Էնթնի Բյորջերսի նոր պատմվածք գրելուց 46 տարի անց
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | March 17, 2011 13:05
Վերջերս բրիտանացի գրող Էնթնի Բյորջերսի անտիպ պատմվածք է գտնվել: Ընթերցողներին Էնթնի Բյորջերսը ծանոթ է իր «Լարովի նարինջ» գրքով, իսկ կինոսերները տեսած կլինեն 1971 թ. Սթենլի Կուբրիկի նկարահանած համանուն ֆիլմը, որից հետո ճանաչված դարձավ այդ ստեղծագործությունը: Զարմանալի չէ, որ հետագայում Բյորջերսին բառիս բուն իմաստով նույնացնում էին «Լարովի նարնջին», բայց նրան դուր չէր գալիս միայն այդ գործի հեղինակը համարվելը: Եվ այնքան էլ անտեղի չէր նրա վրդովմունքը. նա ավելի քան 50 գրքի հեղինակ էր:
Բրիտանացի գրող Էնթնի Բյորջերսը ծնվել է 1917 թ. փետրվարի 25-ին Մանչեստր քաղաքում: Գրողը զբաղվել է նաև գրականագիտությամբ` ուսումնասիրելով Ուիլյամ Շեքսպիրի և Ջեյմս Ջոյսի ստեղծագործությունը, լրագրությամբ, երաժշտությամբ` ստեղծելով սիմֆոնիաներ, բալետ և օպերա:
Նա ստեղծագործական բուռն կյանք է ունեցել, սակայն մի հետաքրքիր և ճակատագրական միջադեպ է հատկապես փոխել նրա կյանքի ողջ ընթացքը: 1959 թ. Բյորջերսը դասավանդում էր, և հերթական դասերից մեկից հետո կորցնում է գիտակցությունը: Բժիշկներն ախտորոշում են գլխի ուռուցք և հայտնում, որ նրան մնացել է ապրելու մինչև մեկ տարի: Սա մի տեսակ խթանող գործոն դարձավ, Բյորջերսը սկսեց ակտիվորել զբաղվել գրականությամբ: Նա հրատարակել է ավելի քան 50 գիրք, բազմաթիվ հոդվածներ, նույնիսկ կեղծանունով գրախոսել է սեփական պատմվածքները: Եվ բժշկի վճռին հակառակ՝ մահացել 1993 թ. նոյեմբերի 22-ին, Լոնդոնում, թոքերի քաղցկեղից` ապրելով 76 տարի:
Նորահայտ պատմվածքը վերնագրված է «Լավ կլինի, եթե» և պատմում է երկու կնոջ մասին, որոնք փորձում են տարո քարտերի միջոցով կանխագուշակել ձիարշավի արդյունքները: Պատմվածքը հեղինակի արխիվից հայտնաբերել է Էնթնի Բյորջերսի միջազգային հիմնադրամի նախագահ Էնդրյու Բիսուելը: Վերջինս նշում է, որ11 էջանոց հրաշալի պատմվածքը ցույց է տալիս հեղինակի` որպես արձակագրի վարպետությունը և յուրահատուկ սերը դեպի միստիցիզմը:
Էնթնի Բյորջերսի կենսագրությունից հայտնի է դառնում, որ նա շատ է հետաքրքրվել աստղագուշակներով, տարո քարտերով և երազներով: Իր ինքնակենսագրականում գրողը գրում է, որ իրեն հաջողվել է կանխագուշակել 1963 թ. Քենեդիի սպանությունը: Թե որքանով է սա համապատասխանում ճշմարտությանը, մնում է ենթադրել, սակայն այս դրվագը միանշանակ ապացուցում է հեղինակի լուրջ հետաքրքրվածությունը տարոյով: Բյորջերսի մահից հետո նրա անձնական իրերի մեջ եղել է տարո քարտերի յոթ տրցակ, որոնցից մեկը նկարել է գրողը:
Ենթադրաբար, պատմվածքը գրվել է 1965 թ., սակայն այդպես էլ չի տպագրվել: Գրականագետների կարծիքով` դրա պատճառը Բյորջերսի այն ժամանակ ոչ այնքան հայտնի լինելն է, ոչ թե պատվածքի անհաջող լինելը: Բիսուելի եզրակացությամբ, այն վստահորեն կարելի է համարել գրողի լավագույն պատմվածքներից մեկը:
Ինչևէ, արդեն կայացել է պատմվածքի առաջին ընթերցումը BBC Radio 3 ռոդիոկայանով, իսկ 2013 թ. լույս տեսնելիք պատմվածքների ժողովածուի մեջ կընդգրկվի նաև այս ստեղծագործությունը:
Սոնա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
