Ապրիլի 1-ից Երեւանի քաղաքապետարանում աշխատավարձերը կբարձրացվեն, իսկ մանկապարտեզները կդառնան անվճար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 15, 2011 17:19
Երեւանի ավագանու խորհուրդն այսօր՝ մարտի 15-ի նիստում փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, ըստ որի քաղաքապետարանի թվով 1744 հաստիքային միավորների աշխատավարձերը ապրիլի 1-ից կբարձրանան 50 հազար դրամով, իսկ վարչական շրջանների ղեկավարներինը՝ 45 հազար դրամով:
Աշխատակիցների պարգեւատրման տարեկան ֆոնդը սահմանվել է ամսական աշխատավարձի ֆոնդի 10 տոկոսի չափով: Ըստ Կարեն Կարապետյանի, աշխատավարձերի բարձացումը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Մենք փորձում ենք կոռուպցիոն ռիսկերը քաղաքապետարանում նվազեցնել եւ շատ լավ հասկանում ենք, որ առանց վարձավճարի փոփոխության, դա իլյուզիա է: Որոշակի ձեւով արդարությունը վերականգնում ենք աշխատակազմի նկատմամբ»,- ասել է նա:
Այս որոշման փոփոխությամբ ապրիլի 1-ից անվճար են դառնալու նաեւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր մանկապարտեզները:
«Կարծում եմ, պրինցիպիալ որոշում է, քանի որ տրադիցիոն ցենզ էր ձեւավորվել, տարբեր մոտեցումներ էին տարբեր վարչական շրջաններում, 0-ից մինչեւ 8 հազար դրամ: Այսօր բոլոր մանկապարտեզներում 25 հազար երեխա է, մենք կարծում ենք, այս որոշումը փոփոխելուց հետո երեխաների քանակը մանկապարտեզներում գուցե շատանա»,-ասել է Կարապետյանը:
«Ճիշտ է, դա բերելու է լրացուցիչ ծախսերի, բայց ինձ թվում է, վերջիվերջո մենք կարողանալու ենք կառավարության հետ գալ ընդհանուր հայտարարի, որ յուրաքանչյուր երեխայի ծախսը հաստատուն ծախսերի նվազեցման հաշվին բերելու է ավելի տրամաբանական թվերի: Մենք հետեւելու ենք, որ ծախսային բանաձեւերը մանկապարտեզում լինեն օպտիմալ»,-վստահեցրել է քաղաքապետը:






Facebook
Tweet This
Email This Post
