Իշխանությունը ընտրել է հեռուստատեսային ձևաչափ. վիրտուալից իրական քայլերի անցմանը դեռ սպասել է պետք

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 16, 2011 17:16

Հայաստանում ներքաղաքական դաշտը սկսել է գործել նախընտրական շրջանի տրամաբանությամբ. մեկ ընդդիմությունն է «գրոհում», մեկ` իշխանությունը, ընդ որում, շատ հստակ հերթափոխով:

Մարտի 17-ի հանրահավաքին ընդառաջ, բնականաբար, հերթն իշխանություններինն էր: Ինչքան հստակ է ընդդիմությունը մտել նախընտրական պայքարի մեջ` որպես գործունեության հանրային ձևաչափ ընտրելով հանրահավաքներն ու փողոց դուրս գալը, նույնչափ հստակ էլ իշխանությունները որդեգրել են զուտ հեռուստատեսային ձևաչափը, գոնե մինչև նախընտրական արշավի դե յուրե մեկնարկելը: Այդ մասին անուղղակի հայտարարեց  նաև Սերժ Սարգսյանը` խոսելով վերջին 1-2 տարվա ընթացքում քաղաքական դաշտում առաջ եկած ձևաչափերի ու դրանց բնականոն հունի մեջ մտնելու մասին: Իհարկե, սրա մեջ ենթատեքստ կար այն առումով, որ իշխանությունը, անկախ իր իրական տրամադրվածությունից, գոնե արտաքուստ ուզում է ցույց տալ, որ իր լծակները պահելու տեսանկյունից որևէ վտանգ չի տեսնում ընդդիմության հանրահավաքների մեջ, որ ըննդիմության գործունեության այս ձևն ընդամենը ձևաչափ է. «Հանրահավաքներն անցնում են կոռեկտության սահմաններում, և ճիշտ ճանապարհը դա է: Կարծում եմ, որ և՛ իշխանությունները, և՛ ընդդիմադիրները ճիշտ հետևություններ պետք է անեն անցյալի սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Սակայն հենց նախագահի և վարչապետի էկրաններից չիջնելը ցույց  է տալիս, որ իրականում իշխանությունը շատ հետևողական կերպով պատրաստվում է հանրահավաքներին: Ընդ որում  Տիգրան Սարսգյանն իր վրա վերցրեց կառավարության գործուեության շուրջ մեղադրանքների առաջին ալիքը, Սերժ Սարգսյանին թողնելով առարկայական ծրագրերով հանդես գալու օրակարգային հարցը`որպես ապագա նախագահական թեկնածուի:

Չնայած այն հանգամանքին, որ մեր իշխանավորներն իրենց ելույթներում միշտ մոռանում են շատ  որոշակի հիշատակել այն սոցիալական խմբերի խնդիրների մասին, որոնք հենց իրենց վերջին որոշումերի պատճառով անընդհատ հավաքվում են կառավարության շենքի մոտ, սակայն շատ լավ հասկանում են, որ այլևս հնարավոր չէ արհամարհել այն սոցիալական բողոքը, որ կամաց-կամաց թափ է առնում երկրում,  մանավանդ որ ընտրություններն էլ սարերի հետևում չեն: Ընդ որում, իշխանությունը գտավ ստեղծված տնտեսական իրավիճակի համար պատասխանատվությունից խուսափելու ձևը: Պարզվեց, որ մեղավորներին պետք է փնտրել միայն արտաքին աշխարհում և արտաքին միջավայրում. տնտեսական գլոբալ ճգնաժամի պատճառով գնաճ տեղի ունեցավ, իսկ կլիման անբարենպաստ գտնվեց գյուղատնտեսության զարգացման համար:

Ճգնաժամի ազդեցությունը մեր տնտեսության վրա երկար ժամանակ հերքող կառավարությունը, ի վերջո, ոչ միայն միջազգային կառույցներից ու պետություններից  2009-ից մինչ այդ կուտակված արտաքին պարտքի ծավալներին հասնող վարկեր վերցրեց` շատ ծանր բեռ դնելով ապագա սերունդների ուսերին, այլև  ընտրությունների նախաշեմին թաքնվեց հենց տնտեսական ճգնաժամի հետևում: Իշխանությունները ճարպկորեն շրջանցեցին այն հարցը, որ մեզ մոտ գների անհամեմատելի բարձր աճ է եղել տնտեսության խիստ մոնոպոլիզացված լինելու պատճառով: Նկատենք, որ իրենց տնտեսական ելույթներում, որոնցով, ըստ էության, իշխանություններն ազդարարեցին  տնտեսական առաջնահերթությունները, ոչ մի ուղղակի խոսք չեղավ մոնոպոլիզացիայի դեմ պայքարելու որոշակի ու գործուն մեխանիզմների մասին: Կառավարությունը միայն խոստացավ առաջին անհրաժեշտության ապրանքների գները մեկ ամսվա ընթացքում 30 տոկոս բարձրացնելու դեպքում միջամտել գների սահմանմանը: Սա զգոն գործելու փոքրիկ զգուշացում էր մոնոպոլիստներին: Ըստ էության, կառավարությունը հիմա ավելին չի համարձակվի անել, քանի որ լայն առումով օլիգարխիկ համակարգը իշխանության վերարտադրության ֆինանսական հենարանն է լինելու ընտրությունների ժամանակ: Ընդ որում, հենց այս շաբաթ տեղի ունեցավ մոնոպոլիզացման ևս մեկ դեպք` կապված տաքսիների կայանման հետ:

Այսպիսով, իրավիճակի պատասխանատուներին փնտրելով իրենցից դուրս, այժմ խոստանում են տնտեսական դաշտում աշխատելու նոր էջ բացել` պայմանավորելով դա նաև արտաքին բացասական գործոնների նահանջով: Մասնավորապես, խոստացել են մինչև տարվա վերջ գնաճը նվազեցնել 2 անգամ` հասցնելով մինչև 6.0:  Ըստ էության, այս կերպ պատասխանում են նաև ընդդիմության առաջ քաշած սոցիալ-տնտեսական պահանջներին` փորձելով թուլացնել լարվածությունը գոնե բնակչության այն հատվածի շրջանում, որի օրվա հացին կառավարության` իբրև թե կարգուկանոն հաստատող մահակը դեռ չի նպաստել: Խոստացել են արագ լուծումներ, որոնց ազդեցությունը քաղաքացին զգալու է իր վրա:  Ընդ որում, Սերժ Սարգսյանը տնտեսական առաջնահերթություններին վերաբերող խորհրդակցությունների ժամանակ գերատեսչությունների ղեկավարներին պահանջներ էր ներկայացնում ու հրահանգներ տալիս հեռուստադիտողների աչքի առաջ: Սա, իհարկե, լավատեսության  նշույլներ է հաղորդում:

Նախագահը խոստացավ, որ գնաճը զսպելուց բացի, այս տարի իշխանության համար կարևոր մյուս առաջնահերթությունը լինելու է գյուղական խնդիրներին ուշադրություն դարձնելը,  մանավանդ որ գների կայունության հարցում գյուղատնտեսությունը շատ  էական դեր ունի: Առաջարկեց վարչապետին և մյուս պաշտոնյաներին հաճախ լինել գյուղում, խոստացավ ինքն էլ հաճախ լինել գյուղում, որ գյուղացին իրեն մենակ չզգա: Եվ հաջորդ օրն իսկ գյուղատնտեսական խնդիրների խորհրդակցության մեկնեց Ծաղկաձոր: Այնտեղ խոսեց գյուղի խնդիրներից ու գյուղատնտեսության ոլորտում կառավարության ծրագրերից, շեշտեց, որ մարդիկ, ովքեր կոմպետենտ չեն, ովքեր ի վիճակի չեն ծրագրեր իրականացնելու, պետք է զբաղվեն այլ խնդիրներով: Սրան արդեն երկուշաբթի գյուղատնտեսության նախարարությունից արձագանք եղավ, թե նախագահի հանձնարարականների չկատարման դեպքում պատասխանատու կլինեն իրենց աշխատատեղերով (զարգացումները ցույց կտան):

