ՀՀ-ում հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7 տոկոսով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2011 11:06

Մակրոտնտեսական իրավիճակի շարունակական բարելավման արդյունքում` հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 7.7 տոկոսով: Վերջինս հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության ճյուղի թողարկման ծավալների 5.7 տոկոս, շինարարության 0.9 տոկոս եւ ծառայությունների 9.4 տոկոս աճերով:

Հունվարին գյուղատնտեսության ճյուղում արձանագրվել է թողարկման ծավալների անկում` 2.4 տոկոս, որը գրեթե ամբողջությամբ պայմանավորվել է բուսաբուծության եւ անասնապահության ենթաճյուղերում դիտված համապատասխանաբար` 17.7 տոկոս եւ 2.7 տոկոս նվազումներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից, շատ զարգացող երկրների կենտրոնական բանկեր վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացմանը զուգահեռ կիրառում են գնաճի զսպման ավելի խիստ միջոցներ, իսկ մի շարք զարգացած երկրներ արդեն սկսել են խոսել տոկոսադրույքներիբարձրացման անհրաժեշտության մասին:

ՀՀ ԿԲ Խորհուրդը նույնպես մտահոգված է գնաճային միջավայրի ընդլայնմամբ, ինչի շարունակականությունը պայմանավորված է պարենային եւ հումքային ապրանքների միջազգային շուկաներում արձանագրված զարգացումներով, 2010 թ-ի գյուղատնտեսական ապրանքների առաջարկի կրճատման հետեւանքով դեռեւս պահպանվող բարձր գներով, վերջիններիս երկրորդային ազդեցությունների ուժգնացման եւ գնաճային սպասումների ավելացման երեւույթներով:

Ըստ ՀՀ ԿԲ-ի խորհրդի` տնտեսության զարգացման փաստացի եւ կանխատեսվող միտումներն առաջիկա ժամանակահատվածում համախառն պահանջարկի վերականգնման առումով ձեւավորելու են չափավոր գնաճային ճնշումներ: Խորհուրդը միակարծիք է, որ, ըստ էության, իրականանում են 2011թ-ի առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշված ռիսկերը, որի պարագայում առաջնային անհրաժեշտություն է մնում դրամավարկային պայմանների խստացման շարունակումը` նպատակաուղղված կանխատեսվող ժամանակային հորիզոնում գնաճի կանխատեսված եւ փաստացի ցուցանիշների միջեւ շեղման վերացմանը, գնաճի երկրորդային ազդեցությունների մեղմմանը եւ սպասումների խարսխմանը:

Դրամավարկային պայմանների խստացումը, պարտադիր պահուստավորման մեխանիզմում կատարված փոփոխությունների եւ հակագնաճային միջոցառումների իրականացման գործընթացում պետական այլ կառույցների աջակցության հետ մեկտեղ, իրական նախադրյալներ կստեղծեն գնաճը 2011 թ-ի երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար:

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply