Հայաստանը կմասնակցի Փարիզում կայանալիք Գրքի միջազգային սալոնին
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 16, 2011 10:45
Հայաստանը կմասնակցի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք Գրքի միջազգային սալոնին: Այն տեղի կունենա մարտի 18-21-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը, Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը:
Հայաստանից մասնակցելու են 40 հրատարակիչներ, որոնք կներկայացնեն շուրջ 250 գիրք: Դրանք վերաբերում են հայկական ճարտարապետությանը, Լեռնային Ղարաբաղին, Հայոց ցեղասպանությանը, կներկայացվեն հայոց մեծերի մասին պատմող գրքեր, մանկական գրականություն եւ այլն:
Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն 11 գրքերի շնորհանդեսներ: Նախատեսվում է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի այցելությունը, իսկ ֆրանսահայ գրող Սոֆիա Օդուին-Մամիկոնյանը կներկայացնի իր ժողովածուները: Հայաստանը Փարիզի գրքի միջազգային սալոնին այս տարի առավել ընդգրկուն ձեւով է մասնակցում, դա կատարվում է Հայկական գրատպության 500-ամյակին ընդառաջ: Գ. Դուրգարյանը նշեց, որ ներկայացվելու են բազմաթիվ բուկլետներ, պաստառներ:






Facebook
Tweet This
Email This Post
