաջատարն է:

Այսօր կայքի բուն իմաստը, որ աշխարհով մեկ սփռված համադասարանցիների որոնումն է, դադարել է գոյություն ունենալ: Մեծ մասի համար այս կայքը ծանոթությունների հարմարավետ տեղ է, ուր, ի տարբերություն հատուկ ծանոթության համար ստեղծված կայքերի, որտեղ հստակ է, որ աղջիկը տղա է փնտրում, տղան` աղջիկ, դա կատարվում է համադասարանցիների խմբեր ստեղծելու տանիքի տակ, իբր, սա հո ծանոթությունների կայք չի՞: Մանավանդ հայերի համար, որ ծանոթանալու իրենց ցանկությունը չեն ուզում բացահայտ ցույց տալ, ադնակլասնիկին հիանալի կոնսպիրացիա է: Շատ շատերը գիտեն, որ փնտրում են տարբեր տիպի ծանոթություններ, բայց ոչ ոք բարձրաձայն դա չի ասում:

Այսուհանդերձ, շատերն իրենց շատ ավելի հանգիստ են զգում մոնիթորի առաջ, քան իրական կյանքում, և սա բերում է ծանոթացող մարդու մասին թյուր կարծիքի ձևավորման:

Այս թեմայով մի լավ հին անեկդոտ կա.

2025 թվական, մանկապարտեզ, տղան հարցնում է աղջկան.
– Քո ծնողները ո՞ր չաթում են ծանոթացել:

Որպես համակարգային ադմինիստրատոր՝ իմ անձնական փորձից ասեմ, որ ինտերնետից օգտվողների պատկառելի թիվ ունեցող մեր հսկայական ընկերությունում մեկ ամսվա ընթացքում թրաֆիքի 50 տոկոսը կազմում է այն կայքը, որտեղ պարզապես դիտում են գրաֆիկական պատկերներ և տեքստեր, այսինքն` «Одноклассники.»-ն…

Եվ այսպես, դուք, ի վերջո, որոշել եք ծանոթանալ ինչ-որ մեկի հետ ինտերնետում… հասել է նվիրական ժամը, շտապեմ ձեզ հիասթափեցնել՝ ամեն ինչ տափակ ու ճղճիմ է, չնչին բացառություններով:

Շատ հաճախ կարելի է լսել, որ կայքի միջոցով այսինչն իր համար կյանքի ուղեկից է գտել: Բայց սիրո փոխարեն ավելի հաճախ գտնում են պատահական կապ կամ նվեր` սեռավարակ:

Հաճախ մարդիկ տեսնում են ֆոտոշոփով մշակված չնաշխարհիկ դիցուհիներ և մաչոներ, երբ իրականում մոնիթորի առաջ նստած է հասարակ, լավագույն դեպքում՝ սովորական երիտասարդ, իսկ վատագույն դեպքում՝ լեսբուհու ծածկանունով երիտասարդ տղա, որ գեղեցկուհու լուսանկար է տեղադրել և մակագրել` տղաները չանհանգստացնեն. սա կանանց որսալու մի ձև է: 80 տոկոսն ունի երկրորդ ծածկանուն, որն օգտագործում է տարբեր նպատակներով:

Բայց ցանցը բերում է նաև հաճելի ծանոթություններ, որոնք ստեղծելու համար մարտավարություն է անհրաժեշտ:
Ինտրիգն ինտերնետում էլ ինտրիգ է, և շատերին թվում է, որ «Քուրո, ի՜նչ լավն ես» մեկնաբանությունն ու սփամը ներգործում են, սակայն դա այդպես չէ:

Մեթոդը բացատրելու համար կապելը կոչենք որս, իսկ գործող անձանց` որսաթռչուն և որսորդ:

Ամեն մեկն իր հարցաթերթիկում պիտի առանձնացնի այնպիսի հետաքրքիր խայծ, որին կձգտի որսաթռչունը: Թռչունն ինքն է փնտրում որսորդին, որսորդը պետք է միայն հմտորեն դնի այն խայծը, ինչի վրա որսաթռչունը կգա: Խայծը հարցաթերթիկում ինքնատիպ լուսանկարներն են կամ հենց ինքնատիպ հարցաթերթիկը, կամ պարզապես ողջ էկրանով մեկ մերկ և դուրեկան քամակը.
Ամեն մեկին իր փնտրածը կգտնի:

Երկրորդ փուլը կոչենք` «Ո՞վ է առաջինը»: 80 տոկոս դեպքերում դա տեղի է ունենում այսպես.
մտնում են հարցաթերթիկ, դնում լավ կամ երբեմն շատ վատ գնահատականներ ու սպասում պատասխան գործողությունների. երկտողը` «շնորհակալություն գնահատականի համար», շփումը սկսելու համար է:

Հետո ամեն ինչ անհամեմատ հեշտ է: Սկսվում է ընդհանուր թեմաներով շփումը: Օրինակ, իմ փորձից ելնելով ասեմ, որ ինձ ուղարկած 10 հաղորդագրություններից 6-ը հետևյալ բովանդակությունն ունեն.

– Արաա , ի՜նչ գժոտ ես ապրում, էդ ազատությունը դզող ա…

Իսկ հետո՝ ավելի վատ, 10-ից մոտավորապես երկուսը գրում են.

– Դու քեզ ինչքան շատ ես սիրում, նարգիզ:

Մյուս 20 տոկոսը հարցնում է.

– Խի Հայաստանում սենց տեղեր կա՞ն (հեղինակը կայքում տեղադրել է Հայաստանի` շատերին անհայտ բնապատկերների` իր կատարած լուսանկարները):

Ինչպես նկատեցիք, ինքնատիպությունը սոցցանցերում անհրաժեշտ նախապայման չէ:

Անցնենք մեկ այլ բարդ փուլ՝ իրողություն: Որոշ ժամանակ անց մարդիկ (հիմնականում՝ արական սեռի նախաձեռնողներ) շփում են փնտրում իրական կյանքում, այստեղ արդեն հաջողությունը 50:50 է: Արդյոք կբավականացնի՞ հետաքրքրությունը հանդիպելու նրան` համացանցի մյուս ծայրում գտնվողին: Անհրաժեշտ է գտնել իրական ծանոթության համար «անմեղ» պատրվակ: Առանց դրա զուգընկերն իրողություն չի դառնա, քանի որ որսաթռչունը պահանջում է իր գործողությունների արդարացում:

Ու եթե, ի վերջո, վճռել եք, ապա պատրաստ եղեք տեսնելու շատ ավելի ահավոր մեկին, քան կպատկերացնեիք. ավելի լավ է վատ բան սպասել և, տեսնելով սպասածիցդ ավելի մեղմ դեմք, ուրախանալ, քան սպասել «զիլ ա» կարգի ինչ-որ բան և տեսնելով այն, ինչ ինքս եմ երբեմն տեսել, առանց հետ նայելու փախչել: Ի դեպ, փախուստի մասին. միշտ ունեցեք մարտադաշտից փախչելու պահեստային տարբերակ: Նախօրոք խնդրեք ընկերոջը/ընկերուհուն զանգահարել կես կամ մեկ ժամից և լռեք: Հետո մի բան պատասխանեք.

Հա՞: Վռա՞զ: Կա՞թ: Ուսամա Բեն Լադե՞ն: Հեսա գալիս եմ:

Կարող է հակառակը լինել, ձեր նոր ծանոթի հեռախոսը զանգի, ու նա շտապ ինչ-որ «գործով» գնա:
Մի հուսահատվեք, այլ պարզապես հրաժեշտ տվեք և իսկույն մոռացեք այդ մարդուն, որովհետև պարզ է, որ դուք նրան ամենևին էլ չեք հիացրել:

Իսկ եթե հանկարծ ամեն ինչ ստացվե՞լ է: Մարդը ձեզ դուր է եկել, դուք էլ՝ նրա՞ն: Ապա ամեն ինչ պարզ է: Ուրեմն նախօրոք զինվեք պահպանակներով, եթե նույնիսկ դա առաջին հանդիպումն է:

Դիտվել է 3152 անգամ:
Print Friendly

Leave a Reply