Հանդիպել են Բակո Սահակյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

Պաշտոնական, Օրվա լուր | | March 17, 2011 10:38

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն երեկ  ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ եւ Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող տարբեր հարցեր:
Երկուստեք նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը անընդունելի է եւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Նախագահ Սահակյանը ողջունել է զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի բացահայտման մեխանիզմերի մշակման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պատրաստակամությունը` ընդգծելով, որ կիրառման դեպքում դրանք լուրջ դերակատարություն կարող են ունենալ կայունության եւ խաղաղության պահպանման գործում:

Բակո Սահակյանը մեկ անգամ եւս միջնորդների ուշադրությունը հրավիրել է Բաքվի ապակառուցողական դիքորոշման վրա եւ կոչ արել օգտագործել բոլոր հնարավոր միջոցները այն փոխելու ուղղությամբ: Նախագահ Սահակյանի խոսքով, եթե դա տեղի չունենա, ապա անհնարին կլինի ակնկալել որեւէ դրական տեղաշարժ հակամարտության կարգավորման գործում:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply