«Jethro tull»-ի համերգին. ֆլեյտայի բռռոցից ծյոծյաները տաքացան

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 4, 2009 11:40
0403-1

Յան Անդերսենը երևանյան բեմում

«Ջեթրո թալ»-ի` Երևանում մայիսի 22-ի միակ համերգին մազ էր մնում, որ ես լավագույն երկրպագու դառնայի, բայց բեմ նետված ու Յան Անդերսենի ոտքերն ընկած տղան խլեց այդ կոչումը ոչ միայն ինձնից, այլև մարզահամերգայինի` 2 հազարից ավել տեղով լեփ-լեցուն դահլիճից: Սափրած գլխով տղան, որ հետո պարզվեց` պարսկահայ է, դեռ համերգի սկզբից էր չսափրած գլխով հսկիչների ուշադրությունը գրավել: Սկզբում, քանի դեռ դահլիճը լուռ էր, մերթընդմերթ լսվում էին նրա սիրազեղ հառաչները, իսկ երբ սիգարետ կպցրեց, հսկիչները նրան դուրս տարան:

Վերադառնալուց հետո նա իր պոռթկումները սանձում էր հսկիչների մոտենալուց ու խելոք նահանջում: Հետո իրավապաշտպան Միքայել Դանիելյանը սեփական օրինակով դահլիճում հաստատեց բալետ անողների` մատները պարզած թռչկոտելու իրավունքը: Բայց Միկան, տեսնելով, որ թռչկոտելու իրավունքը սահմանն անցնում է« «չէ-չէ» գոռաց բեմ նետվող տղային, բայց չկարողացավ կանգնեցնել. լույսի արագությամբ «սափրագլուխը» հասցրեց շուլալվել Անդերսենի ոտքերին ու համբուրել դրանք, լույսի արագությամբ էլ հսկիչները նրան պոկեցին իր «մատուռից»: Դահլիճն, իհարկե, տղայի կողմից էր ու բուռն արձագանքով փարատեց երգչի դժգոհությունը:

«Ջեթրո թալ»-ի համերգը մի գիշերով Երեւանը դարձրեց տարածաշրջանի ռոք մայրաքաղաք: Չնայած հարևան Վրաստանում ռոքն ավելի տարածված է, ու ռոքի մշակութային քաղաքականությունը` ավելի զարգացած, այդուհանդերձ, նման առաջնակարգ ռոք խումբն առաջին անգամ Կովկասում հյուրընկալվում է հենց Երևանում: Ռոքի շատ սիրահարներ համերգին էին եկել Թուրքիայից ու Իրանից, իսկ միայն Վրաստանից 200-ից ավել հանդիսատես կար դահլիճում:

«Ջեթրո թալ»-ը կամաց-կամաց էր դահլիճը տաքացնում` հասցնելով նրան այնպիսի վերելքի, որ վերջում պայթեց, պարզվեց` նստարաններն ավելորդ են, ու բոլորը ոտքի կանգնած էին ռիթմերի տակ շարժվում: Անդերսենը` ֆլեյտան շուրթերին, ցատկոտում էր մի ոտքի վրա` մարմնավորելով ուրախ աստված Պանին` շվիի գյուտարարին, որ նվագում, պարում ու թռչկոտում էր նիմֆաների հետ հին հունական դիցաբանական անտառներում:

Առհասարակ, խմբի ստեղծագործությունը սնվում է ազգային ֆոլկլորից ու դիցաբանական պատումներից: Անդերսենը ֆլեյտայից այնքան ուրախություն, կիրք ու էներգիա քամեց, որ անգամ մեր զուսպ հանդիսատեսը` պատվարժան այրերն ու ծանրակշիռ ծյոծյաներն սկսեցին գլուխներն առաջ վեր ու վար անել:

Jethro Tull խումբը հիմնադրվել է 1968 թվականին John Evan Band և
McGregor’s Engine բլյուզ խմբերի միավորմամբ: Jethro Tull անվանվել է` ի պատիվ 18-րդ դարում ապրած մի անգլիացու, ով գյուղատնտեսության մեջ հայտնագործել է շարքացանը: Խումբը գործունեության 41 տարիների ընթացքում թողարկել է 40 ալբոմ` 60 միլիոնից ավել օրինակով, 2500 համերգներ է ունեցել 40 երկրներում: Այս տարի Jethro Tull –ը նախատեսել է 100 համերգային շրջագայություն:
Այժմ խումբն ունի 5 անդամ` Յան Անդերսեն`(ֆլեյտահար), Մարտին Բար (կիթառահար), Դեյվիդ Գուդիեր (բասկիթառիստ), Ջոն Օ’հարա (ակորդեոնիստ), Դոան Պերրի (հարվածային գործիքներ նվագող):

Ֆլեյտան չարաճճի երկխոսում էր ինքն իր հետ, քնքշանում, ապա բռբռում, մեղմ սահում, հետո վրա տալիս` ասես տիրական Պանի ու նվաղած նիմֆայի կրքահարույց, էրոտիկ խաղ, որ հրահրում էր դահլիճին մասնակցել այդ զրույցին: Չնայած մոլեռանդ երկրպագուի պաշտամունքն ու ագրեսիվ համբույրը Պան աստծո ոտքերին մի պահ ահաբեկեց Անդերսենին ու խախտեց աստղային անձեռնմխելիությունը, բայց «Ջեթրո թալ»-ն այնքան գոհ էր երևանյան ընդունելությունից, որ նամակով շնորհակալություն էր հայտնել եվրոպական մակարդակով կազմակերպչական աշխատանքի համար (նամակում նշել են նաև, որ իրենց դուր է եկել այն, որ Երևանում գրաֆիտի չկա):
Սակայն համերգի նախօրեին Տիկնիկային թատրոնում բրիտանական դեսպանության կազմակերպած հանդիպման մասնակիցները զարմացել էին, թե որքան ձեռնմխելի են լեգենդար աստղերը: Առանց լիմուզինների ու մեծամտության, հասարակ հագուկապով ու պարզ պահվածքով` նրանք մատչելի էին ու անմիջական զրույցի էին բռնվում ամեն մոտեցողի հետ: Սրամիտ ու կատակասեր ռոքերները հմայել էին բոլորին: Ճաշի սեղանին էլ, երբ խմբի միակ նոր անդամը` հարվածային գործիքներ նվագող երիտասարդ սևամորթը, լավ ախորժակ է ցուցադրել, Անդերսենը կատակով զգուշացրել է, որ էդքան քաղցր-մեղցր չուտի, թե չէ համերգի ժամանակ բիձա կոլեգաներով էդ սնունդի տված էներգիայի հետևից չեն հասնի:

Համերգի տված էներգիային հազիվ հասավ համերգի աջակիցներից վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ ինքնաթիռից իջել ու համալիր էր եկել ուշացած: Չնայած «Ջեթրո թալ»-ի էներգիան ինձնից էլ շատ էներգիա խլեց, ու կոկորդս երկու օր ցավում էր գոռգոռալուց, բայց ես էս ծյոծյա հալիս պատրաստ եմ կրկին ու կրկին ռոք սիրելու այդ փորձությանը ենթարկվել:

Դիտվել է 1797 անգամ:
Print Friendly

Leave a Reply