Պարսկերեն ձեռագրերի ցուցադրություն` Մատենադարանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 16, 2011 14:30

Երեւանի Մ. Մաշտոցի անվան գիտահետազոտական թանգարան-ինստիտուտում բացվեց պարսկերեն ձեռագրերի երկրորդ ցուցադրությունը: Առաջինը բացվել էր 2 տարի առաջ եւ մեծ հետաքրքրություն առաջացրել, ինչն էլ խորհելու առիթ է տվել կազմակերպելու երկրորդ ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկայացված էին ավելի քան 50 պարսկերեն ձեռագրեր: Ինչպես նշեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, այստեղ պահվում են 14-19-րդ դարերի պարսկերեն 470 ձեռագիր եւ մոտ 1500 վավերագրեր:

«Ներկայացված ձեռագրերը բովանդակային տարբեր ընդգրկումներ ունեն` կրոնական, պատմական, խրատական, բանաստեղծական, բժշկական»,- ասաց նա` ավելացնելով, որ ցուցադրության մեջ տեղ են գտել մատանու տուփի մեջ պահվող Ղուրանը, Նիզամու «Խամսե», Սաադի «Խրատ թագավորներին», Ֆրնդուսու «Շանհամե»-ն եւ այլ արժեքավոր ձեռագրեր: «Մատենադարանի պարսկերեն ձեռագրերը խոսում են հայ-իրանական պատմամշակութային դարավոր կապերի մասին:

Այս ձեռագրերից շատերի վրա եղած հայերեն գրառումները մատնանշում են դրանց պատկանելությունը հայերին եւ հայկական միջավայրում նրանց գտնվելու փաստը»,- նշեց Հ. Թամրազյանը` հավելելով, որ Մատենադարանի շուրջ 3 հազար արաբատառ ձեռագրերի ֆոնդի մաս կազմող պարսկերեն ձեռագրերը բովանդակում են իրանական մշակույթի եւ գիտության ամենատարբեր բնագավառներին վերաբերող գործեր:

«Բացի այս,Մատենադարանի արխիվային ֆոնդերում պահվում են շուրջ 300 պարսկերեն հրովարտակներ` շահերի կողմից տրված հայոց վանքերին, ազնվականներին ու համայնքներին` ի պաշտպանություն նրանց իրավունքների»,- նշեց նա` փաստելով, որ դրանք հայ-իրանական դարավոր կապերի ուսումնասիրության լավագույն աղբյուրներից են:

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանի խոսքով` հայկական եւ պարսկական մշակույթների միջեւ մշակութային ընդհանրությունները շատ են: «Պարսկական մշակութային ժառանգությունը բոլորինն է եւ պատկանում է ամբողջ աշխարհին»,- նշեց նա` շնորհակալություն հայտնելով Մատենադարանին` ձեռագրերի նկատմամբ նման հոգատարություն ցուցաբերելու համար:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply