Հայկական համայնքների նախագահների հավաք` Ս. Պետերբուրգում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 17, 2011 10:44

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ` Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի մշակութային կենտրոնում նախօրեին տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության հյուսիս -արեւմտյան մարզերի` Վոլոգդա,Նովգորոդ Կալինինգրադ, Մուրմանսկ, Պսկով եւ Սանկտ Պետերբուրգ քաղաքների հայկական համայնքների նախագահների հավաք-հանդիպում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից, հյուրերին ողջունեց եւ հաջողություն մաղթեց Ս. Պետերբուրգի եւ հյուսիս-արեւմտյան տարածաշրջանի հայոց հոգեւոր հովիվ Տ.աբեղա Նշան Պետրոսյանը: Այնուհետեւ ելույթ ունեցավ Սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը: Նա ներկաներին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի ուղերձը,ապա` համառոտակի ներկայացրեց նախարարության գործունեության հիմնական ուղղությունները:

Փոխնախարարը հանգամանորեն խոսեց սփյուռքի նկատմամբ պետության որդեգրած քաղաքականության մասին, կանգ առավ նախարարության ընդունած որոշումների եւ ծրագրերի վրա,որոնք վերաբերում են հայապահպանությանը, լեզվի մաքրությանը համայնքների կյանքի կազմակերպմանը,հոգեւոր եւ մշակութային ազգային դաշտի ձեւավորմանը, զարգացմանն ու պահպանմանը, հայրենիք – սփյուռք կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը:

Ս. Պետրոսյանը միաժամանակ կարեւորեց սփյուռքի ներուժի առկայությունը,որը կարելի է ուղղորդել հայրենիքի առջեւ ծառացած տնտեսական,սոցիալական եւ պաշտպանական խնդիրների արդյունավետ լուծմանը: Նախարարության` ԱՊՀ երկրների հայկական համայնքների վարչության պետ Անդրանիկ Արշակյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց համայնքների կազմավորման գործում մտավորականության ու եկեղեցու դերի,հոգեւոր, մշակութային եւ հայրենասիրական արժեքները յուրաքանչյուր հայի համար հասու դարձնելու խնդիրների վրա:

Նա ասաց,որ համայնքներում նկատվում է ցավալի երեւույթ, երիտասարդներն աստիճանաբար հեռանում են իրենց արմատներից, դրա դեմը կարելի է առնել` նրանց ընդգրկելով ազգային,ինտելեկտուալ զանազան ծրագրերում` խրախուսելով նրանց նախաձեռնությունները, ազգանվեր գործերը: Համայնքների նախագահները ներկայացրեցին իրենց համայնքների խնդիրները, նրանք Սփյուռքի նախարարությունից խնդրեցին օգնել դասագրքերի, հայերենով գրականություն ձեռք բերելու հարցում, առաջարկեցին ուժեղացնել տեղեկատվական եւ երկկողմ կապը,կազմակերպել զանազան թեմատիկ մրցանակաբաշխություններ, հեռակա մեթոդական խորհրդատվություններ եւ այլն:

Համայնքների նախագահներն ընդունեցին հայտարարագիր,որտեղ ասված է,որ համայնքները կարեւոր դեր են խաղում տվյալ մարզի, քաղաքի հայ բնակչության համախմբման, նրանց հոգեւոր,մշակութային եւ սոցիալական խնդիրների լուծման ու կարգավորման, հայապահպանության, ինտեգրացման ճիշտ քաղաքականության իրականացման գործում:

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply