«Ր.Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել Հայաստանի բոլոր սովածների համար բոլոր կուշտերի անունից»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 16, 2011 14:06

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլը ահազանգ է  Հայաստանի անկախացումից հետո երկրի աննախադեպ ծանր վիճակի մասին,  կոչ կասեցնել Հայաստանի պետականության գահավիժումը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ կուսակցությունը սատարում է Հովհաննիսյանին:

«Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել նաև Հայաստանի բոլոր սովածների համար բոլոր կուշտերի անունից»,- ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով  Հովհաննիսյանի հացադուլի տարատեսակ մեկնաբանություններին:

Նշենք, որ «Ժառանգության» առաջնորդը մարտի 15-ին Ազատության հրապարակում  անժամկետ հացադուլ է հայտարարել:

Հակոբյանն ասում է, որ կուսակցության կարծիքով  իշխանության ձեռնարկած քայլերը համարժեք չեն ստեղծված իրավիճակին, իսկ  փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հուշագիրը վկայում է, որ «պետությունը շարունակելու է այսպես կոչված բարեփոխումները, որի արդյունքում է պետությունն այսօր այս ծանր իրավիճակում հայտնվել:  Այդ բարեփոխումները շարունակել նշանակում է ավելի խորացնել կոռուպցիան, որը հանրապետության ողնաշարը վերածել է ցանցաթաղանթի, արագացնել արտագաղթը, բռնադատել Հայաստանի քաղաքացու իրավունքները, ավելացնել քաղբանտարկյալների թիվը, գտնել մեխանիզմներ իշխանությունը վերարտադրելու համար»:

Հակոբյանը նշում է, որ իրենք առաջարկում են  մեխանիզմներ, որոնք կարող են նպաստել ստեղծված իրավիճակից դուրս գալուն:

Լավագույն տարբերակն, ըստ Հակոբյանի, այն կլինի, որ իշխանությունները գիտակցեն ստեղծված իրավիճակը և հասկանան, թե ինչ հետևանքներ կարող է այն ունենալ ու նախաձեռնեն արտահերթ ընտրություններ` թե խորհրդարանական, թե նախագահական: Այս դեպքում գլխավոր պայմանը կլինի ազատ և արդար ընտրությունները:

Մյուս տարբերակն այն է, որ ընդդիմությունը միավորվի, լսի հանրության պահանջը և իրականացնի իշխանափոխություն: «Ընդդիմադիր տրամադրությունը հասարակության մեջ բավարար է իշխանափոխություն իրականացնելու համար»,- ասում է Հակոբյանը:

Երրորդ տարբերակը, որը Հակոբյանն անցանկալի է համարում, սոցիալական ապստամբությունն է, որի սերմերը կան. դա կարող է անկառավարելի  վիճակ ստեղծել հանրապետությունում:

Սաֆարյանը, ներկայացնելով Հովհաննիսյանի հացադուլի առաջին օրվա դեպքերը, ասում է, որ ոստիկանությունը «անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել»:

«Մեր ոստիկանությանը հատուկ չէ անգամ հումանիզմի տարրական էլեմենտը. դրանում համոզվեցինք գիշերը»,- ասում է նա:

Սաֆարյանը պատմում է, որ  գիշերը, հաշվի առնելով ցուրտ և քամոտ եղանակը ու մտահոգվելով Հովհաննիսյանի առողջության համար, փորձել են նրա զբաղեցրած նստարանի հետևում փոքրիկ վրան խփել, որտեղ կկարողանար հանգստանալ: Ոստիկաններն արգելել են, նշելով, որ հացադուլավորը կարող է նստարանի վրա քնել, եթե ուզում է: Իսկ առավոտյան Հովհաննիսյանի կողմանկիցների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել, երբ ցանկացել են հացադուլի  վայրը փոխել` ընտրելով այլ նստարան, որը քամուց փոքրիշատե պաշտպանված է:

Հովհաննիսյանի քայլը, ըստ Սաֆարյանի, տեղին է ու նույնիսիկ ուշացած, քանի որ ամեն մի օրը կարևոր է երկրի պետականության պահպանման համար, երկիրը լքող ամեն քաղաքացին արժեք է: «Եթե երկիրը թողնեն այսպես սրնթաց գահավիժի, գուցե 2013-ին նախագահական ընտրությունների կարիք այլևս չլինի»,- ասում է նա:

Դիտվել է 1907 անգամ:
Print Friendly

Leave a Reply