Ծաղկաձորում  նախագահը նաև այլ ոլորտներում փոփոխություն կատարելու խոստումներ տվեց`  փաստորեն հաստատելով ներկայիս գործնական քայլեր անելու անհրաժեշտության մասին արվող հայտարարությունների ուղղակի կապն առաջիկա ընտրությունների հետ. «Փոփոխությունները միշտ պրոբլեմատիկ են լինում, միշտ ցավոտ են լինում, և, իհարկե, ցանկացած քաղաքական ուժ փորձում է այդ խնդիրները ծառայեցնել իր նպատակներին, բայց մյուս կողմից էլ պետք է ասեմ, որ մենք շարունակելու ենք փոփոխությունները. նոր զարգացումներ են լինելու ոստիկանությունում, դատաիրավական, մաքսային, հարկային համակարգերում, և այդ փոփոխություններն ի վերջո բերելու են նրան, որ քաղաքական մեծ կամպանիաների` ընտրությունների ժամանակ ժողովուրդը կարողանա կողմնորոշվել, թե ում է քվե տալիս»:

Այս մի քանի օրերի ընթացքում Սերժ Սարգսյանը ոչ  միայն ազդարարեց կառավարության տնտեսական առաջնահերթությունները, այլև հասցրեց ելույթ ունենալ ոստիկանության համակարգի բարեփոխումների մասին: Հայտարարեց, որ «պատրաստվում է ամենօրյա ռեժիմով աջակցել [ոստիկանական համակարգում-Ա.Խ.] փոփոխությունները խոչընդոտող խնդիրների լուծմանը, սատարել դրական զարգացումներին, կանգնել սրտացավ գործող ոստիկանի կողքին, օժանդակել պրոֆեսիոնալ և գործին նվիրված կադրերի առաջխաղացմանը»: Խոսեց 7 գործոնի մասին, որոնք անհրաժեշտ են ոստիկանի գործառույթներն արդյունավետ կերպով իրականացնելու համար և առաջարկեց գնալ սխալները կրճատելու ճանապարհով: Ոստիկանության հեղինակությունը բարձրացնելու խնդիրն իրապես լուրջ է մեր երկրում, և այս խնդիրը ևս մեկ անգամ հաստատվեց մի քանի օր առաջ «Ժառանգության» և ոստիկանների միջև բախումերի համատեքստում:

Իհարկե, չնայած այս պահին Հայաստանում արաբական համախտանիշի լուրջ տրամադրություններ չկան, սակայն իշխանությունն անհրաժեշտ է համարում իրեն ապահովագրել ամեն տեսակի զարգացումներից: Իսկ իշխանությունը պահելու հարցում ոստիկանության և ուժայինների դիրքորոշումը կենսական նշանակություն ունի, հետևաբար պատահական չէր իշխանությունների նման արձագանքը միջադեպին: Եվ առհասարակ իշխանությունը փոխել է իր շփման ձևը ընդդիմության հետ: Եթե իր հասցեին ասվող մեղադրանքներին ժամանակին արձագանքում էր պասիվ, միջին մակարդակի պատասխաններով, ապա այժմ անցել է ամենաբարձր մակարդակով ակտիվ արձագանքի մարտավարության`այս կերպ  թերևս փորձելով խուսափել իր հասցեին ավելորդ շահարկումներից: Սակայն այս ամենը դեռ տեղի է ունենում հեռուստատեսային ձևաչափի շրջանակներում: Իսկ խոստումները վիրտուալից կտեղափոխվեն իրական դաշտ, թե ոչ, կերևա ներքաղաքական զարգացումների տրամաբանությունից:

Հ.Գ. Նկատենք, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրելու  մասին մի շարք պարզաբանումներից հետո ԲՀԿ-ն անհասկանալիորեն լռում է: Իրավիճակը փրկելու պարտավորությունը ստանձնել են Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը, համենայն դեպս` բնակչությանը հանգստացնելու և խոստումներ տալու այս փուլում: Միգուցե կոալիցիոն հուշագրի գինը հենց այն էր, որ ԲՀԿ-ն ուղղակի չխանգարե՞ր ՀՀԿ-ին:

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 2120 անգամ:
Print Friendly

Leave a Reply