Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 16, 2011 12:56

Մարտի 16-ին արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանն ընդունեց  տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպմանը քննարկվեցին Սոչիում մարտի 5-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքները: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա հնարավոր կլինի առաջընթաց գրանցել բանակցային գործընթացում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  Մինսկի խմբի  համանախագահների ուշադրությունը հրավիրեց շփման գծում ադրբեջանական կողմից կազմակերպվող շարունակական սադրանքների եւ զինդադարի խախտումների վրա` նշելով, որ դրանք չեն նպաստում բանակցային գործընթացում դրական մթնոլորտի ձեւավորմանը եւ հավելեց, որ  եթե Ադրբեջանը համաձայնություն տար ընթացքում Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության կողմից վերջին երկու տարվա ընթացքում հնչող կոչերին` դուրս բերել դիպուկահարներին շփման գծից եւ ամրապնդել զինադադարի ռեժիմը, դա կնպաստեր խաղաղ գործընթացի առաջընթացին:

Զրույցի ընթացքում համանախագահները նախարարին ներկայացրեցին Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply