ԱՄՆ-ում մինչեւ 5 տարեկան երեխաների 80 տոկոսը օգտվում է Ինտերնետից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 17, 2011 12:29

ԱՄՆ-ում մի քանի ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաների մոտավորապես 80 տոկոսը շաբաթական առնվազն մեկ անգամ օգտվում է Ինտերնետից: Դեռ ավելին՝ մինչեւ երեք տարեկան երեխաների ավելի քան 60 տոկոսը տեսագրություններ է դիտում Ցանցում: Այդ մասին գրում է Mashable տեխնոբլոգը` վկայակոչելով Joan Ganz Cooney Center եւ Sesame Workshop կրթական ոչ առեւտրային կազմակերպությունների համատեղ զեկույցը:

Գիտնականները նաեւ պարզել են, որ շաբաթվա ընթացքում երեխաների մեծամասնությունը հեռուստացույց է դիտում օրական 3 ժամից ոչ պակաս, ինչը վերջին ութ տարվա ամենաբարձր ցուցանիշն է: Այն ժամանակամիջոցի համեմատ, որը երեխաներն անցկացնում են անհատական համակարգչի, սմարթֆոնների, iPad փլեյերների եւ այլ մեդիասարքերի հետ, հեռուստատեսությունը կազմում է 47 տոկոսը: Երբ երեխան մեծանում է ու դպրոց գնում, հարաբերակցությունը փոխվում է: Դա բացատրվում է նրանով, որ երեխաներն ավելի քիչ ժամանակ են անցկացնում տանը:

Այդուհանդերձ, զեկույցի համաձայն, 8-ից մինչեւ 18 տարեկան ամերիկացիների 20 տոկոսը վիդեոկոնտենտը դիտում է Ցանցում: 2010 թվականի համար ավելի վաղ Nielsen-ի հրապարակած հետազոտությունը ցույց է տվել, որ 2-ից մինչեւ 11 տարեկան երեխաների 36 տոկոսը հավասարապես օգտվում է հեռուստացույցից եւ Ինտերնետից: Նշվել է, որ 8-ից մինչեւ 10 տարեկան երեխաները մոտավորապես հինգուկես ժամ են ծախսում մեդիակրիչների վրա:

Չնայած այն բանին, որ էկրանների առջեւ երեխաների անցկացրած ժամանակը տարեցտարի ավելանում է, նրանք նախկինի պես նույնքան ժամանակ են տրամադրում գրքերի ընթերցանությանը: 2008 թվականի համար Sesame Workshop-ի զեկույցում ասված է, որ 5-ից մինչեւ 9 տարեկան երեխաների մոտավորապես 90 տոկոսն օրական առնվազն մեկ ժամ կարդում է սովորական թղթի վրա գրված տեքստեր:

Kidscape բարեգործական մանկական հիմնադրամի վերջերս հրապարակված զեկույցի համաձայն` Ցանցում անծանոթների հետ շփվող յուրաքանչյուր 10 երեխաներից 6-ը թաքցնում են իրենց իսկական տարիքը, իսկ նրանց 43 տոկոսն ունի օնլայն «ընկերներ», որոնց նրանք կյանքում երբեք չեն տեսել: Անվտանգ Ինտերնետի միջազգային օրվան զուգադիպեցված զեկույցում նշվել է, որ մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեցող ծնողների 49 տոկոսը չի հետեւում, թե իրենց երեխան ինչ է անում Ցանցում:

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply