Տղամարդկանց առողջությունը կանանց ձեռքերում է
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | March 16, 2011 14:17
Տղամարդկանց առողջության հետ կապված բոլոր խնդիրներում կանայք են մեղավոր, հայտարարել են շվեյցարացի գիտնականները: Վաղուցվանից է հայտնի, որ տղամարդիկ հաճախ են հիվանդանում, քիչ ապրում, չնայած համարվում են մարդկության ուժեղ կես: Այս երևույթի բացատրությունը գիտնականները փնտրում էին ամենուր. և հորմոններում, և էվոլյուցիայի քմահաճույքներում, և հարբեցողության և նույնիսկ տղամարդկանց ուսերին ծանրացած պատասխանատվության մեջ:: Սակայն շվեյցարացիների վերջերս կատարած հետազոտություններն անսպասելի պարզ ու միևնույն ժամանակ հիմնավոր պատասխան տվեցին: Այն տղամարդիկ, ովքեր հաճախակի են հիվանդանում ու մահանում ժամանակից շուտ, պարզապես անհաջող են ամուսնացել, եվ տղամարդու առողջության հետ կապված բոլոր խնդիրներում իրականում մեղավոր է կինը: Ավելի ճիշտ` տղամարդու հիվանդության պատճառն անկիրթ ու ապաշնորհ կանայք են: Նրանց հաշվարկներով, այն տղամարդիկ, ում կանանց IQ միջինից բարձր է, ապրում են ավելի երկար ու բարեկեցիկ, ընդ որում, տղամարդու կրթությունն ու ինտելեկտը կապ չունեն դրա հետ, եթե նույնիսկ նա հանճարեղ ֆիզիկոս-ատոմագետ է, գրեթե միշտ նրա առողջության ղեկը կնոջ ձեռքին է: Ինչ վերաբերում է տղամարդու երկարակեցությանը, ապա ոչ մի արտառոց բան չկա դրանում: Պարզապես, խելացի կանայք հետևում են ամուսնու կենսակերպին, ավելի լավ են գլուխ հանում առողջ սննդից և հմտորեն կիրառում կենցաղում: Այսպես. տղամարդու կյանքը 5-10 տարի երկարաձգող հիմնական սկզբունքներից են` յուղոտ մսի սահմանափակումը, պարտադիր նախաճաշը, բանջարեղենի օգտագործումը, արագ սննդից հնարավորինս ձերծ մնալը, սուրճի և աղի չափավորումը, խոլեստերինի նորման, շատ շարժվելն ու մաքուր օդը, բավարար քունը:
Հետազոտությանը մասնակցած կանայք նույնպես նշել են, որ հաճախ են տղամարդկանց հիշեցնում ու մատնանշում առողջության համար վնասակար ռիսկերի մասին: Օրինակ` զգուշացնում են ամուսնուն, որ թաց գլխով չի կարելի դուրս գալ, եթե անբարենպաստ եղանակ է դրսում և ցուրտ: Կամ , չի կարելի հիվանդ մեջքով կահույք տեղաշարժել: Բացի այդ, խելացի կանայք պետք է մշտապես համոզեն ամուսիններին ասենք ամեն ընթրիքի հետ գարեջուր չխմել կամ էլ սենյակում չծխել: Մի խոսքով, բժիշկներն այնպիսի եզրահանգումներ են արել, որոնց մասին տեղյակ է յուրաքանչյուր երկրորդ կին: Տղամարդկանց մեծամասնությունը բացարձակ անզոր է, երբ բանը հասնում է առողջությանը: Նրանց գրեթե չեն հետաքրքրում առողջական հարցերը, ծայրահեղ անուշադիր են սեփական անվտանգության հարցերում, հաճախ պարզապես ծուլանում են պոլիկլինիկա զանգահարել: Այդ պատճառով էլ, նրանց կյանքի տևողության համար ողջ պատասխանատվությունն ընկնում է թույլ սեռի ներկայացուցիչների ուսերին: Ճիշտ է, շատ կանայք չեն կարողանում հետևել ամուսնու կենսակերպին և երբեմն իրենք են հետևում նրա բացասական օրինակին: Պետք չէ ամուսնուն սիրած ուտելիքներով անընդհատ բտել, ենթագիտակցորեն հետևելով`«ամուսնու սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով» սկզբունքին:






Facebook
Tweet This
Email This Post
